VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մեր տեղեկություններով, առաջիկայում կազդարարի քաղաքական նոր միավորի ստեղծման մասին։ Նա տեւական ժամանակ է՝ թիմ է հավաքագրում, հնարավորինս նոր՝ ինտելեկտուալ, գործունյա մարդկանց հետ է բանակցում, եւ նոր կուսակցությունն էլ, ասում են, հանդես է գալու երրորդ ուժի դիրքերից։ Այն դուրս է լինելու ներկաների եւ նախկինների ուղեծրից։ Նախաձեռնողները խնդիր են դրել հանդես գալ ոչ թե ընդդեմ, այլ հանուն ինչ-որ բանի։ Մեզ ասացին, որ Հրաչյա Ռոստոմյանը ծրագրում է այս նախագիծն իրականացնել նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահե Հովհաննիսյանի հետ։ Հիշեցնենք, որ Ռոստոմյանն էլ, Հովհաննիսյանն էլ Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն էին, թեպետ ԲՀԿ անդամ չեն եղել։ Ռոստոմյանը ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիայի շրջանում զբաղեցրել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը, իսկ Վահե Հովհաննիսյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտը, սակայն այժմ, մեր տեղեկություններով, քոչարյանական ճամբարի հետ առնչություններ չունի։ Եվ չնայած այս երկու անձն ասոցացվում են Ծառուկյանի հետ, սակայն ամեն ինչ անելու են, որ նոր ուժը չասոցացվի ԲՀԿ-ի կամ նրա նախագահի հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեռ մայիսի 10-ին հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացի արդյունքում Տավուշի շրջանի յոթ գյուղերը եւ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը կհանձնվի Ադրբեջանին: Այս հայտարարություններից հետո «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ ուղղելով հետեւյալ հարցերը. 1. ի՞նչ պայմանավորվածություններ են առկա այս մասով ադրբեջանական կողմի հետ, 2. Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ պատասխան է տվել այս պահանջներին, 3. եթե ՀՀ-ն հրաժարվի այս պահանջները կատարելուց, ի՞նչ կլինի: Եվ, ահա, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացել ենք ընդհանրական մի պատասխան, որում ասվում է. «Տեղեկացնում ենք, որ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքները պետք է հիմնված լինեն երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող փաստաթղթերի ու քարտեզների վրա»: Թերեւս մեր երեք հարցերից ոչ մեկի պատասխանն այդպես էլ չտրվեց, ու անհասկանալի մնաց՝ Հայաստանը արդյոք հայտնել է իր անհամաձայնությունը մեզանից պահանջվող տարածքների վերաբերյալ, եւ ինչ արձագանք կա մեր մերժումից: Իսկ գուցե այդ տարածքները տալու մասով է՞լ է Նիկոլ Փաշինյանը մտադիր նշաձող իջեցնել. ԱԳՆ-ի պատասխանից ոչինչ պարզ չէ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահի հետ ի սկզբանե նախատեսված չի եղել, ինչի մասին է վկայում այն փաստը, որ նախօրոք հայտարարված օրակարգում նշված է եղել Պուտինի՝ Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների հետ հանդիպումների մասին, իսկ Հայաստանն այդ շարքում չի եղել: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ կայացել է նաեւ Փաշինյան-Պուտին հանդիպում։ Ռուսական կողմը հայտարարեց, որ Փաշինյանն է հանդիպում խնդրել։ Ներհայաստանյան անհանգիստ այս օրերին Փաշինյանը փորձում է ցուցադրել, որ ինքն աջակցութուն ունի ե՛ւ Ռուսաստանից՝ ՌԴ նախագահի հետ հաճախ է հանդիպում, հեռախոսազրույցներ ունենում, ե՛ւ Եվրոպայից։ Դրա ապացույցն էր ուղեւորությունը Նիդերլանդներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի երեկ արած հայտարարությունը, թե իրենք «հանձնառու են օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին եւ վերահաստատեց 2021 թվականի ընտրություններին», ինչը կարելի է անգամ մեր ներքին կյանքին միջամտություն դիտել։ Չնայած գործադրված ջանքերին, Փաշինյանի պլանը մասամբ չաշխատեց․ Պուտինի հետ հանդիպումից ժամեր անց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի շուրթերով շտապեցին հայտարարել, որ Մոսկվան չի խառնվում Հայաստանի ներքին գործերին: Ի դեպ, իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանն ընկճված է եղել եւ կառավարական առանձնատանն անընդմեջ մարդ է ընդունել՝ ուժային կառույցների ղեկավարներին, իր թիմակիցներին։ Իսկ երեկ էլ Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի մայիսի 17-ի 327-Ա որոշմամբ բարեգործական է որակվել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը: Սա նշանակում է, որ Աննա Հակոբյանն օգտվելու է «Բարեգործության մասին» օրենքի 16-րդ կետից եւ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու: Բարեգործական որակված «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի վրա Աննա Հակոբյանը 39,02 միլիոն դրամ է ծախսելու, որով Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար մասնագիտական կողմնորոշման ճամբար, վերապատրաստումներ է կազմակերպելու: Գեղեցիկ անունով այս ծրագրի ամենաուշագրավ բաղադրիչն այն է, որ Աննա Հակոբյանը չի ասում, թե քանի հոգի է ծրագրով անցնելու: Մինչդեռ այլ կազմակերպությունների բարեգործական ծրագրերը հաստատվել են հստակ քանակի համար:
Օրինակ՝ այս տարվա փետրվարի 25-ի 120-Ա որոշմամբ բարեգործական է որակվել «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ ե ւ կարճաժամկետ խնամք ե ւ դաստիարակություն» ծրագիրը: Հստակ գրված է, որ ծրագրի շահառուներ են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 15-23 տարեկան այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր ընդգրկված են եղել «ՍՕՍ մանկական գյուղեր» ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» ե ւ «Իջեւան» մասնաճյուղերում՝ 56 հոգի: Կամ՝ այս տարվա մարտի 7-ի 164-Ա որոշմամբ բարեգործական է որակվել Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղից Հայաստանի մասնաճյուղին ուղարկված բեռը:
Հստակ նշված է՝ 154 կգ ընդհանուր քաշով, եւ բացված է ըստ քանակների՝ այսքան վիրակապ, վիրահատական գործիք, վերքերը կարող սարք եւ այլն: Կամ՝ այս տարվա մայիսի 6-ի 302-Ա որոշմամբ բարեգործական է որակվել «Վարդանյան ընտանիք» հիմնադրամի «Քաղցրավենիքի նվիրաբերում» ծրագիրը: Հստակ նշված է, որ հիմնադրամը 14,05 միլիոն դրամի քաղցրավենիքի տոպրակներ է նվիրելու պետական մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, ցերեկային խնամքի հաստատությունների խնամքի եւ հոգածության տակ գտնվող երեխաներին՝ 2004 հոգու: Ինչպես Աննա Հակոբյանի ծրագիրը, այս ծրագրերն էլ հաստատվել են փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ: Փոխվարչապետը կա՛մ չի տեսել, որ Աննա Հակոբյանը ողջ տեղեկությունները չի ներկայացրել, կա՛մ պարզապես վախեցել է մերժել սեփական շեֆի կնոջը ու հաստատել է թերի հայտը: Սա առաջին անգամ չէ, որ թավշյաներն աչք են փակում Աննա Հակոբյանի արարքների վրա: 2019-ին Աննա Հակոբյանը, խախտելով «Հիմնադրամների մասին» օրենքը, չհրապարակեց նվիրատուների անունները: Նման պահանջ է սահմանված օրենքի 39- րդ հոդվածում՝ հիմնադրամներն իրավունք չունեն անանուն նվիրատվություններ ընդունել: Սրա համար եւս Աննա Հակոբյանը պատասխանատվություն չկրեց: Իսկ կառավարությունն էլ, փաստորեն, չի խուսափում համագործակցել օրինախախտ հիմնադրամի հետ: Նման օրինախախտումներից կոռուպցիայի հոտ է փչում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ստորագրահավաք` բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը և ժողովրդավարությունից ակնհայտ հետընթացը անհանգստացնում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Դիվանագիտական աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցիչները նախօրեին փակ հանդիպում են անցկացրել` քննարկելու Հայաստանում ընդդիմության հավաքների ժամանակ կիրառված անհամաչափ ուժի դեպքերն ու մասսայական ձերբակալությունները: Բանն այն է, որ խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներից բերման ենթարկվածների օրական թիվն արդեն գերազանցում է 400-ը, իսկ վերջին երկու շաբաթում ռեկորդային թվով վարչական ձերբակալություններ են արձանագրվել, ինչը խիստ մտահոգում է դեսպաններին: Մեր տեղեկություններով, առանձին քննարկում է եղել ոստիկանության ծառայողների կողմից առանց հիմքի ֆիզիկական ուժ կիրառելու ու բերման ենթարկելու հաճախակիացած դեպքերի մասին, երբ ոստիկանը, պաշտոնական հավելավճարի խոստմամբ, իրեն պատժիչ ուժ է ներկայացրել: Եվրոպական դեսպանների քննարկման առանցքը նաև կալանավորված քաղբանտարկյալներն են եղել: Խոսքը վերաբերում է Ավետիք Չալաբյանին, Արամայիս Մխիթարյանին, Ազատ Մուրադյանին, Ալեքսան Ալեքսանյանին, Արսեն Մարտոյանին, Գոռ Սարգսյանին, Գոռ Մաթևոսյանին, Գևորգ Մուրադյանին, Գերասիմ Վարդանյանին, Դավիթ Ավագյանին, Տարոն Մանուկյանին, Արմեն Գրիգորյանին: Քննարկման ժամանակ հատուկ շեշտվել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի գործոնը, որին իշխանությունները երկու ամսով կալանավորել են Քրեական օրենսգրքի մի հոդվածով, որն իրավաբանական հանրույթի կողմից դատավարական սխալ է համարվում: Ի դեպ, մենք արդեն տեղեկացրել ենք, որ Չալաբյանի կալանավորումը, մեղմ ասած, լուրջ մտահոգություններ է առաջացրել միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններում: Մեր տեղեկություններով, դեսպանները մտադիր են առանձնահատուկ մոնիթորինգի ենթարկել այս ողջ գործընթացը, քանի որ փաշինյանական ռեժիմը հատել է բռնաճնշումների բոլոր սահմանները, եթե, իհարկե, այդպիսիք ընդհանրապես կան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ այցելել էին «Արմավիր», «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներ՝ կալանքի տակ պահվող գործիչներին: Փորձել էին տեսակցել Ավետիք Չալաբյանին, Գերասիմ Վարդանյանին, Գյումրիի դեպքերի մասնակիցներին: Նրանք 3-4 հոգանոց խմբերի էին բաժանվել: Աննա Գրիգորյանն ասաց, որ Գերասիմ Վարդանյանին չեն կարողացել տեսակցել՝ անհասկանալի պատճառներով նրա տեսակցությունների վրա արգելանք է դրվել: Մյուսներն ըմբռնումով են մոտենում իրենց դեմ հարուցված քրգործերին: «Պինդ են ու սպասում են պայքարի հաղթական ավարտին: Նրանք հասկանում են, որ սա քաղաքական հետապնդում է, ու պինդ լինելով` մեզ էլ հորդորում են պինդ լինել եւ հաղթական ավարտին հասցնել պրոցեսը»,- ասաց Աննա Գրիգորյանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում պարգևավճարներ բաժանելու մասին տեղեկությանը համընթաց վերջին երկու օրերին անհնազանդության ակցիաների մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի բիրտ գործողություններն ավելի մոլեգին ձև ստացան: Ավելին, բերման են ենթարկվում, ձերբակալվում ռեկորդային թվով քաղաքացիներ: Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծում է, որ սրանք պարզ քաղաքական ռեպրեսիաներ են քաղաքական այլախոհների նկատմամբ՝ իշխանությունն ամեն կերպ պահելու նպատակով: «Ինչ վերաբերում է ռեպրեսիաների արտահայտչաձևերին՝ բիրտ ուժի կիրառմանը, հատուկ կերպով մարդկանց գետնին տապալելուն, ասֆալտով քաշ տալուն, ձեռքերը կոտրելուն և այլնին, ապա ակնհայտ է, որ դրանք հատուկ հրահանգավորված են»,«Փաստի» հետ զրույցում ասում է Վարոսյանը՝ հավելելով, որ մենք չենք տեսել այս աստիճանի ռեպրեսիաներ: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս պայքարի շարունակությունը կա՛մ պետք է գնալով շատ արագ ուժեղանա ու ավելի շուտ արդյունքի հասնի, կա՛մ պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև հնարավոր դառնա խնդիրը լուծել, որովհետև այլ պարագայում պարտություն է լինելու: «Եթե պայքարը ռեպրեսիաներով և այլ ձևերով փորձեն ճնշել, և այդպես պայքարը մարի, ներքին կյանքում ունենալու ենք ռեպրեսիաներ, շատ մարդկանց կարող են ձերբակալել, ինչ-որ գործեր սարքել և այլն»,- ասաց Պողոսյանը և նշեց, որ եթե այս իշխանությունը շարունակի մնալ, մենք ոչ թե զիջումներ, այլ նոր պարտություններ ենք ունենալու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Հայաստանում ծավալվող հակաիշխանական ցույցերը մեծ ոգեւորություն ու սպասումներ են առաջացրել արցախցիների շրջանում, որոնք հուսահատության մեջ են Արցախի անորոշ ապագայի եւ անվտանգային ներկայիս խնդիրների պատճառով։ Այնտեղ շունչները պահած հետեւում են հայաստանյան իրադարձություններին։ Իսկ վերջին օրերին սկսել են նաեւ աջակցության փոքրիկ միջոցառումներ անել, քանի որ կարծում են, որ Արցախի փրկության բանալին ՀՀ գործող իշխանությունների հեռացումն է։ Մեր աղբյուրները կատակում են, թե արցախցիները, բանուգործ թողած, հանրահավաքների, երթերի լայվերն են դիտում, չնայած որ Արցախի իշխող ուժի որոշ պատգամավորներ, հատկապես ՔԴՄ ներկայացուցիչները, վերջին ժամանակներում ակտիվորեն տարածում են հայաստանյան իշխանական ԶԼՄ-ների՝ այս շարժմանը վարկաբեկող նյութերը։ Նշենք, որ «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքը, կարելի է ասել, երկփեղկվել է, փոքրամասնությունը, մասնավորապես ՔԴՄ-ականներն են միայն կառավարվում հայաստանյան իշխանական շրջանակներից։ Իսկ առավել մեծ դերակատարում ունի իշխանական օլիգարխ-պատգամավորներից մեկը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս օրերին, երբ ընդդիմադիրները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր ու բողոքի ակցիաներ են կազմակերպում Երևանի փողոցներում՝ այդպես փորձելով Հայաստանի ադրբեջանականացումը կանխել, Ադրբեջանը մեծ արագությամբ ու թափով շարունակում է Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, կանցնի արցախյան Հին շեն և Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: 32 կմ երկարությամբ ճանապարհն, ըստ երևույթին, ռուս խաղաղապահները կհսկեն: «Լաչինի միջանցքի» փոխարեն հաղորդակցային նոր ճանապարհ կառուցելու դրույթը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի երկրորդ պարբերության մեջ է ամրագրված, ըստ որի՝ 3 տարվա մեջ պետք է նոր ճանապարհի նախագիծը հաստատվեր, այնինչ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2022-ի ամռանը (մի քանի ամսից) ադրբեջանցիները ամբողջ մայրուղու կարմիր ժապավենը կկտրեն, ինչից հետո Հայաստանը կորցնելու է Բերձոր քաղաքի, Աղավնո ու մի քանի այլ գյուղերի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին, ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի ապրիլի 23-ի համարում էլ ենք ահազանգել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ճանապարհի շահագործումից հետո տեղում բնակվողները ստիպված են լինելու լքել իրենց տները: Այս մասով փորձեցինք Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից մեկնաբանություն ստանալ, բայց՝ ապարդյուն: Թե՛ Աղավնոյի ու մյուս գյուղերի, թե՛, առհասարակ, Բերձորի ու Արցախի տարածքների հետագա ճակատագրի մասով առաջնային պատասխանատուների թվում հենց Բալասանյանն է, որն էլ, ըստ մեր տեղեկությունների, այս պահին ադրբեջանական կողմի հետ միակ բանակցողն է Արցախից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղավնոյի գյուղապետը համոզմունք հայտնեց, որ գյուղը լքելու կամ տներն ազատելու մասին իրենց որևէ մեկը որևէ խոսք չի ասել, նախազգուշացում չի եղել: «Ամեն օր էլ տեսնում ենք ճանապարհի վրա աշխատող ադրբեջանցիներին, բայց մեզ ոչինչ չեն ասել, մենք էլ չենք պատրաստվում լքել մեր տները, եթե անգամ ասեն: Երևի գիտեն՝ եթե ասեն էլ, զենք ենք վերցնելու, մնանք: Ինչ վերաբերում է նոր կառուցվող ճանապարհին, ապա ավելի լավ, թող կառուցեն. ազատագրելիս հեշտ կլինենք»,- նշեց նա: Թե իրականում ինչ կլինի Բերձորի ճակատագիրը, պարզ կլինի մոտ ապագայում՝ վերոնշյալ ճանապարահի շահագործումից հետո: Հստակ է մի բան՝ պատկան մարմինները, պաշտոնյաները ու, մեծ հաշվով, ՀՀ քաղաքացիները թմբիրից կարթնանան միայն այն ժամանակ, երբ բանը բանից անցած կլինի>:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարծիք կա, որ վերջին շրջանում երկրաշարժերը հաճախակիացել են, իսկ դրանց ուժգնությունը՝ մեծացել: Հատկապես մարզային համայնքներում և այն հատվածներում, որտեղ բնակիչները «զգում են» երկրաշարժը, կա անհանգստություն: «Փաստը» փորձեց արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզել, թե իրո՞ք հաճախակիացել են երկրաշարժերը, եթե այո, ապա ի՞նչ պատճառներով, և կա՞ անհանգստանալու պատճառ: «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը նշում է՝ մի փոքր հաճախակիացել են երկրաշարժերը Ջավախքի գոտում: «Կցանկանայի ուշադրություն հրավիրել նրա վրա, որ սրանք ուժեղ երկրաշարժեր չեն համարվում: Ամենաուժեղը փետրվարին էր, դրանից հետո շարունակվում է այս ակտիվությունը: Բնակիչների անհանգստության մասին: Նույնը եղել է տարիներ շարունակ, յուրաքանչյուր գոտի իր բնութագիրն ունի: Մարդկանց անհանգստության պատճառն այն է, որ երկրաշարժերը եղել են մի քանիսը, այս պարագայում անհանգստությունը նաև բնական է»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:
Ընդգծում է՝ Հայաստանի ողջ տարածքին են բնորոշ երկրաշարժերը, և այո, պետք է լինեն թույլ, միջին ուժգնության երկրաշարժեր: «Իրականացնում ենք մոնիտորինգ, տեսնում այդ փոփոխությունները: Մեր բոլոր քայլերը հիմնված են մոնիտորինգի վրա: Հյուսիսում և հյուսիս-արևելքում ունենք փոփոխություններ, երկրակեղևում որոշակի պրոցեսներ են ընթանում, բայց այս պահին անհանգստության պատճառներ չենք տեսնում: Եղածները թույլ կամ միջին ուժգնության երկրաշարժեր են, պարզապես զգացվում են բնակչության կողմից»,-նշում է մեր զրուցակիցը: Հավելում է՝ կարծիք կա, որ Ջավախքի ու Բավրայի բնակիչները մի քիչ սովոր են երկրաշարժերին, սակայն հիմա, երբ դրանք արդեն Գյումրիում և Տավուշի մարզում են զգացվում, մարդիկ սկսում են անհանգստանալ: «Սա բնականոն գործընթաց է երկրակեղևի համար: Ապրում ենք սեյսմաակտիվ գոտում, որտեղ տեղի ունեցող փոփոխությունները բնականոն երևույթներ են: Հաճախ է հարց հնչում երկրաշարժերի կանխատեսման մասով, թե ինչու չեն տեղեկացնում, որ երկրաշարժ է լինելու: Նշենք, որ կանխատեսումն ընդունված է ուժեղ երկրաշարժերի դեպքում: Երկրակեղևում տեղի ունեցող այս պրոցեսներն ուժեղ երկրաշարժի պարագայում լրիվ այլ մասշտաբների են հասնում: Տեսնում ենք բոլոր փոփոխությունները, եթե անգամ մի փոքր անհանգստության առիթ լինի, մեր ընթացակարգն ունենք, թե ինչպես հաղորդենք տեղեկությունը և տարածենք այն»,-եզրափակում է Սոս Մարգարյանը»: