Դաշտը սպասման մեջ է. Որո՞նք են լինելու կառավարության ծրագրի հիմնական շեշտադրումները
Ըստ շրջանառվող լուրերի՝ հոկտեմբերի 17-ին Ազգային Ժողովը արտահերթ նիստում կքննարկի Կառավարության ծրագիրը, որի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 23-ն է:
Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության ծրագրի հիմնական շեշտադրումները, կարելի է ասել, հայտնի են՝ խնայողություն, անարդյունավետ ծախսերի և ծրագրերի կրճատում, բիզնես միջավայրի զարգացում և սոցիալական բեռի թեթևացում: Այս ամենը միտված է լինելու Հայաստանի «չափազանց ծանր վիճակում հայտնված տնտեսության» փրկությանը: Դեռ մեկ ամիս առաջ, նշանակման պահին, Կարապետյանը հայտարարել էր, որ ներկայացվելիք ծրագիրը բաղկացած է լինելու երկու փուլից՝ հնարավոր արագ փոփոխություններով, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, և երկրի հեռանկարային զարգացման տեսլականով:
Անցած ժամանակահատվածում նա, ինչպես և հայտարարել էր, բազմաթիվ հանդիպումներ ունեցավ տարբեր ոլորտների ու բնագավառների ներկայացուցիչների հետ, այնպես որ առաջիկայում կտեսնենք՝ արդյո՞ք նրանց առաջարկությունները տեղ գտել են ծրագրում, թե ոչ: Դատելով պաշտոնական հաղորդագրություններից՝ կարելի է որոշակի պատկերացում կազմել կառավարության ծրագրի թիրախավորումներից: Օրինակ, կարող ենք ասել, որ առանձնահատուկ թիրախավորվելու է բիզնես միջավայրի զարգացումը, որը կնպաստի օտարերկրյա ներդրումների աճին: Վարչապետ Կարապետյանը վերջին հանդիպումներից մեկում հայտարարել էր, որ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու ուղղությամբ և ավելացրել, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործադիրն՝ ի դեմս նոր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, մտադիր է բիզնես հատվածի համար ստեղծել համապատասխան հարթակ՝ ներդրումային նոր ծրագրերի ներգրավման և իրականացման նպատակով: Այդ կոնտեքստում նա նաև անոնսել էր առաջիկայում մշակվելիք ներդրումային ծրագրերի փաթեթը՝ տեխնիկատնտեսական հիմնավորումներով, որոնք առաջարկելու են արտաքին աշխարհին:
Գործարարությանն աջակցելու թեման ի սկզբանե Կարեն Կարապետյանի թիրախում էր: Ամենագլխավորը, որ հիմքում է՝ հավասար դաշտ բոլորի համար: Իսկ դա ենթադրում է բոլոր ընթացակարգերի դյուրացում, բյուրոկրատական քաշքշուկի վերացում, գործարար աշխարհ մուտքի հեշտացում և աջակցություն արդեն այդտեղ գտնվողներին: Այդ մասին վարչապետը խոսել է նաև այսօր, ՊԵԿ նոր նախագահին ներկայացնելիս, ինչն իր հերթին ազդարարում է այս ոլորտում փոփոխությունների նոր սկիզբը: Հիմնական շեշտադրումը՝ հրաժարվել բոլոր այն միջոցառումներից, որոնք թեկուզև կարող են մեծ օգուտ բերել, բայց սպիտակ դաշտում աշխատողի համար խնդիրներ են առաջացնում:
Հաջորդը՝ իրականացնել հսկիչ գների վերանայում: Ըստ Կարեն Կարապետյանի, անհրաժեշտ է վերանայել դրանց կիրառման մեխանիզմն ապրանքների ներմուծման ժամանակ, կիրառել ապրանքների մաքսային արժեքների հաշվարկի համար գործարքի գնի մեթոդը՝ հիմք ընդունելով արտահանող երկրի մաքսային մարմինների կողմից հաստատված արտահանման ինվոյսը: Հստակ սահմանել այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ արժանահավատություն կա և ընդունել այնտեղի ինվոյսի գինը: Այսպիսով, ըստ գործադիրի ղեկավարի, քաշքշուկը վերանում է, հսկիչ գների կիրառման դաշտը փոքրանում է, բիզնեսը հասկանում է խաղի կանոնները, ինչն էլ կտա դրական արդյունք:
Անխոս, կառավարության գործունեության ծրագրի հիմքում նաև սոցիալական բլոկի կարևորումն է լինելու: Իր առաջին ելույթներից մեկում վարչապետը հանձնարարեց համապատասխան մարմիններին քննարկել էլեկտրաէներգիայի և գազի սակագների էժանացման հարցը, այնուհետ հետողորմյա արեց սոցփաթեթի հետ կապված սահմանափակումը, որ դժգոհություն էր առաջացրել հանրության շրջանում: Վարչապետի կողմից այս խնդիրների շեշտադրումը միտված է ապացուցելու, որ սոցիալական բեռի թեթևացմանը միտված միջոցառումները առանցքային են լինելու գործադիրի համար, դե իսկ արդյունքներին սպասենք:
Մնում է ավելացնել, որ տնտեսագետներն ու փորձագետները, որոնք այնքան էլ լավատես չեն երկրի ապագայի առումով, շունչները պահած սպասում են ծրագրի հրապարակմանը: Մինչ այդ որևէ մեկը որևէ կանխատեսում չի ուզում անել, ինչն ուղղակիորեն կապված է Կարեն Կարապետյանի գործոնով. վերջինս փոփոխություն է քաղաքական դաշտում, իր հետ փոփոխություններ բերեց այդ դաշտ, անկախ նրանից, որ այս պահի դրությամբ դրանք դիտարկվում են իբրև լոկ կոսմետիկ: