23.11.2024
Իտալիայում երկրաշարժից տուժած ՀՀ քաղաքացիների մասին ԱԳՆ-ն առայժմ տվյալներ չունի
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Թուրքիայի հայտարարությունը ԵԱՏՄ-ին անդամակցելու ցանկության մասին անհիմն է

Պաշտոնական Երևանը Անկարայի հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան ցանկություն ունի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը որակում է անհիմն: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Վերջինիս խոսքով, այդ հայտարարությունն իր տակ որևէ հիմք չունի, այնպես որ առանձնապես մեկնաբանության կարիք էլ չի զգում:

«Որպեսզի անդամակցի ԵԱՏՄ-ին Թուրքիան պետք է դուրս գա ԵՄ հետ Մաքսային միությունից և հրաժարվի ԵՄ անդամակցության ծրագրերից: Մինչ օրս դա տեղի չի ունեցել, հետևաբար մեկնաբանելու կարիք չկա՝ դա սովորական դեկլարատիվ հայտարարություն է»,- ասաց նա:

Հիշեցնենք օրերս Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Daily Sabah-ին տված հարցազրույցում ասել էր, որ մինչ ռուսական ինքնաթիռի կործանումը թուրքական կողմը ՌԴ հետ բանակցություններ էր վարում ԵԱՏՄ անդամակցելու շուրջ: Այժմ, նրա խոսքով, այդ բանակցությունները վերականգնվել են և Թուրքիան ցանկանում է դրանք հնարավորինս արագ ավարտին հասցնել:

Ինչ վերաբերում է առհասարակ երրորդ երկրների ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացին, Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ համաձայն պայմանագրի՝ նման որոշումները կայացվում են կոնսենսուսային ճանապարհով: Այսպիսով փոխարտգործնախարարը հասկացնել տվեց, որ Թուրքիայի անդամակցության համար անհրաժեշտ է նաև Հայաստանի համաձայնությունը: Մինչդեռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որևէ կերպ չի նախանշվում, երկու երկրների միջև գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993 թվականին փակ հայ-թուրքական սահմանի խնդրի կարգավորման համար Թուրքիան առաջ է քաշում նախապայման՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի հօգուտ Ադրբեջանի: