ՊՆ նախկին շենքի բնակիչների խնդրով Թագուհի Թովմասյանը դիմել է ԱՍՀ նախարարին
ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ: Որքան էլ ՀՀ ՊԵԿ-ը պնդում է, որ տարածքը պետական է և մարդիկ պետք է լքեն այն, ամեն դեպքում պետությունը պարտավոր է նախ նրանց ապահովել պատշաճ կացարանով և միայն նոր հարկադրաբար հեռացնել տարածքից: Այս մասին գրում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նրա խոսքով, իր հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետները ոստիկանական ողջ գործողությունների ընթացքում եղել են ՊՆ նախկին վարչական համալիրի տարածքում, արձանագրել իրավիճակը:
"Արդեն գրեթե երկու շաբաթ է՝ ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակվող անձինք՝ ընտանիքներով, որոնց մեջ են անչափահաս երեխաներ, ձմռան ցրտին բնակվում են վրանային պայմաններում։ Համալիրի տարածքում բնակվող անձանց շարքում են գործող և նախկին զինվորականներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, ծերեր, կանայք, մանկահասակ երեխաներ։ Արդեն իսկ առկա են դեպքեր, երբ ծերերի և անչափահասների շրջանում նկատվում են հիվանդացության դեպքեր։
Խնդրի վերաբերյալ դիմել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ պահանջելով հստակ պարզաբանում.
ի՞նչ ժամկետներում է նախատեսվում լուծել ՊՆ նախկին շենքի բնակիչների կացարանի հարցը,
որտե՞ղ են նախատեսում տեղափոխել անօթևան դարձած քաղաքացիներին,
արդյո՞ք գործում է նախարարության կողմից նշած վարձավճարի փոխհատուցման ծրագիրը, եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում և ի՞նչ պայմաններով:
Դիմել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ խնդրելով հնարավորություն ստեղծել ՀՀ ՊՆ նախկին շենքի տարածքում բնակվող անձանց վերադառնալու վարչական համալիրի տարածքում գտնվող իրենց նախկին բնակության վայր՝ մինչև իրավասու մարմնի կողմից վերջիններիս կեցավայրի հարցի լուծումը։
Քաղաքացիների ահազանգերի հետքերով գրություն եմ ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարին, փոխանցել վերջիններիս մտահոգությունն առ այն, որ իրենց՝ սեփականության իրավունքով պատկանող գույքը ոչնչացվել կամ անհայտացել է, իրենց նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք։
Նախարարից պահանջել եմ կատարել անհրաժեշտ քայլեր՝ հակաիրավական արարքներ կատարած ոստիկանների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար՝ արդյունքների մասին տեղեկացնելով ինձ։
Ակնկալել եմ նաև պարզաբանում, թե ինչ իրավաչափ պահանջով է պայմանավորված, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները արգելում են տարածքում երկրորդ վրան տեղակայելը, իսկ եթե նման պահանջ չկա կամ այն իրավաչափ չէ, խնդրել եմ արգելք չհանդիսանալ քաղաքացիների կողմից տարածքում վրաններ տեղակայելուն՝ մինչև իրավասու մարմինների կողմից քաղաքացիների կացարանի հարցի լուծումը։
Հետևողական եմ լինելու հարցի համապարփակ կարգավորմանը. մարդկանց իրավունքները չպետք է խախտվեն",- գրել է Թովմասյանը: