25.11.2024
Թուրքիան մտադիր է ծանր հարվածային անօդաչուներ արտադրել
prev Նախորդ նորություն

«Tempi». Հայկական կողմի համար Ղարաբաղի ինքնորոշման հարցը փակված է

Հայկական կողմը պատրաստ է քննարկել փախստականների եւ հողերի հարցը, բայց ինքնորոշման հարցը նրա համար քննարկման առարկա չէ: Այդ մասին գրում է լրագրող Ռոդոլֆո Կազադեին իտալական «Tempi» թերթում հրապարակված հոդվածում:

Հոդվածում, մասնավորապես, նշված է. «Ավերածությունների հիմնական վայրերը վերականգնված են, բայց նրանք, որոնք առաջնագծին մոտ են, մնացել են որպես ավերակների եւ չմշակված դաշտերի հերթագայություն:

«Այս դիրքը, որ տեսնում եք, ցրիվ է եկել տանկային համազարկից», – ասում է զինվորը: Մենք մանր անձրեւի տակ ենք կանգնած, որը կաթկթում է նրա սաղավարտին: «Մենք նույնիսկ վիրավորներ չունեինք, որովհետեւ մեր մի մասը բունկերում էր, իսկ ժամապահները` հեռավոր խրամատներում: Մենք անմիջապես պատասխան կրակ բացեցինք», - ասում է նա:

Վերջին 22 տարում հրադադարի ռեժիմի խախտումները, գրեթե միշտ` ադրբեջանական կողմից, հազարներով են հաշվվում: Դրանք երկու կողմից տասնյակ մահերի են հանգեցրել: Բայց ապրիլյան գրոհի նման գրոհ չէր եղել:
Ղարաբաղում ամենուր կարելի է խաչ եւ խաչելություն տեսնել: Եվ ոչ միայն նրա համար, որ այստեղ է գտնվում հայկական մի քանի հնագույն վանք եւ եկեղեցի: Շատ կանայք խաչելությամբ կախազարդ են կրում: Արտաքին գործերի նախարարության սպասասրահում որմնանկարը պատկերում է թուրը ձեռքին Աստվածամորը խաչված Քրիստոսի մոտ: Աթեիզմի 70 տարին չի մարել հայերի հավատը, բայց փոխել է նրանց ընտանիքները: Այսօր երկրում ծնելիության գործակիցը 1,38 է, գործնականում նույնպիսին, ինչպիսին Իտալիայում:

«Բայց սա կրոնական պատերազմ չէ», - կրկնում են Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Մերձավոր Արեւելքում Լեռնային Ղարաբաղի դեսպան Կարո Քաբաբջյանը, Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Որպես հակամարտության լուծման խոչընդոտ, նրանցից ոմանք նշում են ադրբեջանցիների բացառիկ ազգայնականությունը եւ ալիեւյան վարչակարգի քաղաքականությունը, որը 23 տարի երկրում պահում է բացարձակ իշխանությունը: Ուրիշները, ինչպես օրինակ Քաբաբջյանը, ապրիլյան իրադարձությունների պատճառ են համարում Էրդողանի մասնակցությամբ պանթուրքական նոր նախագիծը:

Հայերը պատրաստ են քննարկել հակամարտությունը եւ փախստականների եւ ներքին տեղահանվածների հարցերը (724 հազար ադրբեջանցի եւ 413 հազար հայ), տարածքի մի մասի վերադարձը, բայց նրանց համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը քննարկման ենթակա չէ»: