VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեռեւս հունվար ամսին` իր կուսակցության հավաքի ժամանակ, հայտարարել էր, որ հաջորդ ընտրություններում չի առաջադրվելու: Պարզվում է` այդ որոշումը վերջնական է. նա որոշել է այլեւս նախագահի պաշտոնի համար չառաջադրվել: Այժմ Արցախում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Իսկ Սահմանադրության մեջ ուզում են մեխանիզմներ դնել, որ նախագահի չլինելու պարագայում երկիրն անգլուխ չմնա` մտավախություններ ունեն, որ մի օր կարող են պետության ղեկավարի «գլուխն ուտել» եւ պետության «գլուխն» էլ ուտել: Պետության ղեկի փոխանցման մեխանիզմներ են ուզում ներդնել Արցախի Սահմանադրության մեջ: Ինչ վերաբերում է ապագա նախագահին, ապա սկզբում կկայանան խորհրդարանի ընտրությունները` 2023-ի սկզբին, եւ կուրվագծվի, թե որ քաղաքական ուժն է երկրի բնակչության վստահությունը վայելում, ապա դրանից հետո՝ նոր նախագահի ընտրություններ: Խորհրդարանում մեծամասնություն գրաված քաղաքական ուժերն էլ նախագահ կառաջադրեն, բնականաբար` Ռուսաստանի հետ համաձայնեցված: Այս պահի դրությամբ Արցախում ծանրակշիռ են համարվում Դաշնակցությունը, նախկին նախագահների հետ կապ ունեցող անձինք եւ ուժերը, Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիքը», բայց մինչեւ ընտրությունները դեռ բավականին ժամանակ կա նոր դասավորումների համար»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքերում եւս ակտիվորեն քննարկվում է, թե ինչով էր պայմանավորված կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի պոռթկումը եւ, ըստ էության, գործադիր-օրենսդիր երկխոսությունը տապալելը: Սակայն, ՔՊ-ականներն ունեն իրենց վարկածը: Խնդիրն այն է, որ իշխանությունը, այդպես էլ չնշելով Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը, որոշել էր մեծ շուքով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշել ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության եւ ՀՀ դիվանագիտական ծառայության 30-ամյակը, ինչից տեխնիկապես ուշանում էին հարցուպատասխանի պատճառով: Անգամ դրա համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ձեռքի ազդանշանով հանվեց հարցուպատասխանի համար հերթագրված ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցը: Բայց, տեսնելով, որ միեւնույնն է ձգվում է նիստը, գործի անցավ Նիկոլ Փաշինյանը, ում գոռգոռոցներից ու մատթափտալուց հետո` անգամ հարցի համար գրանցված ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան դահլիճից` չսպասելով իրենց հերթին: Այպիսով նիստն ավարտվեց շատ արագ, իսկ կառավարությունն ու իշխանական պատգամավորները գնացին նշելու: Ինչ խոսք, ՔՊ-ականները տպավորված էին իրենց «հնարամիտ» լիդերով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դրսից Հայաստան բիզնես տեղափոխելու հոսք է սկսվել: Մեծ մասը՝ ռուս-բելառուսական ընկերություններ, որոնք փախչում են իրենց երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաներից՝ հիմնականում IT ոլորտի ընկերություններ, որոնք Հայաստանից կարող են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ աշխատել: Իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններն այժմ այս ընկերություններին իրավաբանական խորհրդատվություն են մատուցում, թե ինչպես կարելի է Հայաստանում ընկերություն գրանցել, գործունեություն ծավալել։ Հետաքրքրվում են նաեւ ՀՀ քաղաքացիություն ստանալու հեռանկարով: Այս գործընթացը փորձում են խրախուսել նաեւ պետական մակարդակով` էկոնոմիկայի նախարարության կայքում դրսի ընկերություններին «կանչող» հայտարարություններ կան, սփյուռքի հանձնակատարի գրասենյակն ու էկոնոմիկայի նախարարությունն էլ են սրանով զբաղվում: Անգամ ասացին, որ վարչապետը որոշ օտարերկրյա ընկերությունների հետ «չաթ» է անում՝ նրանց Հայաստան հրավիրում: Ճիշտ պահվածքի դեպքում Հայաստանը կարող է անգամ շահել այս իրավիճակից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վերջապես Սյունիքի մարզպետի փոփոխություն եղավ, որը ծրագրված էր դեռ շաբաթներ առաջ: Մելիքսեթ Պողոսյանն իր տեղը զիջեց Կալավանի նախկին գյուղապետ, 2018-ից հետո վարչապետի խորհրդական նշանակված Ռոբերտ Ղուկասյանին, որն արդեն մոտ երկու տարի է՝ Սյունիքում է ապրում։ Նա տեւական ժամանակ Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարն է՝ կառավարությունից Սյունիքին տրամադրվող գումարներով հասցրել է մարզում շահել հազարավոր սյունեցիների սիրտը, ուստի, ասում են, նրա նշանակումը մարզում դրական են ընդունել։ Մեղրիի համայնքապետն էլ նշանակման թանաքը դեռ չչորացած՝ շնորհավորել է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջով: Ասում են՝ Ղուկասյանը տրամադրված չէ կադրային ջարդ անելու, սակայն փոփոխություններ կլինեն։ Իսկ Մելիքսեթ Պողոսյանն անակնկալի է եկել իր պաշտոնանկության մասին որոշումից, չնայած տեւական ժամանակ է` մամուլը գրում էր այդ մասին, սակայն նա երկու օր առաջ էլ մարզպետարանի աշխատակազմին վստահեցրել է, թե դրանք սուտ լուրեր են, ինքը շարունակելու է աշխատել: Երեկ լուր տարածվեց նաեւ՝ որպեսզի նրան չնեղացնեն, մտադիր են նշանակել ՊՆ խորհրդական»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը, որը մինչ այդ ղեկավարում էր Դավիթաշեն համայնքը: Կատվալյանը երեկ ներկայացել է թաղապետարան, հանդիպել աշխատակազմին: Նա Սուրեն Պապիկյանի եւ Տիգրան Ավինյանի մտերիմն է: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Կատվալյանին գործուղել են Մալաթիա, որպեսզի համայնքում «կարգուկանոն» հաստատի, ամրապնդի իշխանության դիրքերը եւ աշխատի 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների համար: Թաղապետարանի աշխատակազմը եւս շունչը պահած սպասում է` նրանց տեղեկություն է հասել, որ թաղապետը կադրային ջարդ է իրականացնելու եւ յուրայիններին է նշանակելու պաշտոնների»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 71 կողմ ձայնով ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ի վերջո, երկրորդ փորձից ՔՊ-ն կարողացավ միայնակ ընտրել երկրի նախագահ, առանց ընդդիմության, եւ թերեւս միայնակ էլ կանցկացնի նրա երդման արարողությունը: Այսպիսով, Վահագն Խաչատուրյանը երրորդ հանրապետության հինգերորդ նախագահն է: Նախորդ չորս նախագահներից միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արմեն Սարգսյանն են, որ ամբողջական ժամկետով չեն պաշտոնավարել: Իհարկե, Տեր-Պետրոսյանի պարագայում դա տեղի ունեցավ երկրորդ անգամ ընտրվելուց հետո: Առաջին անգամ նա պաշտոնավարել է 1991-1996 թվականներին, ապա վերընտրվելով՝ պաշտոնավարել է միայն երկու տարի՝ հրաժարական տալով 1998 թվականին: Ռոբերտ Քոչարյանը եւս երկու շրջան է պաշտոնավարել՝ 1998-2003 եւ 2003-ից 2008 թվական: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ չնայած պաշտոնավարեց տասը տարի, սակայն արդեն վարչապետի պաշտոնում նա պաշտոնավարեց ընդամենը մեկ շաբաթ: Պաշտոնավարման հինգ տարին լրանալու ժամկետից ընդամենը մեկ տարի առաջ էլ հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը, որը նախագահ էր ընտրվել դեռ 2018 թվականին՝ նախկին իշխանությունների օրոք՝ մինչեւ հեղափոխությունը: Եվ, ահա, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանը մեկ ամիս եղավ նախագահի պաշտոնակատար, ՀՀ հինգերորդ նախագահը Վահագն Խաչատուրյանն է: Իհարկե, գաղտնիք չէ, որ նա լինելու է կողմնակալ նախագահ, այսպես ասած՝ ՔՊ-ականների սրտով, սակայն թերեւս նա եւս չի պաշտոնավարի իր ամբողջ ժամանակով եւ նախագահի պաշտոնում կաշխատի ժամանակավոր»:
«Իրավունք» թերթը գրում է. «Այս շաբաթվա կառավարության հետ հարցուպատասխանը տարօրինակ էր ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հերթական դյուրագրգիռ վարքագծով: «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խուսափեց պայուսակն իր հետ անցկացնել ԱԺ նիստերի դահլիճ` անցնելով հատուկ ստուգվող սարքի միջով: Նա ոչ ավել, ոչ պակաս անձնական պայուսակը թողեց միջանցքում եւ ներս մտավ նիստերի դահլիճ: Նույնիսկ զգուշացրեցինք, թե գուցե մոռացել է, բայց նա գտավ նպատակահարմար, որ այդտեղ մնա: Հատկանշական է այն, որ, փաստորեն, տիկին նախարարն անգամ չի վստահում իշխանական որեւէ պատգամավորի, որոնցից որեւէ մեկի աշխատասենյակում կարող էր թողնել պայուսակը: Ինչեւէ, լրագրողներիս մտահոգությունը, թե գուցե «ռո՞ւմբ» կա նախարարի պայուսակում, որ խուսափում է անցկացնել հատուկ սարքի միջով, փարատեցին անվտանգության աշխատակիցները` վստահեցնելով, որ խորհրդարանի շենք մտնելիս Անահիտ Ավանեսյանը պայուսակն անցկացրել է ստուգիչ սարքի միջով: Իսկ թե ինչն էր խանգարում ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ գտնվող սարքով էլ անկացնել «առեղծվածային» պայուսակը, այդպես էլ մնաց անհայտ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատական համակարգում արշալույսները կրկին խաղաղ չեն: Դատավորների եւ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի միջեւ վեճերն ու հակասություններն այնքան են թեժացել, որ դատավորներն անգամ դիմում են դատարան: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ դատի տալով ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Դատավորը պահանջում է, որ դատարանը ստիպի նախարարին 2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացրած որոշումը չեղյալ համարել: Խոսքը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին է: Նշենք, որ նախարարը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, եւ դրա հիմք է եղել Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ն.Խալաթյանի զեկուցագիրը: Ի դեպ, դատարանն էլ մերժել է դատավորի հայցն ընդդեմ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի, ինչն էլ անսպասելի չէ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018 թվականի քաղաքական վերադասավորումներից հետո իշխանության եկածները խոստանում էին, թե «նոր» Հայաստանում ներդրումային բում է լինելու: Անգամ 44-օրյա պատերազմից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, թե «ներդրումները հորդելու» են: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարություն հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե 2018-ից ի վեր Հայաստանում ինչ ծավալի ներդրումներ են եղել, ու արդյոք նրանք հորդել ու դրական ազդակներ են ապահովել տնտեսությանը: «Կատարված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նախարարությունը, օտարերկրյա ներդրումների վերաբերյալ թվային տվյալներ ստանալու նպատակով օգտվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունից»,- պատասխանել են Էկոնոմիկայի նախարարությունից: Ներդրումների համար պատասխանատու նախարարությունը, փաստորեն, սեփական վերլուծություններն ու ցուցանիշները չունի, թե ներդրումային դաշտում ինչ է կատարվում: Ինչ վերաբերում է ԱՎԿ-ի ներկայացրած տվյալներին, ապա տիտանական ջանքեր պետք է գործարդել՝ գտնելու համար կոմիտեի կայքում առկա վերլուծությունը: Այն առանձին պատուհանով հասանելի չէ: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունն ու հրապարակված թվերի համեմատությունը ցույց տվեց՝ իրականում որեւէ բում էլ չի եղել, ավելին՝ ներդրումների ցուցանիշը տարեցտարի անկում է ապրել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հանրային սննդի օբյեկտներում սեղաննների վրա կարգելվի աղաման դնելը: Ավելին, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով: Այս նախագծի հեղինակն Առողջապահության նախարարությունն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել: Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների եւ ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: Ըստ հետազոտությունների՝ տղամարդկանց 40.3 եւ կանանց 30.1 տոկոսն ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում, իսկ 71 տոկոսը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Ըստ Առողջապահության նախարարության՝ օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13 տոկոսով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը»: