Տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳՆ-ների միջև
Հոկտեմբերի 20-ին Լիսաբոնում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, իսկ պորտուգալական կողմից՝ Պորտուգալիայի ԱԳՆ Եվրոպական հարցերի դեպարտամենտի ղեկավար Պաուլո Սանտոշը:
Խորհրդակցություններին մասնակցում էր նաև Պորտուգալիայում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։
Ընդգծելով, որ այս տարի նշվում է հայ֊պորտուգալական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը՝ կողմերը հանգամանալից քննարկեցին երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ գործընկերությանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկմանը և Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումների գործընթացներին։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր, մտքեր փոխանակվեցին ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու և թիրախավորված նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտության շուրջ։ Երկուստեք կարևորվեց նաև միջազգային հարթակներում շարունակական համագործակցությունը։