Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը այնքան արդյունավետ չի արձագանքում Երևանի համար շատ կարևոր հարցերի, որքան ակնկալում է ՀՀ-ն։ Այսօր՝ մայիսի 16-ին, Մոսկվայում կայացած ՀԱՊԿ երկրների ղեկավարների հոբելյանական հանդիպմանը Հայաստանի կառավարության ղեկավարը կիսվել է իր գնահատականներով, գրում է EADaily-ն։
Անդրադառնալով ռազմաքաղաքական դաշինքի արագ արձագանքման մեխանիզմների արդյունավետության հարցին՝ Փաշինյանը հիշեցրել է, որ անցյալ տարի այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, եւ վերջինս դիմել է ՀԱՊԿ-ին ՝ ճգնաժամային իրավիճակների կանխման մեխանիզմներ կիրառելու համար:
«Բայց, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր Երևանը»,- դժգոհեց վարչապետը։
Հայաստանը երկար ժամանակ բարձրացրել է ՀԱՊԿ որոշ պետությունների կողմից Հայաստանին ոչ բարեկամ երկրին` Ադրբեջանին, զենք մատակարարելու խնդիրը։ Այդ զենքն ի վերջո օգտագործվել է հայ ժողովրդի դեմ, նշել է Փաշինյանը։
ՀԱՊԿ-ում ներկայումս նախագահող Հայաստանի կառավարության ղեկավարն այնուհետև հայտարարել է, որ կազմակերպության որոշ անդամների պահվածքը Ղարաբաղում 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո «Հայաստանին այնքան էլ չի ուրախացրել»։
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու գործում։ Այս համատեքստում վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ հայտարարություններին։
Անցած ամիս Նիկոլ Փաշինյանը «ձախողում» էր անվանել ՀԱՊԿ-ի արձագանքը 2021 թվականի մայիսին Սյունիքի մարզի Սև լճի մոտ տեղի ունեցած իրադարձություններին, ուր ներխուժել էր ադրբեջանական զինուժը։ Ապրիլի 13-ին ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանի ամբիոնից՝ վարչապետն ասել է, որ ի հեճուկս ՀԱՊԿ-ում գործող ընթացակարգերի, կազմակերպությունը դեռ որոշում չի կայացրել մշտադիտարկում իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում։