"Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկվա հարցազրույցում հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ, իսկ Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում ունեցած ելույթում հանցակազմ չկա:
Համացանցը, քաղաքական դաշտը Մարուքյանին շտապեցին հիշեցնել իր իսկ գրառումը, որում նա նոյեմբերի 9-ը ոչ այլ ինչ, քան կապիտուլյացիա է որակում՝ հրապարակելով համապատասխան սքրինշոթները: Սակայն Մարուքյանը, որ վերջերս Փաշինյանից վերջապես մի պաշտոն ստացավ, շարունակում է հերքել անհերքելին ու խմբագրել սեփական իսկ անփառունակ անցյալը:
Հերթական գրառումն էլ ապացույց.
"Այո՛, նոյեմբերի 9-ի հայտարարությունը շոկային էր բոլորիս համար: Պարտվել էինք և մեզ ջախջախված էինք զգում: Կարճ ժամանակ անց վերագնահատելով եղելությունը որոշեցինք կենտրոնանալ եղածը պահպանելու և ամրացնելու գործին, ոչ թե ինքներս մեզ հիմնավորելու, որ պետությունը ծնկել է:
Պատերազմի ավարտից ամիսներ անց անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, միջազգային իրավունքի մասնագետներ բերել Հայաստան, որ հիմնավորեն, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից և հնչում է գլխավորապես իրենց մամուլում:
Իմ նկատմամբ հակաքարոզչությանը սովոր եմ, բայց ադրբեջանական պրոպագանդան հայաստանյան մամուլում հետևողականորեն շրջանառելու նկատմամբ հաշտ չեմ: Հաշտ չեմ նաև քաղաքական պրիմիտիվիզմ քարոզողների հետ, ովքեր իրավիճակային քաղաքական հայտարարությունները չեն տարբերում թշնամական ագիտացիայից:
Դիզելի թեմայից էլ այդքան մի նեղվեք, ձեր կալիբրը ավելին չէ, տարիներն էին պարզապես երկար",- գրել է Մարուքյանը:
Սպասենք՝ առաջիկայում Էդմոն Մարուքյանը ստիպված կլինի արդարանալ "խորը քաղաքական ճգնաժամը մեկ լուծում ունի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական", " Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» պետք է գիտակցեն` սա էն Հայաստանը չէ, որտեղ իրենք 83 % ձայն են հավաքել` խորհրդարանում ու Երևանի ավագանիում: Էն Հայաստանը, որի վարչապետն էր Փաշինյանը, Արցախի հետ միասին ուներ 42 հազար քառ. կմ տարածք, այդ Հայաստանը չկա` այդ թվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և նրա դրած ստորագրության արդյունքում: Հետևաբար նա չի կարող լինել այս Հայաստանի ղեկավարը", "Իմ բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է, որ` եղբա՛յր, հեղափոխությունը եղավ, բայց կառավարման մեջ դու տապալեցիր", "Նիկոլ Փաշինյանի հիմնական ձախողման հիմքը նրա վարած կադրային քաղաքականությունն է" և այլ "в порыве страсти" հնչեցրած արտահայտությունների համար։ Ի դեպ, վերջինը իրականություն է՝ Մարուքյանի նշանակումը վկա:
Լիա Խոջոյան