Կարծել, որ ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի վրա զինված հարձակմանը, միամտություն կլիներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, "Հայաստան" ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե ինչու ՀԱՊԿ-ն օպերատիվ արձագանքեց Ղազախստանում տիրող իրավիճակին, մինչդեռ նման բան չի նկատվել Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման դեպքում։
Քոչարյանը նշել է, որ 4 հարեւաններից Հայաստանի համար սպառնալիք են ներկայացնում երկուսը` Թուրքիան և Ադրբեջանը: Նա ընդգծել է, որ բացառությամբ Ռուսաստանի, ՀԱՊԿ մյուս բոլոր անդամները Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի բովանդակալից են, քան Հայաստանի հետ: Դա վերաբերում է ոչ միայն տնտեսական համագործակցությանը, այլև միջպետական շփումներին, միջպետական իրավապայմանագրային բազային։
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի որոշ պետություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գտնվում են մեկ այլ միջազգային կազմակերպությունում, իսկ այդ պետությունների ղեկավարները միջանձնային կապերի մակարդակով շատ ավելի մոտ են ադրբեջանական առաջնորդի հետ: "Ուստի միամտություն կլիներ կարծել, թե ՀԱՊԿ-ն ինչ-որ կերպ կարող էր արձագանքել այդ հարձակմանը մեր վրա։ Դա պարզապես բացառվում է։ Խոսքն այն մասին չէ, որ ՀԱՊԿ-ն մեռած է եւ չի աշխատող կառույց է, ՀԱՊԿ-ը շատ լավ աշխատում է, բայց այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են", - հայտարարել է նա: Քոչարյանը կոչ արեց հաշվի առնել այդ փաստը եւ ելնել առկա իրողություններից:
Ընդ որում, Հայաստանի երկրորդ նախագահը արդարացված չի համարում ՀԱՊԿ կազմից դուրս գալը։ "Մնալ ՀԱՊԿ-ում, թե ոչ։ Իհարկե՝ այո։ Առաջին հերթին, որովհետև չկա այլընտրանքային կառույց, որը մեզ համար կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին։ Բացի այդ, ՀԱՊԿ շրջանակներում գործում են բազմաթիվ պայմանագրեր, որոնք նույնպես կարգավորում են մեր ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ",-ասել է Քոչարյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է պահպանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, շարունակի համագործակցությունը կազմակերպության շրջանակներում, սակայն այդ կառույցի հետ չկապել անվտանգության ապահովման հարցերը: