Հայաստանում ընթանում են քննարկումներ Գերմանիայի Խորհրդարանում՝ Բունդեսթագում, Հայոց ցեղասպանությունը դատպարտող բանաձևի նախագծի քվեարկության հետաձգման պատճառների վերաբերյալ: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ցեղասպանության դատապարտման բանաձևի նախագածի քվեարկությունը հետաձգվեց Թուրքիայի ճնշման հետևանքով: Ճնշման մեխանիզմները պայմանականորեն բաժանում են երկու մասի՝ տնտեսական և հումանիտար-քաղաքական:
Գերմանիան հանդիասանում է Թուրքիայի համար առաջին առևտրա-տնտեսական գործընկերը: Գերմանիայի տարածքում ապրում է ավելի քան 3 մլն ազգությամբ թուրք, որոնց կեսից ավելին ունի Գերմանիայի քաղաքացիություն և հանդիսանում է լուրջ քաղաքական գործոն՝ ընտրազանգված: Մյուս կողմից՝ Բեռլնից փոխանցվող տեղեկատվության համարձայն՝ Բունդեսթագում ապրիլի 24-ին ընդհանրապես չէր նախատեսվում «հայկական բանաձևը» դնել քվեարկության. տեղի են ունեցել ընդամենը խորհրդարանական լսումներ:
Բունեսթագում քննարկվող բանաձևի նախագծում նշվում էր, որ Հայերի «ճակատագիրը 20-րդ դարում իրականացված զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, տեղահանումների, ինչպես նաև ցեղասպանության օրինակ է»: Գերմանիայի խորհրդարանի նիստում բանավեճից հետո բանաձևը հետ ուղարկվեց Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողով` հետագա քննարկման։ Այն նախատեսվում է ընդունել մինչև ամառ:
Քննարկումների ժամանակ Բունդեսթագի նախագահ
Նորբերթ Լամերթը (կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միությունից») նիստի բացման խոսքում նշեց, այն, ինչ առաջին համաշխարհային պատերազմի կեսերին տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում, համաշխարհային հանրության աչքի առաջ, ցեղասպանություն էր:
Արևելագետ
Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Գերմանիայի իշխանությունը` Մերկելի գլխավորությամբ հարցը հետաձգեց և սա ցույց է տալիս, որ Թուրքիայի ճնշումը Գերմանիայի կառավարության վրա տվեց իր արդյունքը: «Խորհրդարանի հանձնաժողովներում պետք է դեռ քննարկումներ տեղի ունենան և գուցե օրինագծի ընդունումը տեղի ունենա մինչ ամառ: Պետք է ասել, որ սա կառավարության դիրքորոշումն է, իսկ Գերմանիայի նախագահի հայտարարությունը, Բունդեսթագի նախագահի ձևակերպումները շատ հստակ էին»,- փոխանցում է Սաֆրաստյանի խոսքերը tert.am-ը:
Նրա խոսքով, այն, որ որոշ պատգամավորներ իրենց ելույթում շեշտում էին նաև Հայոց ցեղասպանության հարցում Բեռլինի մեղսակցության հարցը, խոսում է Գերմանիայում քաղաքական առումով Ցեղասպանության ընդունման խնդրի հասունացման մասին: «Իսկապես Գերմանիայում քաղաքական առումով հարցը հասունացել է, ուղակի թուրքական ճնշումը մեկ անգամ ևս հնարավորություն տվեց Թուրքիային հասնել այն բանի, որ գործադիր իշխանությունը փորձի ամեն կերպ հարցը ձգձգել»,- ասաց նա:
Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ մինչ օրինագծի քննարկումը հայտնի էր դարձել, որ Մերկելի դրդմամբ օրինագծի վերնագրից հանվել էր Հայոց ցեղասպանություն բառը և դրվել էր չերևացող հատվածում: Հատկանշական է, որ մինչ այդ տեղի էր ունեցել Դավութօղլու-Մերկել հեռախոսազրույցը, որի ժամանակ, ըստ թուրքական աղբյուրների, Գերմանիայի կանցլերը հավաստիացրել էր Անկարային, որ պատմական իրադարձությանը չի տրվի «հստակ գնահատական»:
Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ըստ Սաֆրաստյանի, երկու խնդիր կա: «Առաջինն այն է, որ Գերմանիայի նման երկիրը, որը Եվրամիության կարևոր սյուներից է և մեծ դերակատարում ունի Եվրոպայում, չի արձագանքում այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Եվրոպական խորհրդարանում, ինչը նշանակում է, որ ինքն իր առաջնորդի դերը չի կարողանում կատարել այդ հարցում»,- ասաց նա: Իսկ երկրորդ հանգամանքը, արևելագետի կարծիքով` այն է, որ Գերմանիայում մեղսակցության խնդիր կա:
Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ թեև Գերմանիայի կողմից այդ օրինագծի ընդունումը կլինի մեկ քայլ առաջ, սակայն պետք է սպասել, որ վերջնական օրինագիծը կլինի շատ ավելի լղոզված: «Ամեն կերպ կխուսափեն հստակ բնութագրելու տեղի ունեցածը որպես ցեղասպանություն և ամեն ինչ կանեն, որ խուսափեն Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից»,-ասաց նա:
Բեռլինում աշխատող հայազգի լրագրող
Տիգրան Պետրոսյանը, սակայն տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին ընդհանրապես չէր նախատեսվում քվերակության դնել Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: «Ապրիլի 24-ին Բունդեսթագում քվեարկություն չի եղել և չէր նախատեսվում։ Ապրիլի 24-ին Բունդեսթագում տեղի են ունեցել ընդամենը լսումներ, քննարկումներ Հայոց ցեղասպանության թեմայով: Նիստը պաշտոնապես կոչվում էր «Քննարկումներ հայերի տեղահանության և բնաջնջման վերաբերյալ»: Այն տեղեկությունները, թե Գերմանիայի խորհրդարանը ապրիլի 24-ին ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, թյուրիմացություն է: Այլ հարց է, որ պատգամավորներն իրենց ելույթներում 1915 թվականի դեպքերն անվանել են ցեղասպանություն», - նշում է նա Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում:
Նա խոսքով, հստակություն չկա, թե երբ կոնրկերտ քվերակության կդրվի բանաձևի նախագիծը, քանի որ այն քննարկվելու է հանձնաժողովներում, ինչը կարող է տևել մեկ շաբաթ կամ շաբաթներ, ամիսներ, ինչու ոչ` տարիներ: «Կոալիցիայի նախագիծը պետք է ընթացք ստանա մինչև Բունդեսթագի նոր ընտրությունները` 2017-ի սեպտեմբերը: Հակառակ դեպքում նոր ընտրված խորհրդարանն արդեն իսկ ինքը պետք նոր նախագծեր մշակի», - հայտնում է Պետրոսյանը:
Ինչպես տեղեկացնում է Տիգրան Պետրոսյանը, գերմանացի օրենսդիրները հուսադրել են, որ ունեն քաղաքական կամք և ամեն ինչ անելու են, որպեսզի գերմանական խորհրդարանն ունենա նոր բանաձև որքան հնարավոր է շուտ, սակայն կրկին առանց որոշակի ժամկետներ հստակեցնելով: