Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացաքում Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման պահանջ չի եղել:
«Իմ պաշտոնավարման ժամանակ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման պահանջ չի եղել, եւ, եթե խելամիտ վարվենք, ապա կարող ենք նվազագույնը ապահովել»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, որն ապրիլի 19-ի երեկոյան գտնվում էր այնտեղ` հանդիպելու անժամկետ նստացույց անող «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին:
Այվազյանի խոսքով, միջազգային հանրությունը ոչ միայն Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու պահանջ չի դրել, այլև արվել են ՀՀ-ի և Արցախի շահերին համահունչ հայտարարություններ:
«Եղել է մի քանի հայտարարություն համանախագահների կողմից, մասնավորապես կհիշեցնեմ դեկտեմբերի 3-ին եւ ապրիլի 13-ին եւ այնտեղ, կարծում եմ, այն շեշտադրումները, որ արել են, լիովին համապատասխանում է մեր ազգային ու պետական շահերին», - հիշեցրել է նախկին նախարարը` վստահություն հայտնելով, որ դիվանագիտության միջոցով «կարող ենք մեր մեջքն ուղղել եւ ապահովել մեր ազգային ու պետական շահերը»։
«Հիմա չեմ ուզում գնահատական տալ, բայց ինձ թվում է, որ բավական աշխատանք էր տարվել եւ որոշ շեշտադրումներ միջազգային հանրության կողմից ապահովել էինք»,-ասաց Արա Այվազյանը՝ նշելով, որ իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ հռետորաբանությունն ու թիրախավորումն այլ է եղել, իսկ թե ինչ է տեղի ունեցել այս մեկ տարվա ընթացքում, չի կարող ասել:
Այնուամենայնիվ նա վստահ է`պատերազմով չի ավարտվել գործընթացը և հակամարտությունը կարգավորված չէ:
«Այն փոշին, որ բարձրացել է պատերազմից հետո, ենթադրում է, որ գործընթացները շարունակվում են, աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, եւ սա ոչ միայն Հայաստան–Ադրբեջան առանցքի մեջ է, սա շատ ավելի լուրջ է, եւ կարող է թվալ, որ Հայաստանը Հարավային Կովկասում ամենաթույլ երկիրն է, բայց Հայաստանի դիրքորոշումից շատ–շատ բան է կախված, թե այստեղ, այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում»:
Արա Այվազյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի առաջադրած 5 պահանջներին: «Ադրբեջանի պահանջն առաջին հերթին վերաբերում է իր տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, - նկատել է նախկին նախարարը: - Իսկ ինչու՞ մենք նույն հարցը չենք տալիս Ադրբեջանի նախագահին՝ ինքը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե այո, ապա պարտավոր է օր առաջ դուրս բերել իր զորքերը»։
Վերջում Այվազյանը խոսել է զորքերի հայելային հետքաշման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ: «Զորքերի հայելային հետքաշման մասին իմ բացասական կարծիքը հայտնել է Նիկոլ Փաշինյանին եւ ժամեր անց հրաժարական է տվել», - ասաց նա:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 13-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում, հերթական անգամ մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ: Փաշինյանի ամենաքննարկվող հայտարարությունը վերաբերում էր միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու պահանջին: Փաշինյանն իր խոսքի այդ հատվածում մասնավորապես նշեց․
«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, մեզ վրա հույս չդնեք, ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»:
Փաշինյանն իր ելույթում նա շեշտել էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։ «Էն, ինչ որ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին ա, հարգելի գործընկերներ։ Ուշադիր էղեք՝ չհանձնելու մասին ա։ Որովհետև եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք։ Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր», - ասել էր Փաշինյանը։