22.11.2024
Բունդեսթագում քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյան. Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու համար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ով Երևան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը ողջունել է Օլանդին և նշել, որ իր համար մեծ պատիվ է կրկին հյուրընկալել Ֆրանսիայի նախագահին Հայաստանում, որտեղ նա անչափ սպասված ու սիրված հյուր է: Նա իր խոսքում շնորհակալությամբ է հիշել մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը՝ այս օրը Հայաստանում հայ ժողովրդի կողքին լինելու և ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու մասին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի նման պետության հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու համար, որի հիմքում այսպիսի քայլերն են: Նախագահը նշել է, որ շատ բարձր է գնահատում Օլանդի այսօրվա ելույթը և դրա միջոցով աշխարհին հղված նրա ուղերձները, առանց որոնց ոգեկոչման այսօրվա միջոցառումները լիարժեք չէին լինի:

Ֆրանսուա Օլանդն ընդգծել է, թե այնպիսի զգացողություն ունի, որ Երևանում պատմական իրադարձության մասնակցեց. պատմական, որովհետև 100-րդ տարելիցն էր Հայոց ցեղասպանության: Պատմական, որովհետև միջոցառման բոլոր մասնակիցները խաղաղության և հույսի ուղերձ հղեցին այն ազգերին, որոնք պատմության ընթացքում ճնշվել են ու դառնություններ կրել: