VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն օրեր առաջ հայտարարեց Տիգրան Ավինյանին Երեւանի քաղաքապետ առաջադրելու մտադրության մասին եւ նրա առաջ կանաչ լույս վառեց` գնա եւ սկսիր քարոզարշավդ: Նա էլ ինտենսիվորեն մտել է քարոզարշավի մեջ` համախոհներ գտնելու եւ 1 տարի անց ընտրություններում հաղթելու համար: Անընդհատ հանդիպումներ է ունենում, տարբեր անձանց է տեղավորում «ձայն բերող» պաշտոնների եւ ամենակարեւորը` ՔՊ-ականներից իր թիմն է ձեւավորում: Մեզ ասացին, որ վերջերս զարմանալիորեն մտերմացել է Արսեն Թորոսյանի հետ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ գործուղվել են Ժնև, սակայն ժամանակին տեղ չեն հասել: Մեր աղբյուրները պատմում են, որ ՔՊ խմբակցության մի քանի անդամներ Վիեննայի օդանավակայանում սրճարան են նստել, գինովցել են ու մոռացել, որ պետք է Ժնև մեկնեն: Նրանք երկար դեգերումներից հետո մի կերպ կարողացել են Ժնև մեկնող հաջորդ օդանավին հասնել և ուշացած միացել են պատվիրակությանը: Այս թեման երեկվանից խորհրդարանում ակտիվորեն քննարկվում է: Մեր տեղեկություններով, նույնիսկ ՔՊ-ականներն են ծիծաղելով միմյանց պատմում չորս պատգամավորների «արկածները» Վիեննայի օդանավայականում: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել այն պատգամավորներից, որոնց անունը շեշտվում է այդ «արկածների» շրջանակում: Վահագն Ալեքսանյանն անհասանելի էր, Վահագն Հովակիմյանն ասաց, որ ռոումինգով ենք զանգել, ինքը գործուղման մեջ է, և իսկույն անջատեց հեռախոսը, իսկ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե ղեկին է ու չի կարող պատասխանել հարցերին: Հետագա մեր փորձերը՝ կապ հաստատել նրա հետ, ապարդյուն եղան: Միակը, ով արձագանքեց, Արփի Դավոյանն էր, այն էլ՝ խնդրեց հաղորդագրությամբ ուղարկել հարցը, իսկ երբ ուղարկեցինք, պարզապես գրեց. «Դուք սա լո՞ւրջ եք հարցնում»: Ասացինք՝ այո, մենք տեղեկություն ենք ստացել և չենք ուզում առանց ճշտելու հրապարակել, ուզում ենք ձեզանից ճշտել: Դրանից հետո՝ այլևս ոչ մի պատասխան… Հ.Գ.-Նյութը հրապարակվել էր, երբ Արփի Դավոյանից ստացանք հաղորդագրություն. «Անլուրջ հարցերի չեմ պատասխանում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որն առավել հայտնի է «ֆեյքերի ֆաբրիկայի» ղեկավար լինելով, նոր հանձնարարական է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Մասնավորապես, Փաշինյանը նրան եւս մեկ անգամ հանձնարարել է շարունակել փորփրել ընդդիմադիր գործիչների անձնական կյանքը եւ ընտանիքի անդամներին վերաբերող, երբեմն գոտկատեղից ներքեւ նյութեր պատրաստել եւ տարածել ինչպես կայքերով, այնպես էլ ֆեյք կայքերի եւ ֆեյք օգտատերերի միջոցով։ Խնդիր է դրված բոլոր ընդդիմադիրներին թիրախավորել: Արդյոք կա՞ նման բան, կիրականացնի՞ այդ նվաստացուցիչ հրահանգը աշխատակազմի ղեկավարի տեղակալը: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ մեկնաբանության համար դիմեց Տարոն Չախոյանին, որը նշեց. «Դա անհեթեթություն է, ու հերքելու կարիք անգամ չկա։ Նման անհեթեթ տեղեկություն տվողին կարող եք ուղարկել ջհանդամադիմութան գիրկը»։ Շատ տպավորիչ պատասխան տրվեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից. կսպասենք զարգացումներին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ական պատգամավորները 2 օր է՝ Փաշինյանի հրահանգով հրապարակավ հեգնում են ընդդիմադիրներին, ծաղրում պայքարը՝ արձագանքելով Իշխան Սաղաթելյանին, ով հայտարարել էր, որ ՔՊ-ական պատգամավորները գերի են Փաշինյանի ձեռքում, ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում են, որ այդ անհոգ վիճակն ու արտաքուստ հանգստությունը թվացյալ են։ Չնայած Փաշինյանը նրանց հանգստացրել է, թե ոստիկանությունն առաջիկա օրերին հիմնովին ճնշելու է շարժումը, ձերբակալելու են ակտիվիստներին եւ կազմակերպիչներին, ու մի քանի օրում ամեն ինչ մարելու է, սակայն ֆրակցիայի զգուշավորներն իշխանափոխության հոտ են առել եւ որոշել են առժամանակ ընդհատակ անցնել։ Այդ վախերով է նաեւ պայմանավորված, որ երեկ զոդում էին ԱԺ դարպասները։ Սրանք այն դարպասներն են, որ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը բացեց հանրության առաջ` հայտարարելով, որ ԱԺ այգին պետք է հանրային զբոսավայր դառնա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան։ Ընդդիմությունը, որն արդեն մի քանի շաբաթ է՝ փողոցում է, ըստ ամենայնի, չի մասնակցի քառօրյային։ Թեեւ լուրեր կային, որ հնարավոր է ԱԺ ամբիոնն օգտագործեն պայքարի կոչեր հնչեցնելու համար։ Երեկ մեր աղբյուրն ասաց, որ այս փուլում դժվար թե նման բան անեն։ Իսկ խորհրդարանի օրակարգը բավականին հագեցած է` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի թափուր անդամի համալրում, դատախազության տարեկան հաշվետվություն, որը կներկայացնի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՄԻՊ հաշվետվություն, օրենսդրական նախագծեր։ Նշենք, որ ՔՊ-ն ՀՌՀ անդամ է առաջադրել Գոհար Մամիկոնյանին, ով 2018-2021 թթ․ եղել է ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդականը, 2021-ի ապրիլի 1-ից նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության պետն է»:
«Իրավունք» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վրա իշխանության կողմից մեծ ճնշում է գործադրվում` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հանցագործության մասին հաղորդում տալուց հետո: Հիշեցնենք, որ զոհվածների ծնողներն ու հարազատները պահանջում են Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել վերոնշյալ քրգործով: Այսպիսով, ըստ քաղաքական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իրավաբան Լիլիթ Մանասերյանի, իշխանությունը հիշել է մի կարճված առեւանգման քրեական գործի մասին, որում ներգրավված կասկածյալները հանդիսանում են Արթուր Դավթյանի հարազատ հորեղբոր տղաները: – Քրեական գործն իբրեւ տուժողի բողոքի հիման վրա կրկին վերաբացվել է, եւ կատարվում է քննություն: Առաջիկա օրերին սպասվում է, որ ականատես կլինենք հերթական շոուին, որի ի սկզբանե գլխավոր նպատակը գլխավոր դատախազին «զսպելն» է` Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հաղորդում տալու մասին իրենց ցանկալի ելք ունենալու համար: Մնում է հուսալ, որ Արթուր Դավթյանը կղեկավարվի միայն օրենքով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ողջ օրը ոստիկանություն էին բերման ենթարկում մարդկանց։ Ակնհայտ է, որ նրանք հրահանգ են ստացել՝ ամեն գնով բացել փողոցները։ Ոստիկանության բիրտ ուժի կիրառման հետեւանքով կողոսկրերի, գլխի շրջանում վնասվածքներ է ստացել ԱԺ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։ Անհնազանդության խաղաղ ակցիաներին մասնակցելիս Մանուկյանին Խանջյան փողոցում փռել են ասֆալտին ու ձեռքերով, ոտքերով հարվածել մարմնի տարբեր մասերին։ Մանուկյանին նախ տարել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ շտապօգնության մեքենայով՝ «Էրեբունի» հիվանդանոց։ «Կողոսկրերի երկկողմանի վնասվածք ունեմ, մատս է վնասվել, ոտքով գլուխս տրորում էին ասֆալտին»,- մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան բողոքի ակցիաները ավելի մեծ թափ են ստանում, այնքան ջղագրգիռ են դառնում քպ-ականները: Նրանցից ոմանք ընդդիմության ու ակցիաներին մասնակցող քաղաքացիների մասին այնպիսի բառապաշար են կիրառում, որ նույնիսկ «ծանր վիրավորանք» հոդվածը կարող է քիչ լինել: Սակայն ուշագրավ է, որ «ավանգարդում» ընդամենը 10-15 քպ-ականներ են, որոնք միշտ էլ աչքի են ընկել իրենց «հունանավետիսյանությամբ»՝ հանուն Նիկոլ Փաշինյանի: «Փաստ» թերթի տեղեկություններով, խմբակցության մեծամասնությունը պարզապես աշխատում է առայժմ ստվերում մնալ, մինչև տեսնեն՝ ինչ է լինում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում ընդամենը մեկ ժամ անց ՔՊ խմբակցության մոտ 40 պատգամավոր պատրաստ է ընտրել ընդդիմության առաջարկած թեկնածուին: Երեկ էլ մեր քպ-ական աղբյուրը փոխանցեց, որ հանրահավաքի և ակցիաների ժողովրդականությունից Փաշինյանն ու իր շրջապատը տագնապի մեջ են, ինչի պատճառով քպ-ականներն արդեն միջնորդներ են փնտրում ընդդիմադիրների հետ: Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ԱԺ պատգամավոր, փողոցային շարժումը առաջնորդող Իշխան Սաղաթելյանի հետ, ով, լսելով մեր հարցը, միայն ասաց. «Չեմ մեկնաբանում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ առավոտից ընդդիմությունը մի քանի ժամ անհնազանդության ակցիաներ արեց Երեւանում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ։ Իշխանափոխության պահանջով բողոքի ակցիաները սկսվեցին առավոտյան 8-ն անց 30-ից միանգամից մի քանի փողոցներում։ Թե քանի օր են շարունակվելու այս ակցիաները, երբ եւ ինչպես են իրենց ծրագրին հասնելու ընդդիմադիրները, դեռ հստակ չէ։ Երկրորդ օրն է՝ ընդդիմադիրները գիշերում են Ֆրանսիայի հրապարակում, որը փակ է չորս կողմից։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ոստիկանության ներսում այս հարցը քննարկվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունը երբ ներքին քննարկումներ է ունեցել, կարծիք է հնչեցրել, թե 3 օր այսպես կշարունակեն ընդդիմադիրները, հետո կցրվեն տներով: Այսինքն՝ իրավապահ եւ ուժային համակարգի ներկայացուցիչները կարծում են, թե ընդդիմադիրների հավաքներն այնքան էլ երկարատեւ չեն լինի եւ հետեւաբար չեն հանգեցնի իշխանափոխության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ինչը որ պահանջում են ընդդիմադիրները: Երեկվա երթին, սակայն, բավականին մեծ թվով քաղաքացիներ կային, եւ էներգետիկան ու տրամադրվածությունը բավականին հեղափոխական էր»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ օրվա ընթացքում շարունակվում էին անհնազանդության խաղաղ ակցիաները, փակվում էին մի շարք փողոցներ, անցկացվում էին տարբեր ակցիաներ: Այդ ընթացքում իրավապահ համակարգը փորձում էր կանխել փողոցների փակումը՝ կիրառելով ուժ, բերման ենթարկելով հարյուրավոր ցուցարարների: Մենք տեղեկություններ էինք ստանում, որ ոստիկանները հատկապես բաժիններում մեծամասամբ գործել են օրենքի սահմաններում, ավելին՝ ոստիկանական մեքենաներում ու բաժիններում բերման ենթարկվածների հետ եղել են քաղաքավարի ու նույնիսկ հավանություն են տվել դիմադրության շարժմանը: Սակայն փողոցում գործողություններ իրականացնողների մեջ իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ իրենց դրսևորում էին փողոցային խուլիգանի նման՝ աչքի ընկնելով անմարդկային պահվածքով: Նրանցից ոմանք գազանաբար հարվածում էին ցուցարարներին, ոմանք խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը, իսկ ահա ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի պահվածքին, որը ոտքով հարվածում էր լրատվամիջոցի օպերատորին և հայհոյում քաղաքացուն, դժվար է նույնիսկ որակում տալ: Նման գործողություններին գնահատական պետք է տան իրավապահ մարմինները, այդ թվում՝ հենց ԱԱԾ-ն: Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ մարդու հիմնարար իրավունքների դեմ կոպիտ խախտումների ենք ականատես լինում, և շեշտում, որ այս ամենի հետ կապված պետք է հրավիրել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունը: Ըստ Մելոյանի, «ակնհայտ է, որ իրավապահ մարմինները հրահանգավորված են կիրառել անհամաչափ ուժ, որոնք երբեմն շատ բիրտ դրսևորում են ստանում՝ ընդհուպ մինչև մարդու առողջությանը տարբեր չափի վնասվածքներ են պատճառվում»: Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել այն գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար: Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ ընդդիմությունը բոլոր նշյալ դեպքերի հետ կապված լուսանկարներն ու տեսանյութերը ի մի է բերում, որպեսզի ցանկացած օրինազանց ապագայում պատասխան տա իր կատարած գործողությունների համար՝ օրենքի ողջ խստությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից մայրաքաղաքում մեկնարկել են զանգվածային անհնազանդության գործողությունները, որի ընթացքում բազմաթիվ բախումներ եղան ակցիայի մասնակիցների ու ոստիկանական ուժերի միջեւ։ Բերման ենթարկվեց շուրջ 200 քաղաքացի։ Ոստիկանական գործողությունները երբեմն ուղեկցվում էին բռնի ուժի գործադրմամբ, վայրագ դրսեւորումներով։ Հիմնականում հատուկ նշանակության ջոկատի տղաներն էին ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնելով, կոպիտ քաշքշելով՝ մարդկանց բերման ենթարկում։ Բայց սրանք ամբողջ ոստիկանությունը չեն։ Հակառակը՝ ոստիկաներից շատերը ոչ միայն բարեկիրթ էին ու ցուցարարների նկատմամբ հնարավորինս մեղմ, այլ մի բան էլ՝ նրանց կողմից էին։ Բերման ենթարկվածներից ոմանք մեզ պատմեցին, որ ոստիկաններն իրենց նկատմամբ ուժ չեն գործադրել, իսկ մեքենա նստեցնելուն պես սկսել են մեղա գալ, հարցնել՝ «հո շատ չցավեցրի՞նք»։ Ոստիկանական բաժանմունքներում սուրճ ու թեյ են հյուրասիրել, եւ ամենաուշագրավը` ոմանք թունդ հայհոյանքներ են հնչեցրել՝ ուղղված ոչ թե ցուցարարներին կամ ընդդիմությանը, այլ հենց Նիկոլ Փաշինյանի անձին։ Հայհոյողներն այնքան շատ են եղել, որ ցուցարարներն անգամ զարմացել են նրանց համարձակության փաստից: Մեզ պատմեցին, որ գրեթե ամեն երկրորդ ոստիկան խնդրել է իրենց. «Մի բան արեք՝ սրանցից շուտ ազատվենք», քանի որ հոգնել են արդեն «էս բարդակ վիճակից»։ Իսկ չեն միանում փողոցում հավաքված ցուցարարներին, որովհետեւ «չեն ուզում աշխատանք կորցնել», հատկապես որ չգիտեն՝ կհաջողի՞ ընդդիմությունը, թե՞ ոչ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին երկու օրերին իշխանության վերին օղակներից զանգահարում են բոլոր կրթական հաստատությունների ղեկավարներին ու խստիվ արգելում, որ ոլորտի ներկայացուցիչները որևէ միտինգի մասնակցեն: Ու չնայած մի քանի բուհեր շտապեցին հայտարարել, թե իբր դասերն ընթանում են բնականոն հունով, այդուամենայնիվ, դասախոսներից և ուսանողներից շատերը միացել են դիմադրության շարժմանը, ինչի մասին էին վկայում բուհերի դատարկ լսարանները: Մենք օրվա ընթացքում տեղեկություններ էինք նաև ստանում, որ բազմաթիվ դասախոսներ պայմանավորվել են ուսանողների հետ՝ հեռավար անցկացնել դասերը, որպեսզի ո՛չ շարժումը տուժի, ո՛չ էլ դասերը: Ի դեպ, երեկ հայտարարություն տարածեցին տարբեր բուհերի դասախոսներ՝ խստորեն դատապարտելով ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները։ «Մասնակցելով խաղաղ ցույցերին՝ ուսանողությունը պայքարում է հանուն բոլորիս արժանապատիվ ապագայի, հանուն կայուն ու անվտանգ Հայաստանի՝ էական ներդրում անելով Հայաստանում ազգակենտրոն քաղաքացիական մշակույթի զարգացմանը»,-նշված է հայտարարության մեջ: Երեկ օրվա ավարտին հայտարարությանը միացել էին հարյուրից ավելի դասախոսներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքական իշխանություները 44- օրյա պատերազմի 29-րդ օրը պաշտոնից ազատված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին նոր պաշտոն են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վաղինակ Սարգսյանին նշանակել են «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար: Արձանագրենք, որ կենտրոնը գործում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Այս նշանակումը տարակուսելի է այնքանով, որ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին՝ պատերազմի թեժ օրերին, ԱԱԾ նախկին տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանն այցելել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր եւ բավականին թեժ քննարկում ունեցել սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց հետ, որոշակի դժգոհություն հայտնել։ Պատերազմի թեժ օրերին անակնկալ կերպով հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց՝ Վաղինակ Սարգսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը ձախողել է իր աշխատանքը: Եվ հիմա՝ նման ձախողումներից հետո, կազմակերպչական դեֆիցիտ ունեցող Վաղինակ Սարգսյանը նշանակվել է ՊՆ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար՝ բավականին բարձր աշխատավարձով: Ակամայից հարց է առաջանում՝ 2020 թ պատերազմում ձախողածներին նոր պաշտոններ տալով՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը չի՞ խրախուսում պարտությունները>: