22.11.2024
Սերժ Սարգսյան. Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու համար
prev Նախորդ նորություն

Ֆրանսուա Օլանդ. Ֆրանսիան ճանաչել է ցեղասպանությունը, քանի որ չի ցանկանում այդպիսի հանցագործությունների կրկնություն

Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, քանի որ չի ցանկանում նման հանցագործությունների կրկնություն ապագայում: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24-ին կայացած սգո արարողության ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Մեր մասնակությամբ այս միջոցառումներին մենք մեր ներդրումն ենք բերում հաշտեցման գործընթացին, տարածաշրջանում խաղաղության տարածմանը, աշխարհում, Մերձավոր Արևելքում: Հայոց ցեղասպանության ճանաչումը խաղաղության ևս մեկ ակտ է»,-նշել է Օլանդը: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Թուրքիայում բազմաթիվ անգամ կարևոր հայտարարություններ են հնչել, սակայն դեռևս կան այնպիսի հայտարարություններ, որոնք պետք է արտասանել և այդ ժամանակ նրանք կմեղմացնեն ցավը:

Օլանդը նաև հույս է հայտնել, որ մոտակա ժամանակներում կբացվի հայ-թուրքական սահմանը: Նա անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը և նշել, որ Ֆրանսիան աջակցում է խաղաղ կարգավորման գործընթացին: Օլանդն ընդգծել է, որ 1915թ.-ին ցեղասպանության առաջին զոհերը հայ մտավորականության ներկայացուցիչներն էին և այդ համատեքստում հավելել, որ հայ մտավորականության երևելի շատ ներկայացուցիչներ ապաստան են գտել Ֆրանսիայում և իրենց ներդրումն են ունեցել այդ երկրի բարգավաճման գործընթացին: Նրանք, ինչպես օրինակ Շառլ Ազնավուրը, դարձել են Հայաստանի և Ֆրանսիայի հպարտությունը:

«Ֆրանսիան դեմ է բացասականին, դեմ է ճշմարտության կոծկմանը և դեմ է արտահայտվում ցեղասպանություններին: Մենք տարբերություն չենք դնում Ռուանդիայի, Կամբոջայի և այլ պետությունների միջև, որի ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել: Շատ կարևոր է հիշել պատմական փաստերը և այդ պատճառով ես թույլատրել եմ բացել Ռուանդայի դեպքերի վերաբերյալ արխիվները: Մարդիկ չպետք է ոչնչացվեն այլ կրոնի կամ ազգի պատկանելու համար: Մերձավոր Արևելքի այսօրվա իրավիճակը անհանգստացնող է, քանի որ այնտեղ ազգային և կրոնական փոքրամասնությունները ոչնչացման եզրին են գտնվում»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը նշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպասնության 100-ամյակը: Ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի բազմաթիվ երկրների և ԱՄՆ-ի 46 նահանգների կողմից: