Արդեն մի քանի օր է, ինչ Երևանում ընդդիմությունը խաղաղ ակցիաներ է իրականացնում ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Անցած շաբաթվա ընթացքում ակցիաները Ազատության հրապարակում ելույթների ու քննարկումների, երևանյան փողոցներով երթերի տեսքով էին, իսկ երեկվանից ընդդիմությունը միավորվել է և մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում՝ փողոցներ են փակվում, Ֆրանսիայի հրապարակում վրաններ են տեղադրված, բուհերի ուսանողները դասադուլ են հայտարարել:
Երեկվանից ականատեսն ենք, թե ինչպես են իրավապահները "ցրում" ակցիաները՝ ուժ կիրառելով, ծեծելով ցուցարարներին: Ծեծում են նաև համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները, օրինակ՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը: Արդյունքում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ, նրանցից շատերը դիմել են բուժօգնության: Լուրջ վնսվածքներ է ստացել նաև ԱԺ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը:
Այս ոստիկանական, կներեք, "բեսպրեդելի" ֆոնին նախկին ու ներկա պատգամավորները հարցադրում են ուղղում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ու դեսպանություններին, թե ինչո՞ւ նախկինում այդքան ջանասիրաբար ամեն հրմշտոցին արձագանքող ժողովրդավարության ջատագովները այժմ լռում են, երբ"ժողովրդավարության բաստիոն", "նոր Հայաստանի" իշխանությունները բառիս բուն իմաստով ողջունում են այն ոստիկանին, ով գետնին պառկած ցուցարարի գլխին ոտքով հարվածներ է հասցնում կամ ոստիկանական ավտոբուս 20 հոգով մի խաղաղ ցուցարարի են մտցնում ծեծելով, հայհոյելով ու ագրեսիվ այլ դրսևորում ցուցաբերելով: Օրինակները շատ են, կադրերը՝ առավել ևս: Բայց, կրկնվենք, դեսպանությունները լռում են, ինչն արձանագրել են ԱԺ նախկին պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Աննա Կոստանյանը և այլք:
Մինչդեռ երբ փորփրում ենք, ասենք, ԱՄՆ դեսպանության արխիվը 2018 թվականի հայտնի դեպքերի օրերին, ապա տեսնում ենք, թե ինչքան ուշադիր էին ամերիկացի դիվանագետները մեր երկրի նկատմամբ այն օրերին, երբ "հին Հայաստանի" ոստիկանությունը նույնիսկ չէր էլ երազի նման կոշտ մեթոդներ կիրառել ցուցարարների նկատմամբ: Բոլորս էլ հիշում ենք՝ այդ, այսպես կոչված, հեղափոխության հեղինակները, որ այսօր ծափահարում են ծեծող-ջարդող ոստիկանների ագրեսիայի դրսևորումներին ու քաջալերում նրանց շարունակել նույնկերպ, գլուխ էին գովում, որ անարյուն հեղափոխություն են իրականացրել: Սակայն չորս տարի անց պարզ է, որ եթե արյուն թափվեր, նրանք, փաստացի, ավելի երջանիկ կլինեին ու էլ ավելի մեծ աջակցություն կվայելեին տարբեր դեսպանություններից ու արևմտյան դիվանագետներից: Ու պարզվեց, որ այն, որ արյուն չի թափվել 2018-ին, ամենևին էլ իրենց շնորհքը չի: Եվ դա այսօր տեսանելի է փողոցներում:
Սակայն վերադառնանք ԱՄՆ դեսպանության արխիվին: 2018 թվականի ապրիլի 29-ին փոքրիկ Հայաստանի իրադարձություններին ուշադրություն էր սևեռել անգամ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը, ով հանդես էր եկել հայտարարությամբ և նշել.
"Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգային ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից":
Ինչու այսօր, երբ Հայաստանում բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների նկատմամբ ԱՄՆ պետքարտուղարությունից որևէ հայտարարություն չի հնչում, մեղմ ասած, տարակուսելի է:
Կամ սա. "Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ",- նույն օրերին ԱՄՆ դեսպանության հայտարարությունն է:
Արխիվային հայտարարությունների շարքը կարելի է շարունակել ու ոչ միայն կոնկրետ այս դեսպանության օրինակով: Կրկնենք՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների ակտիվ ջատագովները լուռ են: Ինչպես և լուռ է ՀՀ Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանը, ում շաբլոնային հայտարարությունները և դրանց տակ վրդովված քաղաքացիների ջնջվող մեկնաբանությունները կարծես հաստատում են մտավախությունը, որ ի սկզբանե կար՝ Քրիստիննե Գրիգորյանը ոչ թե ՀՀ քաղաքացու, այլ ՀՀ իշխանությունների պաշտպանն է:
Երեկվա դրությամբ Երևանի փողոցներից բերման ենթարկվածների թիվը մոտ 300 էր, այսօր արդեն հարյուրը հատել է: Հայաստանը ժողովրդավար որակող դեսպաններն ու դեսպանուհիները շարունակում են լռել: Հենց նրանք, որոնք միլիոնավոր դոլարներ են հատկացրել ոստիկանական համակարգի բարեփոխումներին ու ամեն պաշտոնական հանդիպմանն այդ մասին հայտարարում են գոհունակությամբ: Տեսնես հիմա էլ են գո՞հ: Թե, ինչպես ասաց Արմեն Աշոտյանը, դեռ չեն վերջացրել կապուչինո խմել: Շտապեք, սիրելի ժողովրդավարներ...
Լիա Խոջոյան
Հ.Գ. Ամեն դեպքում հրապարակենք որոշ լուսանկարներ՝ ի ցույց դնելով ժողովրդավարությունն իր ողջ հմայքով: