VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց էր անում` Արցախի փրկության եւ, ըստ այդմ` ՀՀ իշխանություններին հեռացնելու օրակարգով։ Նա այս ընթացքում անընդհատ հարցազրույցներ էր տալիս եւ մի քանի անգամ հայտարարել է, թե այլեւս չի վերադառնալու խորհրդարան, չի պատկերացնում այնտեղ իր աշխատանքը․ «Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախում ապրող հայը կարող է ապրել ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում չգիտեմ այլեւս ինչով պետք է զբաղվեմ»: Երկու դեպքում էլ` ե՛ւ հաջողության, ե՛ւ անհաջողության պարագայում, ենթադրվում է, որ Վանեցյանը վայր կդնի մանդատը: Այդ պարագայում խորհրդարան կմտնի ցուցակի հաջորդ համարը՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը «հարուստ» անցյալ ունի` իշխանամերձ մատույցներում, ընտրությունների եւ անգամ բիզնես գործունեության ոլորտում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի ողջ տարածքում առանձնահատուկ անվտանգային միջոցառումներ էին կիրառվել. տարածք էին բերվել աննախադեպ թվով ոստիկաններ, ամբողջովին կասեցվել էր մարդկանց հոսքը հուշահամալիր տանող բարձունք, ընդ որում՝ ուղեփակոցով։ Ինքը՝ Փաշինյանը, հուշահամալիր էր այցելել թիմակիցներից առանձին, նրա հետ էին միայն նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ կառավարության մյուս անդամներն ու պատգամավորները գալիս էին զգալի ինտերվալով ու անմար կրակին հասան նշյալ եռյակի՝ մեծ արագությամբ հեռանալուց հետո։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ընդհանրապես, վերջին շրջանում Փաշինյանի լարվածությունն ու անհանգստությունները էլ ավելի են մեծացել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրա անվտանգությունն ապահովող աշխատակիցների թիվը ավելացել է ևս 15-ով, չնայած մինչ այդ էլ աննախադեպ մեծ է եղել։ Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բացարձակ դադարել է վստահել որևէ մեկին, էլ ավելի կասկածամիտ է դարձել և գրեթե բոլորից «ստրախովկա» է պահում։ Այցերի ժամանակ առավել ևս ծայրահեղ զգուշավորություն է ցուցաբերում, այդ թվում՝ հանդիպումներին հաջորդող հյուրասիրության մասով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 24-ին ՀՀ բարձրագույն իշխանությունն ու հոգեւոր դասն առանձին-առանձին են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, նախորդ տարի նույնպես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կաբինետի հետ տարբեր ժամերի են Ծիծեռնակաբերդի բարձունք բարձրացել: Սա, իհարկե, աննախադեպ երեւույթ է, երբ հոգեւոր դասն ու օրվա իշխանությունը ցավի, հիշողության, պայքարի օրն ազգի պառակտում են ի ցույց դնում, պառակտում, որ 2018-ից սկսվեց, երբ ես ու գործընկերս գլխահակ ու մեր՝ բոլորից տարբերվող մտորումներով Ծիծեռնակաբերդ էինք բարձրանում, իսկ մեր կողքին բարձրախոսով ու «կամուֆլաժով» երիտասարդներ՝ անխնամ բեղ-մորուսով ու ճմրթված հագուստներով, Սերժ Սարգսյանին «մերժած» Նիկոլ Փաշինյանի համար դեպի հուշահամալիր ճանապարհ էին բացում: Ժողովրդի «ընտրյալը», դեռ վարչապետի աթոռը չստանձնած, արդեն տարանջատվում էր իր իսկ ասած «ժող ջանից»: Ծափ ու ծիծաղ էր, մարդիկ փառավորվում էիր՝ իրենց «փրկչին» տեսնելով: Երբեք չեմ մոռանա ծխախոտի մնացուկները մատների հմուտ շարժմամբ մի քանի մետր հեռավորության վրա գետին շպրտող ու իբրեւ թե հասարակական կարգը հսկող ոստիկանների լայնժպիտ դեմքը« որ խոսում էին ինչ-որ լծից ազատվելու ու ժողովրդի մի մասնիկը լինելու մասին:
Ինձ ու գործընկերոջս այդ օրերին բացառապես մի հարց էր հետաքրքրում՝ ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: Հարցի պատասխանը գոնե մենք ինչ-որ չափով կանխատեսում էինք, այնինչ Փաշինյանի՝ իշխանության գալով հրավառված մեր մյուս գործընկերները, որ այդ պահին նույնպես դեպի Ծիծեռնակաբերդ էին բարձրանում, հորդորում էին չմտածել այդ մասին ու փառք տալ Աստծուն, որ վերջապես ազատվեցինք նախկինների լծից: 44-օրյա պատերազմից հետո ոչ միայն Ծիծեռնակաբերդ, այլ նաեւ Եռաբլուր այցելելիս կամ պետական այլ միջոցառումների ժամանակ օրվա իշխանությունը մեկուսի է՝ առանց հոգեւոր դասի կամ ՀՀ նախկին նախագահների: Իհարկե, չեմ բացառում, որ նախկին երեք նախագահները կընդունեն Փաշինյանի հետ, օրինակ, Եռաբլուր գնալու կամ Անկախության տոնը նշելու ժամանակ նույն հարթակի վրա կանգնելու առաջարկը, բայց վստահ էլ չեմ, որ հատկապես 44-օրյա պատեազմից հետո նման առաջարկ եղել է գործադրի կողմից: Ավերիչ ու աղետաբար պատերազմից հետո էլ ավելի է խորացել «Նիկոլ, դավաճան» ու «Նիկոլ, վարչապետ» գոռացողների միջեւ գոյացած ու ահագնացող անջրպետը. հայ մարդն իր հարեւանի, ընկերոջ, եղբոր կամ ծնողի միջեւ բարեկամության ու ատելության սահման է գծել, այնինչ իրական սահմանի՝ հակառակորդին շատ մոտեցած գծերը հենց այս պահին տիրություն անողի են սպասում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 22-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ բավական ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել։ Նա ասել է, թե Փաշինյանը չի պատրաստվում Արցախը հանձնել: Ճիշտ է` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին այլընտրանք չկա, բայց «Նիկոլն ամեն ինչ անելու է Արցախը պահելու համար»։ Ընդդիմադիրները տարակուսած հակադարձել են` եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, եւ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն, դա կնշանակի Արցախը զիջել Ադրբեջանին: Հարությունյանը փոխանցել է Փաշինյանի հավաստիացումները, որ պայմանագրում հատուկ կետ է լինելու, թե Արցախի հարցը կապ չունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Ավելին` Արցախի նախագահը վերաշարադրել է Փաշինյանի պատմածը, թե` ՌԴ նախագահ Պուտինը մոսկովյան հանդիպման ժամանակ ասել է՝ հարցը դեռ տաք է, պետք է թողնել սառչի, նոր որոշում կայացնել, իսկ մինչ այդ խոստացել է ապահովել արցախցիների անվտանգությունը։ Ընդդիմադիրները հակադրվել են՝ քանի՞ տարի ռուսը պիտի պահի, քանի դեռ կարգավիճակի հարցը լուծված չէ, իրենք դեմ են նման պայմանագրի ստորագրմանը։ Ոմանք հեգնել են՝ եթե թողնում են, որ մի 50 տարի «սառչի», էլ արցախցի մնացած չի լինի, որ կարգավիճակի համար պայքարի։ Ընդդիմությունն ԱԽ նիստից հեռացել է զայրացած` համարելով, որ հերթական անգամ իրենց խաբում են, որ հակահայկական ծրագիրն իրականացնեն: Ի դեպ, ԱԽ նիստը հրավիրվել է ՀՀ կառավարության վերջին նիստի օրը՝ ժամերի տարբերությամբ, իսկ այդ նիստում, հիշեցնենք, Փաշինյանը, մոռանալով իր բոլոր նախկին հայտարարությունները, հայտարարում էր, թե` եթե հանձնող լիներ, Արցախը 44-օրյա պատերազմի ընթացքում կհանձներ, «Արցախը իր չէ, որ հանձնենք»։
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները ամեն կերպ փորձում են հանրության մեջ «ներարկել», թե այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները, հանրահավաքները կարող են պատերազմի պատճառ դառնալ: Մինչդեռ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ցնդաբանություն է կարծել, թե այս կարգի միջոցառումները կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել: "Սրանք ներպետական խնդիրներ են, իսկ եթե կան որոշակի նկրտումներ ունեցող հարեւաններ կամ պետություններ` ոչ հարեւան, որոնք ունեն իրենց ծրագրերը, թե պետության ներսում ինչ է կատարվում, ինչի համար է կատարվում, իրենց համար նշանակություն չունի: Ընդամենը կարող է նպաստավոր պայմանների պահը համընկնել դրա հետԼ Բայց ասել, որ դա հակառակորդի, թշնամու ջրաղացին ջուր լցնելու միտում ունի, միանշանակ այդպես չէ"»:
Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախկին խանդավառությամբ չի արձագանքում ընդդիմության՝ արդեն մոտ տասն օր մեկնարկած տարբեր ցույցերին, ակցիաներին։ Երբեմնի «հեղափոխականները», որ իրենց ու հատկապես իրենց քաղաքական առաջնորդին թթու խոսք ասողներին, մեկը մյուսին հերթ չտալով, քննադատում ու դատափետում էին, այժմ կա՛մ հազարից մեկ են Facebook-յան գրառումներ անում, կա՛մ առհասարակ լռում են։ Իհարկե, ՔՊ-ի «նախկիններն են մեղավոր» խոսույթը իշխանականների առաջին գծի ներկայացուցիչների շուրթերին է դեռ, բայց նկատելի է, որ ՀՀ «հպարտ ու արժանատաիվ» քաղաքացիների անունից խոսացողների բոցաշունչ ելույթներն այս օրերին չեն լսվում։ Սա երկու բան կարող է նշանակել. նրանք կա՛մ «մեր դեմ խաղ չկա» տրամաբանությամբ են առաջնորդվում, կա՛մ նրանց ընդգծված սուր ելույթներից զերծ մնալու խորհուրդ են տվել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, այս օրերին թե՛ Երևանում, թե՛ առավել ևս մարզերում իրավապահների ուշադրության կենտրոնում են հեղինակություն, ճանաչում ունեցող անձինք: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոշորացույցով ուսումնասիրվում է նրանց ամեն մի քայլը՝ ուր գնացին, ում հետ հանդիպեցին, որքանով են առնչվում կամ մասնակցում ընդդիմության ակցիաներին: Ի դեպ, մեր զրուցակիցներից մեկը, որն իր առումով ակնհայտ նկատել է այս «ուշադրությունը», հումորով նշեց, թե «նման օրերին ավելի ապահով ենք ապրում, քանզի հայրենի իրավապահների աչառու հսկողության ներքո ենք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաշինգտոնում հայկական համայնքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Լիլիթ Մակունցը խուսափել է մասնակցել համայնքի ապրիլքսանչորսյան միջոցառումներին: Նախ, առավոտյան Վաշինգտոնի երկու հայկական եկեղեցիներում սգո պատարագ է մատուցվել, անցկացվել են մի շարք համայնքային միջոցառումներ: Մակունցը որեւէ տեղ չի եղել` ո՛չ պատարագին, ո՛չ էլ անգամ հայ փոքրիկների կազմակերպած՝ ցեղասպանության վերաբերյալ թատերական ներկայացմանը: Մակունցի խուսափելն ապրիլքսանչորսյան միջոցառումներից Վաշինգտոնում ընկալվում է որպես պահանջատիրությունից եւ ընդհանրապես ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայից Հայաստանի իշխանությունների խուսափում, ինչը, համայնքի ընկալմամբ, հանցագործության պես մի բան է: Մակունցն ապրիլի 24-ը նշել է միայն մի փոքր խումբ յուրայինների հետ, որոնց թվում` դեսպանության աշխատակիցներ ու նրանց ընտանիքի անդամներ, ծաղիկներ դնելով դեսպանության դարպասների ներսում տեղադրված խաչքարի մոտ: Հայ համայնքում ասում են` դեսպանություն-համայնք կապը երբեւէ նման ողբալի վիճակում չի եղել: Մակունցն ամերիկահայ համայնքը բաժանել է սեւ ու սպիտակի եւ շփվում է բացառապես մի փոքր խումբ յուրայինների հետ»:
Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը չի կարողանում բանտերում իրավիճակ փոխել: Խոսենք փաստերով. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու եւ միջնորդի միջոցով այն ստանալու հերթական դեպքը: Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի օգնականի պաշտոնը զբաղեցնող, արդարադատության մայոր Ա.Գ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պետական մարմնում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Տ.Ե-ին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջինիցս որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.500.000 (ինը միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումար-կաշառք: Սա ամենը չէ. մոտ երկու ամիս առաջ առերեւույթ կոռուպցիոն չարաշահումների եւ խոշտանգման դեպքերի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը, եւս երկու աշխատակից ներգրավված են որպես մեղադրյալ: Նշենք, որ քրեակատարողական ծառայության Բերդի պետ Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, որին մինչ օրս ո՛չ ԱԱԾ-Ն, ո՛չ էլ դատախազությունը չեն կարողանում կալանավորել, թեեւ նախաքննական մարմինը ձգտում է: Ավելին՝ Արտակ Սարգսյանին իրավապահների այս բացահայտումից հետո նոր պաշտոն են տալիս՝ նշանակելով դատապարտյալների հիվանդանոցի շտաբի պետ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ վերահսկողական գործողություններ են իրականացվում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում՝ պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկներում, ինչպես նաև՝ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում: Ի մասնավորի, այդ ցանկում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն և այլն: «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ ուսումնասիրությունների արդյունքում արդեն իսկ բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ. ի մասնավորի, ուսումնասիրվող միայն մեկ կառույցում 10 մլրդ դրամից ավելի չարաշահումներ են հայտնաբերվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում, երբ կամփոփվեն արդյունքները, հավանական են նույնիսկ աղմկոտ ձերբակալություններ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները վերջին օրերին լրջորեն քննարկում են՝ ինչպես հետողորմյա անել արդեն իսկ ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որով արգելվում է բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելը: Ինչպես հայտնի է, մարտից ռեստորաններում նարգիլեներ եւ սեղանների մոխրամաններ չեք կարող հանդիպել, քանի որ ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելու արգելքը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում մտադրություն կա այս օրենքով նախատեսված արգելքների մի մասը հանել, քանի որ իշխանություններն արդեն ազդակներ են ստացել այն մասին, որ այս արգելքը բացասաբար է ազդում հանրային սննդի վայրերի աշխատանքի, ինչպես նաեւ զբոսաշրջության վրա: Հնարավոր է՝ որոշվի բացօթյա սրճարաններում եւ հատուկ առանձնացված տարածքներում ծխելու արգելքը հանել»: