25.11.2024
«Զրոյից՝ պետություն». հայկական օրակարգը ՀՀ հետպատերազմյան վերականգնում է. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Բաքվի նպատակն է ապահովել Արցախի հայ բնակչության ելքը. Արա Սահակյան

Ադրբեջանական կողմը նպատակաուղղված կերպով ձգտում է անտանելի պայմաններ ստեղծել Արցախում մնացած հայ բնակչության համար։ Այս մասին հինգերորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է խորհրդարանի նախկին փոխխոսնակ, Ղազախստանում Հայաստանի նախկին դեսպան Արա Սահակյանը։


Նրա խոսքով, գյուղերի գնդակոծությունը, իհարկե, հանգեցնում է նրան, որ մարդիկ փորձում են հետ քաշել իրենց ընտանիքները՝ կանայք, ծերեր, երեխաներ։ Գազատարի վնասումը, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտումը հաշվարկային քայլեր են, որոնք կոչված են ապահովելու Արցախից հայ բնակչության կամավոր-պարտադիր արտագաղթը։ Միաժամանակ, ընդգծել է Սահակյանը, Հայաստանի իշխանությունները հեռանում են այս խնդիրներից՝ վստահեցնելով, որ դրանք պետք է լուծեն ռուս խաղաղապահները և Արցախի ղեկավարությունը։


Նա նշեց, որ իշխանությունների կողմից առաջ քաշվող այսպես կոչված «խաղաղության օրակարգը» միակողմանի է և չի արտացոլում թուրք-ադրբեջանական դաշինքի մտադրությունները, որի նպատակն իրականում առավելագույն զիջումներ ապահովելն է Հայաստանի պարտված և ահաբեկված իշխող վերնախավից։ Խաղաղություն չի հաստատվում, բախումներն էլ չեն պակասում, նշել է նա։


Նշենք, որ ադրբեջանական զինուժը ակտիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը Արցախում՝ կիրառելով ականանետեր և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակիչները։ Ադրբեջանական զինուժի թիրախը հիմնականում Խնուշինակ և Խրամորթ գյուղերն են եղել, որտեղ վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ։ Ադրբեջանը ծանր տեխնիկա է կուտակել գյուղի մոտ:


Բացի այդ, Արցախում արդեն երրորդ օրն է գազ չկա: Գազատարի մարտի 8-ի լույս գիշերը վնասված հատվածը գտնվում է ադրբեջանցի զինվորականների հսկողության տակ, որոնց հետ դեռ բանակցություններ են ընթանում վերականգնման աշխատանքները սկսելու համար։