VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք դեմ չենք սահմանների բացմանը, ավելին՝ մեր քաղաքական ուժը եւ անձամբ ես խորապես համոզված ենք, որ հարաբերությունները հարեւանների հետ պիտի նորմալ, բնականոն զարգանան, բայց մենք սկզբունքային մոտեցում ունենք այս հարցում. Հայաստանը պիտի գործոն ու սուբյեկտ լինի այս գործընթացներում»,-«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ երկարաժամկետ հեռանկարում մենք չենք կարող լավ ապրել, եթե անվտանգությունը ստորադասենք նյութական բարեկեցությանը։ «Ցավոք, մենք այսօր չունենք իշխանություն, որն ի վիճակի է, կամք ու ցանկություն ունի առաջ տանելու մեր ազգային ու պետական շահերը, հետեւաբար զարմանալի չէ, որ հանրության հետ աշխատանքը կառուցում են հենց այս բանաձեւի ներքո՝ «սահմանները բացվեն, տնտեսությունը կլավանա, կհարստանանք»։ Մեր ժողովրդին նորից մոլորեցնում են, շարունակում են մոլորեցնել», – նշել է Վանեցյանը։ «Ի՞նչ է առաջարկել այս իշխանությունը. այսպես կոչված բեռներից ազատվել, լավ ապրել։ Բայց ի՞նչ ունենք արդյունքում. ունենք կորցրած թիկունք, կորցրած կարողություններ, անվտանգություն, բայց որեւէ կերպ ավելի լավ չենք ապրում։ Ավելին՝ շատ ավելի վատ ենք ապրում։ Եվ իմ այս պնդման յուրաքանչյուր բառ հիմնավորված է ու հաշվելի։ Հիմա հարց եմ տալիս՝ բացի վնասից, այս իշխանություններն ի՞նչ են տվել մեզ», – ասել է ընդդիմադիր գործիչը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունն առաջիններից մեկը լքած նախկին պատգամավոր Գոռ Գեւորգյանը, որը զբաղվում է դասախոսական աշխատանքով, մեր լրագրողի հետ զրույցում վաստահեցրել է, որ չի զղջում իշխանության հետ կապերը խզելու համար։ «Ես դիրքորոշում եմ հայտնել պետության նկատմամբ ունեցած իմ պարտավորությունների շրջանակում»,- ասել է Գեւորգյանը՝ հիշեցնելով, որ առաջնորդվել է պետության շահով եւ սեփական խղճով։ Նա այժմ կրկին դասախոսական աշխատանքով է զբաղված։ «Պասիվությունս չեմ գնահատում բացասական, թեպետ պասիվություն էլ չէի գնահատի, պարզապես հանրային հարթակներից մի փոքր այն կողմ եմ գնացել, սակայն շարունակում եմ իմ մասնագետ գործընկերների հետ ակտիվ քննարկումներ ունենալ, այդ թվում՝ քաղաքական հարցերի շուրջ»,- ասել է նա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կալավանցի Ռոբերտին՝ Ռոբերտ Ղուկասյանին, Սյունիքի մարզպետ նշանակելուց անցել է մոտ մեկ շաբաթ, սակայն նրան դեռ պաշտոնապես չեն ներկայացրել աշխատակազմին եւ համայնքային ղեկավարներին։ Դա հետաձգվել է, քանի որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մեկնել է Ֆրանսիա՝ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում, եւ միայն առաջիկա օրերին կլինի Սյունիքում ու մարզպետին կներկայացնի սյունեցիներին։ Մարզպետը չի սպասել դրան եւ չորեքշաբթի օրը մարզպետարանի անդրանիկ խորհրդակցությունն է անցկացրել: Նորանշանակ մարզպետը որոշել է նոր աշխատակարգ սահմանել, ասել է, որ յուրաքանչյուրը հանձնարարական է ստանալու, իսկ շաբաթվա վերջում զեկուցելու է արած-չարածը: Մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ փոխմարզպետ Կարո Ավանեսյանը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի միջնորդությամբ փորձում է պահպանել իր պաշտոնը, սակայն խորհրդակցության ժամանակ Ղուկասյանը հասկացրել է, որ փոփոխություններ լինելու են, ու երկու նոր փոխմարզպետ է նշանակվելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանի անվան հետ կապվող քրեական գործը շարունակում է քննվել, անցած շաբաթ էլ ԱՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ գործի շրջանակներում 9 քրեական գործ է հարուցվել, սակայն Խանումյանն ավելի է ամրապնդել իր դիրքերը՝ տարբեր պաշտոնների նշանակելով յուրայիններին։ Փետրվարի 7-ին նա, առանց իրավական հիմքի, ազատել է «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Մարատ Հակոբյանին, ով դատական կարգով որոշել է վերականգնվել իր աշխատանքում: Դրանից առաջ էլ ազատել էր «Արցախ-անտառի» տնօրենին: Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Խանումյանի թիկունքը ՀՀ իշխանություններն են՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը սորոսական փայատերերի պահանջով է Խանումյանին դրել այդ պաշտոնում: Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է արցախցի տեղահանվածներին, ըստ մեղադրանքի՝ կեղծ տվյալներ ներկայացնելով, Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար։ Դա բնակարանից զրկված անձանց համար նախատեսված փոխհատուցումներն են։ Մենք գրել էինք, որ խոսքը «Սոֆիա» հյուրանոցի մասին է, բայց խնդիրը ոչ թե հյուրանոցն է, այլ տեղահանվածների խնդրով զբաղվող ԱՀ տարածքային կառավարման նախարարությունը, քանի որ նա է իրականացնում վերահսկողությունը եւ որոշում շահառուների շրջանակը, ոչ մի հյուրանոց չի կարող տվյալներ կեղծել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել այն մասին, որ Լոռու մարզում շահագործվող «Թեղուտ» հանքավայրն անորոշ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը: Մասնավորապես, ղեկավարությունը նման տեղեկութուն է հայտնել աշխատակիցներին: Պատճառն, ըստ էության, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետեւանքով Ռուսաստանի Դաշնության հանդեպ կիրառված պատժամիջոցներն են: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին: Վերջինս հաստատեց մեր ունեցած տեղեկությունները, սակայն ընդգծեց, թե իրենց պաշտոնապես ասվել է, թե չաշխատելը կապված է պլանային վերանորոգման աշխատանքների հետ եւ տեւելու է երկու շաբաթ միայն: Սակայն նկատենք՝ աշխատակիցների շրջանում այլ լուրեր են տարածված: Ինչպես հայտնի է, դեռ 2019 թվականից սեփականատերերը փոխվել են, եւ Թեղուտի հանքավայրը ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հսկողության տակ է: Հիշեցնենք՝ «Վալլեքս» ընկերությունների խմբի մեջ էին մտնում Armenian Copper Programme (ACP) (Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատ) ընկերությունը, «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը շահագործում էր Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, Արցախի «Բեյզ Մեթլզ» ընկերությունը եւ այլն։ Այս բոլոր ընկերությունների սեփականատերը մինչեւ 2018 թվականը Վալերի Մեջլումյանն էր։ 2018-ի իշխանափոխությունից հետո ACP-ն եւ «Թեղուտ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց անցան «ՎՏԲ» բանկի կառավարմանը, քանի որ «Թեղուտը» խոշոր վարկ էր վերցրել «ՎՏԲ»-ից, որպեսզի համաֆինանսավորեր կոմբինատի կառուցումն ու հանքի շահագործման աշխատանքները, եւ ինչ-որ պահից վարկերի սպասարկումը դժվարացել էր՝ համաշխարհային շուկայում պղնձի գների անկման պատճառով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները շարունակում են մսխել պետական բյուջեի միջոցները՝ դրանց հաշվին պարգեւատրումներ, նվերներ եւ խրախուսանքի տարբեր միջոցներ սահմանելով։ Երեկ գրվեց, որ ԱԺ աշխատակազմը Մարտի 8-ի առթիվ ԱԺ կին պատգամավորներին ու աշխատակազմի կանանց պարգեւատրել է 70 հազարական դրամով։ Մեր հարկերի հաշվին իշխանական ու պաշտոնյա կանանց լավություն անելու այս որոշումը կայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը։ Բայց միայն ԱԺ աշխատակազմը չէ այսքան կնամեծար․ կառավարության աշխատակազմում եւս որոշել են բյուջեի միջոցների հաշվին աշխատակազմի կին աշխատակիցներին պարգեւավճարներ դուրս գրել։Բայց, ի տարբերություն շռայլ ԱԺ-ի, կառավարության աշխատակազմն ավելի համեստ է գտնվել եւ կառավարության կին աշխատակիցներին 50 հազարական դրամ է պարգեւատրել։ Կառավարության կանայք մի քիչ սրտնեղել են, թե՝ մենք բյուջեի գլխավոր տնօրինողը լինենք, ու մեզ ավելի քի՞չ տան, քան ԱԺ-ի կանանց։ Բայց առավել նեղսրտած էին նախարարությունների կին աշխատակիցները, որոնք տեղյակ էլ չէին, որ իրենց կողքի շենքում կանայք պարգեւատրվել են, իսկ իրենց ոչինչ չի հասել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդում լուրջ վիճաբանություն է հասունանում: Բանն այն է, որ դեռ նախորդ տարի պետական բուհերի ռեկտորների խորհուրդը միաձայն որոշում էր կայացրել, որ յուրաքանչյուր ռեկտոր խորհրդի նախագահի պաշտոնում փոխատեղման՝ ռոտացիոն սկզբունքով պաշտոնավարելու է 1 տարի ժամկետով: Վիճակահանությամբ որոշվել էր խորհրդի նախագահության հերթականությունը: Արդյունքում Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նախորդ տարվանից պաշտոնավարում էր որպես խորհրդի նախագահ մինչեւ այս տարվա մարտի 22-ը: Ըստ այդ հերթականության՝ ՀՀ մայր բուհը, որ երկար ժամանակ ռեկտոր չուներ, խորհրդի նախագահ կարող է դառնալ միայն 8 տարի հետո: Ի՞նչ անել: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ այն մասին, որ ԵՊՀ-ի նորընտիր ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փորձում է իրավիճակ փոխել եւ առաջիկայում դառնալ ռեկտորների խորհրդի նախագահ՝ առանց ռոտացիայի, մշտական: Ինչո՞ւ է շտապում, իր պաշտոնավարման ժամկետը ընդամենը 5 տարի է: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար Հովհաննիսյանը որոշել է ռեկտորների խորհրդի իրեն ենթարկվող ռեկտորների հետ փոխել նախորդ տարվա որոշումը՝ ըստ այդմ հաստատելով, որ ռեկտորների խորհրդի նախագահը մշտապես ի պաշտոնե պետք է լինի ԵՊՀ ռեկտորը: Իր պլաններն իրականություն դարձնելու ճանապարհին Հովհաննիսյանը նույնիսկ չի խորշում նաեւ ռեկտորներին զանգահարել եւ պնդել, որ ԿԳՄՍՆ դիրքորոշումն է այդպիսին, որ ինքը պետք է դառնա ռեկտորների խորհրդի նախագահ: Իսկ այսօրվա խորհրդի նախագահ Ռուզաննա Հակոբյանն էլ այս գործում ստանձնել է Հովհաննիսյանի օգնականի դերը: Կան նաեւ սկզբունքային ռեկտորներ, որոնք իրենց որոշումը չեն ցանկանում փոխել: Աղմկահարույց այս նիստը կկայանա այսօր, որին մանրամասն կանդրադառնանք նիստից հետո: «Ժողովուրդ» օրաթերթն, իհարկե, փորձեց մեկնաբանություն խնդրել Հովհաննես Հովհաննիսյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր»: