Քննարկվել է Ռազմական դրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ հերթական քննարկումը:
Քննարկումը կազմակերպվել էր հանրային սեկտորի ներկայացուցիչների, ինտերնետ կապի օպերատորների, մեդիափորձագետների, մասնագետների դիրքորոշումը լսելու համար, ովքեր այս կամ այն ձևաչափով իրենց կարծիքն են արտահայտել նախագծի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սիսակ Գաբրիելյանը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի, Պաշտպանության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:
Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է նշված կառույցների, ինչպես նաև հանրային սեկտորի ներկայացուցիչների հետ կարծիքներով փոխանակվելու, արդյունքում ներկայացված բոլոր դիտարկումները հավաքագրելու, ինչպես նաև նախագծի վերաբերյալ առարկություններն ու առաջարկությունները հաշվի առնելու և նախագիծը լրամշակելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախագծերով առաջարկվող կարգավորումների արդյունավետությունը, նախագծերի ընդունման պայմաններում ակնկալվող հետևանքների շրջանակը և մի շարք այլ հարցեր: