VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ իշխանությունների հրաժարականի պահանջով պայքարի ելած ընդդիմադիրները տարիուկես է՝ պարբերաբար պայքարի մարտավարություն են փոխում։ Մե՛կ միասնական են, հետո ապակենտրոն պայքար են հայտարարում, ինչ-որ պահի ԱԺ-ն էր դարձել պայքարի թատերաբեմ։ Փորձում են պայքարել գրված ու չգրված մեթոդներով, բայց Փաշինյանն ու իր թիմն այնքան ամուր են կառչած աթոռներից, որ ցանկացած մարտավարություն ու գործիքակազմ անզոր է նրանց դեմ։ 2 ամիս առաջ՝ ապրիլի 17-ին, ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն առաջինն էր, որ Ազատության հրապարակում նստացույց սկսեց եւ պայքարի մեկնարկը տվեց։ Մի քանի օր անց հրապարակը դարձավ պայքարի օջախ․ մի կողմում Վանեցյանն էր՝ իր թիմով, մյուս կողմում «Սեւ հովազ» ջոկատն էր՝ Ռուստամ Գասպարյանի եղբոր գլխավորությամբ։ 44-օրյա պատերազմի մասնակից տղաները սկսեցին հացադուլ անել, 5165 շարժումը՝ միտինգներ, զոհվածների ծնողներն ու հարազատներն էին եւ մեծ թվով տարբեր մարդիկ՝ նախկին պաշտոնյաներ, մտավորականներ։ Ապրիլի 23-ից պայքարին միացավ խորհրդարանական ընդդիմությունը՝ պայքարի համակարգումը ստանձնեց Իշխան Սաղաթելյանը։ Մայիսի 1-ի մեծ հանրահավաքից հետո շարժումը կենտրոնացավ Ֆրանսիայի հրապարակում՝ վրաններ խփեցին։ Մեկուկես ամսվա պայքարից հետո դիմադրության շարժումը բացեց Ֆրանսիայի հրապարակը եւ այլ մարտավարություն որդեգրեց՝ վերադառնալով ելման դիրքեր։ Մեր տեղեկություններով, Արթուր Վանեցյանը, որը պայքարի վերջին փուլին չէր մասնակցում, այսօր հանդես է գալու հայտարարությամբ՝ իր սկսած պայքարը շարունակելու մասին՝ առանձնանալով դիմադրության շարժումից։ Չի բացառվում, որ նա անդրադառնա նաեւ մանդատի հարցին եւ հայտարարի այն վայր դնելու մասին»:
«Իրավունք» թերթը գրում է. «Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը: Որոշ շշուկների համաձայն` սա պայմանավորված է առաջիկայում սպասվող մի նոր «ռեբրենդինգի» ենթարկված շարժման մեկնարկով: Սակայն շրջանառվող լուրերը Ղազինյանը չի մեկնաբանում: Այդուհանդերձ, նշենք, որ նա երեկ «Դիմադրության» շարժման հրատապ երթին կրկին մասնակցում էր, ընդ որում` բավական բարձր տրամադրությամբ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Տիգրան Համբարձումյանը, որը ՔՊ-ական սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարազատ եղբայրն է։ Պատմեցին, որ պատգամավորն անձամբ է մտել նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ եւ համոզել, որ եղբորն այդ պաշտոնում նշանակելը բխում է ՔՊ կուսակցության շահերից, քանի որ Սիսիանում ՔՊ-ի դիրքերը թույլ են, եւ աշնանը սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ հարկավոր է ամրապնդել դիրքերը, ինչով էլ կզբաղվի իր եղբայրը։ Մեկ օրում ազատել են նախկին պետին, նույն օրն էլ նշանակել պատգամավորի եղբորը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանը հրաժարվել է մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այս տեղեկության հրապարակումից հետո ՀՀ իշխանությունները տեղեկություններ էին տարածում՝ ակնարկելով, որ Բաբայանը վերադառնալու է։ «Փաստ» թերթի հետ զրույցում Բաբայանին բավական լավ ճանաչողներից մեկը փոխանցել է, որ Սամվել Բաբայանը որևէ իշխանության հետ համագործակցության է գնում՝ բացառապես շահադիտական նպատակներ ունենալով, մասնավորապես՝ բիզնես հետաքրքրություններ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս Արցախում և ՀՀ-ում որոշակի շինարարական աշխատանքների հետ կապված արդեն իսկ կան կոնկրետ պայմանավորվածություններ։ Ասել է թե, եթե լինեն ինչ-որ համաձայնություններ և համագործակցություններ, դրանք կլինեն զուտ բիզնես արտոնությունների տեսքով։ Ի դեպ, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սամվել Բաբայանը հավակնում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իրականում նա չի ցանկանում այդ պաշտոնը։ Ավելին, նա իր մերձավոր շրջանակներում մի քանի անգամ նշել է, թե «բան չեն թողել, որ գնաս, աշխատես», ընդգծելով, թե իր հիմնական շահագրգռվածությունը բիզնեսն է ու համապատասխան արտոնությունները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, օրերս նրան կրկին արտերկիր են տարել, այս անգամ՝ Բելառուս։ Սարոյանն այլեւս չի կարողանում քայլել եւ տեղափոխվում է բացառապես սայլակով։ Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի եւ վերջին տարիներին պարբերաբար բուժվում է արտասահմանում։ Սակայն վերջին շրջանում, անոթային խնդիրներից բացի, այլ ուղեկցող առողջական խնդիրներ էլ են առաջացել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մարտի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց, որ հրամանագիր է ստորագրել ռուսական գազի դիմաց վճարումների նոր կարգի, այն է՝ ռուսական ռուբլով վճարումներ իրականացնելու մասին: Այդ կարգը ուժի մեջ էր մտնում ապրիլի 1-ից: Մոտ երկու շաբաթ անց Հայաստանի պաշտոնակատար անձինք հայտարարեցին, որ Հայաստանը գազի դիմաց սկսել է ռուբլիով վճարել: Մասնագետները նշում են, որ դա ձեռնտու է ոչ միայն Ռուսաստանին, այլև Հայաստանին, քանի որ ռուսական գազը ռուբլիով գնելը Հայաստանին հնարավորություն կտա խուսափել դոլարի տատանումներին առնչվող ռիսկերից։ Ուշագրավ է, սակայն, որ ռուսական գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելու առաջարկ Հայաստանի կողմից արվել է դեռ 7 տարի առաջ՝ 2015 թվականին: Այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կանխատեսել էր, որ էներգակիրների հսկայական պաշար ունեցող Ռուսաստանը, սեփական արժույթի փոխարեն ուժեղացնելով դոլարը, ԵԱՏՄ երկրների, նույնն է` ՌԴ դաշնակից երկրների տնտեսությունը անընդհատ հարվածի և արտարժույթային ցնցումների տակ է պահում։ Ուստի, Աբրահամյանը անտրամաբանական էր համարել դոլարով գազի դիմաց վճարումներ անելը։ ԵԱՏՄ գործընկերների կողմից, սակայն, գործուն քայլեր չարվեցին: Ավելին, չնայած Աբրահամյանի նման առաջարկը բխում էր ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի շահերից, բուռն քննադատության արժանացավ ներհայաստանյան որոշ շրջանակների, այդ թվում՝ արևմտյան ֆինանսավորում ունեցող հայտնի ՀԿ-ների ու գործիչների, ինչպես նաև օրվա ընդդիմության կողմից, որի կարկառուն ներկայացուցիչներն այսօրվա իշխանություններն են, որոնք հպարտությամբ են հիմա խոսում գազի դիմաց ռուբլով վճարելու մասին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի շուրջ (որը կրկին զբաղվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի փաստացի ղեկավարմամբ) դժգոհություններ կան: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած աշխատակիցները նշում են, որ Չարչյանի պահվածքն ու առաջ քաշած կանոնները խիստ անընդունելի են: Մասնավորապես՝ նույն մարդկանց խոսքով՝ նա ասել է, թե յուրաքանչյուր հիվանդից որքան է վճարելու հիվանդանոցին, որքանը պիտի իրեն պահի: Բացի այդ, դժգոհություններ է առաջացրել նաեւ փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, որը Չարչյանի մտերիմներից է: Այս անգամ դգոհությունները կապված են նաեւ նրա վարքի հետ, եւ նշվում է, որ վերջիններս կարծես թե վերեւից են նայում մյուս աշխատակիցներին, ժողովների ժամանակ կոպիտ խոսում, «մատ թափ տալու» ոճով շփվում բոլորի հետ: Այսինքն՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում անառողջ մթնոլորտ է: Աշխատակիցների բողոքի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Արմեն Չարչյանից։ Նա նախ խնդրեց մի փոքր ուշ զանգահարել, ապա ամբողջ օրը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին եւ նամակներին: Պատրաստ ենք հրապարակել նաեւ նրա տեսակետը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ծավալուն փոփոխություններ են նախատեսում Ընտրական օրենսգրքում, ավելի ճիշտ՝ ԸՕ-ն «ձեւելու» են ՔՊ-ի «հագով»։ Առաջարկվող փոփոխություններից մեկով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են «Հայլուրի Հայաստանով» ուղղորդել ընտրողին։ Եթե գործող օրենսդրության պահանջն է, որ ԱԺ-ի եւ 70 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն եւ հեռուստատեսությունը «պարտավոր են» հեռարձակել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ՝ «ապահովելով անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն եւ հավասար պայմաններ», ապա ՔՊ-ական նոր նախագծի հեղինակներն օրենսգրքից հանում են ընդդիմությանը լուսաբանելու պարտադիր պահանջը՝ թողնելով միայն «ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն եւ հանրային հեռուստատեսությունը ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ հրապարակելիս պարտավոր են ապահովել անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն եւ հավասար պայմաններ»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կնոջ կողմից՝ իրեն ծեծի ենթարկելու հայտարարությունը հասավ ԱԱԾ: Մասնավորապես, պատգամավոր Բաքոյանի քաղաքացիական կինը ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով. «Ռուստամ Բաքոյանն ինձ ասել է՝ ինչ ուզում ես, հրապարակիր, մեր դեմ խաղ չկա»: Ըստ կնոջ՝ Բաքոյանը ծեծել է իրեն, գումար պահանջել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հերքել էր տեղեկությունը՝ նշելով. «Երկու բան ունեմ ասելու, նախ՝ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, երկրորդ՝ գործը դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է: Ես դիմել եմ, ինձ կտեղեկացնեն՝ գործն արդեն ուսումնասիրում են, թե ոչ: Այսքանը կարող եմ ասել»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքից տեղեկանալու, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Այդ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ՝ դրանում նշված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու համար»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի երեկոյան կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում, որի հետևանքով 7 մարդ է տուժել և հոսպիտալացվել. երեկ պարզվեց, որ նրանցից 3-ը մահացել են: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, գործադրվել է որսորդական հրացան։ ԶԼՄ-ները գրեցին, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքական հողի վրա, ինչի հետևանքով իշխանության կողմնակիցները (այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների ազգականները) դիմել են նման քայլի։ Իշխանությունները շտապեցին հերքել «քաղաքական ենթատեքստն» ու իրենց կապը նշյալի հետ, իսկ ոստիկանությունը հաղորդագրության մեջ հատուկ շեշտեց, որ միջադեպը որևէ քաղաքական շարժառիթ չունի, և այն տեղի է ունեցել բացառապես կենցաղային հողի վրա։ Սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում չես թաքցնի, և մասնավորաբար Ապարանում նշում են, որ իրականում հենց քաղաքական հողի վրա է եղել ողբերգական միջադեպը: Այս ամենի հետ կապված՝ «Փաստ» թերթին մի շարք նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը շտապ հավաք է կազմակերպել Սևանի կառավարական ամառանոցում, որին մասնակցել են ոչ միայն ոստիկանապետն ու իրավապահ համակարգի մյուս պատասխանատուները, այլև «Քաղաքացիական պայմանագրի» մի շարք առանցքային ներկայացուցիչներ։ Հանդիպումը տևել է մինչև ուշ գիշեր. այդ ընթացքում Փաշինյանի անվտանգության աշխատակիցները առանձնակի ուժեղացված հսկողություն են իրականացրել Սևան-Երևան մայրուղու վրա։ Թերթի տեղեկություններով, Փաշինյանն առաջին հերթին հանձնարարել է միջադեպը չտիրաժավորել և ավելորդ անգամ թեման «ռասկրուտկա» չանել։ Ավելին, նա հատուկ ընդգծել է, որ ոչ ոք մեկնաբանություններ չտա, իսկ իրավապահները շեշտեն միջադեպի ապաքաղաքական լինելը։ Ի դեպ, հավելենք, որ բազմաթիվ օգտատերեր երեկ հիշեցնում էին Փաշինյանի՝ դեռևս 2018-ին արված այն միտքը, թե «ոչ մեկը ՀՀ-ում չի կարող զենքով հարց լուծել, ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունից հետո կանգնի և ասի, որ զենքով հարց ենք լուծում. լկտիությամբ ու բեսպրեդելով ՀՀ-ում հարց չի լուծվելու»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում երեկվանից ակտիվորեն քննարկվում է Ապարանի կրակոցների հարցը: Մասնավորապես, կոնկրետ բարձրացվել է իրավապահների անգործության կամ իրավիճակին չտիրապետելու հարցը: Բանն այն է, որ, պաշտոնական տեղեկությունների համաձայն, Ապարանում միջադեպի մասնակիցները մի քանի օր շարունակ խնդիրներ են ունեցել միմյանց հետ, տարբեր տեղերում հանդիպել, հաշիվներ են պարզել, եւ վերջնարդյունքում տեղի է ունեցել մարդասպանություն: Ակտիվորեն քննարկվում է, թե որ մարմնի որ ղեկավարի անգործության պատճառով տեղի ունեցան կրակոցներ, ինչու իրավապահ համակարգի ներկայացուցիչներին չի հաջողվել մի քանի օր շարունակ ընթացող բախումները վերահսկել, որ իրավիճակն այդպիսի հանգուցալուծում չունենար: Հիշեցնենք, որ հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ. նրանից մեկի վիճակը եւս ծանր է: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 32-ամյա տղամարդն է իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ»: