Պուտինը փակում է պատուհանը դեպի Եվրոպա ու բացում դուռ դեպի Արևելք. քաղաքագետ
Ռուսաստանը դադարեցնում է իր անդամությունը Եվրոպայի Խորհրդում: Շատերի համար սա ոչ այնքան նշանակալի իրադարձություն է, ի պատասխան Ռուսաստանի դեմ կոլեկտիվ Արևմուտքի ճնշումների, որոնք, ըստ էության, Ռուսաստանը մեկուսացնում են Արևմտյան աշխարհից: Սակայն սա կարող է շատ ավելի խորքային նշանակություն ունենալ, ավելի խորը, քան զուտ քաղաքական ակտ:
Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, շարունակելով.
"Եվրախորհուրդը ստեղծվել է 1949 թվականին և իր մեջ ներառում է 47 երկիր, մոտ 800 միլիոն բնակչությամբ (ներառյալ Ռուսաստանը):
Եվրախորհրդը մշակել և ընդունել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական Կոնվենցիան, որը պարտադիր են բոլոր անդամ երկրների համար: Սա համարենք եվրոպական քաղաքակրթության հիմնարար դեկլակրացիա: Երկրորդ աշխարհամարտից հետո ԵԽ-ի միջոցով Եվրոպան միավորվում է, ստեղծում են խորհրդարան ու Մարդու Իրավունքների դատարան՝ եզակի կառույց միջազգային կազմակերպությունների առումով, որի որոշումները պարտադիր են բոլոր անդամ երկրների համար:
Հիմա Ռուսաստանը դուրս է գալիս այս կազմակերպությունից, որը բացի քաղաքական, նաև քաղաքակրթական խորքային նշանակություն ունի: Կարելի է ավելի խիստ ձևակերպել, Ռուսաստանը լքում է եվրոպական քաղաքակրթությունը և գնում է դեպի Արևելք, որտեղ տեղափոխվում է համաշխարհային տնտեսության առանցքը: Քաղաքակրթական առումով Արևելքը դեռևս ձևակերպված ու ինստիտուտացված չէ:
Կարելի ենթադրել, որ Ռուսաստանը միտված է կարևոր դեր խաղալ Արևելքի ինստիտուտուցման գործում, նաև անվտանգության նոր համակարգի ստեղծման գործում: Փաստորեն, Ռուսաստանը իրեն դուրս դնելով արևմտյան քաղաքակրթությունից, սկսում է քաղաքակրթական բախում: Կհաջողվի դա, թե ոչ, հիմա դժվար է կանխագուշակել, սակայն այն, որ դրանով թուլանում է Եվրոպան ու Եվրոպայի նշանակությունը, կարծես թե ակնհայտ է",- գրել է Դանիելյանը: