25.11.2024
«Tempi». Հայկական կողմի համար Ղարաբաղի ինքնորոշման հարցը փակված է
prev Նախորդ նորություն

EurasiaNet. Ադրբեջանական տնտեսությունը կազմաքանդվում է

«Ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանի իշխանությունները տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսեցին Եվրոպայի Գրան պրին Բաքվում կազմակերպելու համար, որը, քննադատների կարծիքով, ժողովրդին ոչ մի բան չտվեց, բացի ադրբեջանական ղեկավարության փառասիրական ձգտումներին բավարարում տալուց, ովքեր արժանացան միջազգային ուշադրության»,- այսպիսի կարծիք է հայտնում ամերիկյան հեղինակավոր EurasiaNet-ը՝ անդրադառնալով ադրբեջանական տնտեսության ներկա վիճակին:

Ըստ հրապարակման, ներկայումս ադրբեջանական տնտեսությունն ունի լուրջ դժվարություններ եւ կարող է պարզապես հայտնվել անդունդի մեջ: «Այն, որ տնտեսությունը Ադրբեջանում գտնվում է ոչ լավ վիճակում, վկայում է նաեւ այն հանգամանքը, որ սկսած օգոստոսի վերջից ադրբեջանական տեղական կոմերցիոն բանկերը դադարեցրին արտարժույթի վաճառքը: Մասնավորապես, դադարեցվեց ԱՄՆ դոլարի վաճառքը»,- գրում են պարբերականի վերլուծաբանները:

«Դոլարի պահանջարկը կտրուկ բարձրացավ, եւ արդյունքում շեշտակի անկում ապրեց մանաթը: Առաջացավ մտավախություն, որ սկսած 2015-ի ձմռանից Կառավարությունը կիրականացնի ազգային արժույթի թվով երրորդ դեվալվացիան»: Այսպես՝ 2014-ի սեպտեմբերին մանաթի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմում էր 0,78 մանաթ մեկ դոլարի դիմաց: 2016-ի սեպտեմբերի յոթի դրությամբ փոխարժեքն ունի հետեւյալ պատկերը` 1,66 մանաթ մեկ դոլարի դիմաց: Սակայն առկա վախերը միայն մանաթի փոխարժեքի հետ կապված չեն: Խնդրահարույց է նաեւ պետության ֆինանսական վիճակը:

Վերջին մի քանի տարիներին Իլհամ Ալիեւի վարչակազմը Եվրասիայի ամենից ռեպրեսիվ ֆինանսա-տնտեսական քաղաքականություն վարող իշխանություններից մեկի համբավը վաստակեց իր գործողությունների պատճառով, ինչը նախ եւ առաջ արտահայտվեց երկրում տեղեկատվության խիստ հսկողություն սահմանելով, որով դժվարացավ երկրի ֆինանսական իրական հնարավորությունների մասին արժանահավատ գնահատակններ տալը: Սակայն նույնիսկ առկա ինֆորմացիան բավարար է հասկանալու համար, որ պետական բնուջեն սկսում է ճեղքեր տալ հիմնական ուղղություններում: Fitch Ratings-ի տվյալներով՝ ադրբեջանական իշխանությունները դադարեցրել են հիմնական ենթակառուցվածքային կապիտալ բոլոր ծրագրերի ֆինանսավորումը` հույս ունենալով խնայողություններով լրացնել պետական գանձարանի բացը:

Պարբերականը գրում է, որ միայն այս ամիս մանսավորեցման գործընթացի միջոցով, ըստ Ադրբեջանի ֆինանսնաերի նախարար Սամիր Շարիֆովի հայտարարության, Կառավարությունը հույս ունի 100 միլիոն մանաթ կամ ավելի քան 60 մլն ԱՄՆ դոլար բերել պետական գանձարան: Սեպտեմբերի 14, 20 եւ 26-ին նշանակված են պետգույքի մասնավորեցման աճուրդներ, որով կմասնավորեցվի 191 օբյեկտ: Ուշագրավ է, որ դրանց մեկնարկային արժեքների մասին տեղեկատվություն չկա: Բաքվում ստեղծվել է նման աճուրդների հատուկ կայք: Նախատեսվում է, որ աճուրդները պետգույքի մասնավորեցման մասով կանցկացվեն նաեւ օնլայն-աճուրդի եղանակով: Սա, վերլուծաբանների կարծիքով, թիվ մեկ ապացույցն է այն բանի, որ պետական ֆինանսները սկսել են «խռխռալ»:

«Ադրբեջանի տնտեսական խնդիրների հիմնական պատճառն էներգակիրների կտրուկ գնանկումն է, ինչի արդյունքում էականորեն նվազել են պետության եկամուտները նավթի եւ գազի արտահանումից»,- գրում է EurasiaNet-ը` վերլուծելով ադրբեջանական տնտեսության հնարավոր կոլապսի հավանականությունը: Առավել էական քայլը աճող դժվարությունների լուծման ճանապարհին, որը կատարեց Ալիեւի վարչակազմը, Ֆինանսական կայունության խորհրդի ստեղծումն էր: Սակայն իր գոյության ավելի քան երկու ամիսների ընթացքում այդ կառույցը չկարողացավ հասնել ֆինանսական կայունության եւ կարեւոր արդյունքների: Կրճատվող պետական եկամուտների ֆոնին որոնք կապված են էներգետիկ սեկտորում առկա խնդիրների հետ, պետության տնտեսությունը ընթացիկ տարվա առաջին կիսամյակին կրճատվել է 5,4% տոկոսով անցյալ տարվա համեմատությամբ, իսկ սղաճը կազմել է 12%:

Ֆինանսական խնդիրների բախվել է ոչ միայն կառավարությունը և պետական սեկտորը առհասարակ. մասնավոր ընկերությունները եւ երկրի պարզ քաղաքացիները եւս դժվարությամբ են կարողանում ծայրը ծայրին հասցնել: Ըստ Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ժամկետանց վարկերի եւ փոխառությունների ծավալը ադրբեջանական բանկային համակարգում աճել է 15% եւ հասել 1,53 միլիարդ մանատի կամ 1 միլիարդ դոլարի: Որոշ հաշվարկներով ուշացված կամ չկատարված պարտավորությունները կազմում են Ադրբեջանի բանկային կապիտալի մեկ երրորդը: Պետությունը եւս հասկանում է այն վիճակը, որը ստեղծվել է, եւ ստիպված է իր բավականին մեծ ծավալի ֆինանսական պահուստները բացել առկա բացը լրացնելու համար: Մասնավորապես ներկայումս, պարզ ասած, Ադրբեջանն ուտում էր Պետական Նավթային ֆոնդի եւ ԿԲ պահուստային միջոցները, իսկ դրանք ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկի դրությամբ կազմում են 4,19 միլիարդ ԱՄՆ դոլար ԿԲ համար, այն դեպքում, երբ երկու տարի առաջ այդ ծավալը կազմում էր 15,19 միլիարդ դոլար:

Հիմնական միջոցները ծախսվեցին մանաթի արժեզրկումը կանխելու միջոցառումների վրա, որոնք ի դեպ ըստ պարբերականի վերլուծաբանների, ձախողված կարելի է համարել: Նույնն է վիճակը նաեւ Պետական Նավթային հիմնադրամում: Ինքինին հասկանալի է, որ ուզած-չուզած կառավարությունը կանգնելու է ցավոտ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության առաջ: Սպասվում է, որ նավթի եւ գազի գները, որոնք պետական եկամուտների հիմնական մասն են կազմում, կմնան նույն մակարդակի վրա, իսկ այդ դեպքում, նույնիսկ արդյունահանման ծավալների ավելացման դեպքում եկամտային մասը չի փոփոխվի խիստ կերպով: EurasiaNet-ը գտնում է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը տնտեսության ազատականացումն ու դիվերսիֆիկացիան է հանուն էներգակիրների արտահանման կախվածության նվազման: «Սակայն սա կբերի նրան, որ Ալիեւը ստիպված կլինի վերանայի իր բռնատիրական կեցվածքը, ինչին Բաքվում պատրաստ չեն».- ամփոփում է EurasiaNet-ը: