Անցնող տարին կարող ենք համարել ամենաբարդը ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների համար. միջազգայնագետ
Անցնող տարին լի էր հակասական իրադարձություններով, ասում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ VERELQ-ի հետ զրույցում ամփոփելով անցնող տարին:
"2022թ սկզբին իբրև ՀԱՊԿ նախագահող երկիր Հայաստանը ստորագրեց որոշում՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորագունդ ուղարկելու մասին։ Սա ինքնին աննախադեպ երևույթ էր, քանի որ նման կոնտինգենտ առաջին անգամ էր կիրառվում։ Սրանով կարծես հույս արթնացավ, որ Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում նման զորախումբ կլինի նաև Հայաստանում։ Սակայն սեպտեմբերին ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ նման զորախումբ Հայաստան չժամանեց։ Գործող իշխանությունը բառախաղի միջոցով փորձեց ներկայացնել, թե իրենք ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ հոդվածով են դիմել, սակայն ՀԱՊԿ-ը չի արձագանքել կամ չի օգնում։ Մինչդեռ պարզվեց, որ սկզբում դիմում արվել է 2-րդ հոդվածով, հետո նոր այն դարձել է 4-րդ։ Ընդհանրապես անցնող տարի ՀԱՊԿ թեման կարծես չիջավ հայկական մամուլի էջերից։ Եվ անցնող տարին կարող ենք համարել ամենաբարդը ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների համար",- նշում է նա։
Բալասանյանը հիշեցնում է, որ անցնող տարվա ընթացքում ժամկետից շուտ, որը գրված էր նոյեմբերի 9-ի արձանագրությունների մեջ, հանձնվեց Բերձոր քաղաքը նոր ճանապարհի դիմաց, որը կառուցեց Ադրբեջանը։ Եվ այսօր այդ կարճատես քաղաքականության արդյունքում Լաչինի միջանցքում կա խնդիր։
Հաջորդ կարևոր արձանագրումը՝ Հայաստանը դարձավ արևմտյան երկրների ուշադրության թիրախ.
"2022թ Հայաստան ժամանեցին արևմտյան հատուկ ծառայությունների միանգամից երկու բարձրաստիճան ներկայացուցիչ։ Նախ, ամռանը Հայաստան ժամանեց ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (CIA) ղեկավարը, իսկ օրեր առաջ Հայաստանում էր բրիտանական գաղտնի հետախուզության (Mi 6) ղեկավարը։ Սա աննախադեպ երևույթ է։ Սա նշանակում է, որ տարածաշրջանում իրավիճակը գնալով լարվում է և արևմտյան հատուկ ծառայություններին հետաքրքիր է Հայաստանի կարծիքն ու դիրքորոշումը",- նշում է Բալասանյանն ու մատնանշում 2 պատճառ՝ կա՛մ թիրախում Ռուսաստանն է և այստեղ Հայաստանը կարևորվում է իբրև ՌԴ ռազմաքաղաքական դաշնակից, կա՛մ թիրախում Իրանն է և այս առումով կարևորվում է ՀՀ-Իրան պետական սահմանը։
"Ամեն դեպքում մենք շատ զգույշ պետք է լինենք, քանզի բրիտանացիները, լինելով խարդավանք ստեղծելու հրաշալի վարպետներ, կարող են ուղղակի սպառնալիքի տակ դնել մեր պետության գոյությունը",- հավելեց մեր զրուցակիցը։
Լիա Խոջոյան