ՀՀ առողջապահության նախարարությունը հերթական նախագիծն է ներկայացրել հանրության դատին, որն անմիջապես դարձավ քննարկման առարկա: Սոցիալական ցանցերի հայաստանյան հատվածն առավոտվանից քննարկում ու քննադատում է նախարարությանը, որն "անալի" նախագիծ է առաջ քաշել՝ առաջարկելով արգելել հանրային սննդի կետերում աղամանների առկայությունը սեղաններին: Հակառակ պարագայում տնտեսավարողը կտուգանվի՝ 30 հազար դրամի չափով:
Նախագծի տրամաբանությունն այն է, որ հաճախորդը ավելորդ անգամ չտեսնի աղամանը, ըստ այդմ, նրա մոտ ցանկություն չառաջանա ավելորդ անգամ աղ օգտագործել: Բարեբախտաբար, նախարարությունը չի արգելում աղի օգտագործումը՝ հաճախորդի պահանջով աղամանը կդրվի սեղանին։
Բացի շարքային քաղաքացիներից, մասնագետները ևս, մեղմ ասած, զարմացած են այս որոշումից: VERELQ-ի հետ զրույցում գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Կուջոյանը նշեց, որ աղի օգտագործման չարաշահման վտանգավոր հետևանքները անբեկանելի են։
Բայց, հարցադրում է անում նա, որտե՞ղ է տրամաբանությունը արգելել աղ դնել սեղանին, ենթադրենք, բուրգերանոցներում, որտեղ ֆասթֆուդների և գազավորված ըմպելիքների գերքանակներ են սպառվում, ինչը գիտնական-բժիշկների տասնյակ տարիների քննարկման թեմա է, քանի որ դրանց օգտագործումը ոչ պակաս, եթե ոչ բազմակի անգամ ավելի վտանգավոր է` ճարպակալման, հորմոնալ խնդիրների առաջացման, դրանց հետևանքով քաղցկեղների, կանանց և տղամարդկանց անպտղության ցուցանիշների աճի տեսանկյունից.
"Իրապես չեմ հասկանում այս անտրամաբանական գործողությունների նպատակը",- նշեց Կուջոյանը:
Նշենք, որ նախագծի հիմնավորման մեջ նախարարությունը նշում է, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, իսկ ահա մեր երկրում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի սահմանած շեմը:
Ի դեպ, Առողջապահության նախարարությունում հումորով են վերաբերում այս քննարկումներին: Փոխնախարար Լենա Նանուշյանը և՛ գրառում է կատարել թեմայի շուրջ, և՛ կիսվել որոշ օգտատերերի գրառումներով.
"Իհարկե շատ ուրախալի է, թե ինչ ջանասիրությամբ են մեր քաղաքացիները տարածում աղի օգտագործման նվազեցմանն ուղղված նախագիծը, ու դրանով օժանդակում աղի գերօգտագործման վնասների իրազեկմանը, բայց խնդրում եմ անպայման հատուկ շեշտեք, որ այն ռիսկի գործոն է սիրտ անոթային բազմաթիվ հիվանդությունների համար",- գրել է նա: