25.11.2024
Պետբյուջեի եկամուտները հունվարին և փետրվարին գերակատարվել են. Բադասյան
prev Նախորդ նորություն

ԱՆԻՖ-ը բաժնեմասային ներդրում է իրականացնում «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ում

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդը բաժնեմասային ներդրում է իրականացնում «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում։


«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն համակարգում է երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը և «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։ Ընկերության երկու ծրագրերը գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հաջող օրինակ են։


ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի տնօրեն Բելլա Մանուկյանը մեկնաբանել է ծրագիրը. «Հաջողված և աճի պոտենցիալ ունեցող ծրագրերում ներդրումները հավելյալ տնտեսական արդյունք են ապահովում՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և զարգացման հեռանկար։ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդն առավելագույնս դիվերսիֆիկացնում է իր պորտֆելային ծրագրերը՝ թե՛ ոլորտների և թե՛ աշխարհագրության առումով։ «Ապագա Փրոջեքթս»-ի հետ համատեղ նախաձեռնությունը կարևոր է հատկապես մարզերում ժամանակակից, կենսունակ, մրցակցային ծրագրի ընդլայնման և համայնքի համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման առումով»։


«Պետական և մասնավոր ոլորտի արդյունավետ համագործակցության հերթական այս ձևաչափը պետք չէ դիտարկել բացառապես բիզնես և ներդրումային առանցքում։ Այս համագործակցությունը նախևառաջ ուղղված է 200 ընտանիքից բաղկացած համայնքի զարգացմանը և համայնքային կյանքի բարելավմանը, այդ թվում՝ մեր մարզում աշխատատեղերի ստեղծման միջոցով։ Հենց այս տրամաբանությունն է դրված եղել Ենոքավանում 15 տարի առաջ իմ ընտանիքի կողմից իրականացված նախաձեռնության հիմքում. բարեխիղճ և ընդլայնվող բիզնեսի միջոցով նպաստել նաև տարածաշրջանի զարգացմանը», – իր խոսքում նշեց «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Տիգրան Չիբուխչյանը։


«ԱՆԻՖ»-ի և «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ միջև համագործակցությունն ուղղված է լինելու «Յելլ Էքստրիմ Փարք»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայնի կառուցմանը և սպորտային զվարճության նոր հարթակի ներդրմանը, ինչպես նաև «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների զարգացմանը և համարային ֆոնդի ավելացմանը։


Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում Յելլը կկարողանա երեք անգամ ավելացնել թողունակությունը և գրեթե կկրկնապատկի ընձեռնված կայուն աշխատատեղերի քանակը։