VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Զենքի վաճառքի աղմկոտ գործի շրջանակներում մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու բանակի երբեմնի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, պահվում են ԱԱԾ-ին կից մեկուսարանում։ Շատ քչերն են միայնակ նստում՝ դա կալանքի ամենածանր տեսակն է համարվում, սակայն ժամանակին Ռոբերտ Քոչարյանն է պնդել, իսկ հիմա՝ Դավիթ Տոնոյանը, որ խցում միայնակ լինի։ ՔԿՀ-ն ընդառաջել է։ Փոխարենը Դավիթ Գալստյանը բավականին ակտիվ կյանքով է ապրում բերդում․ նրա հետ նույն խցում է նաեւ Վարդենիսի նախկին համայնքապետ, դեկտեմբերի ընտրություններին «Միասնական Վարդենիս» դաշինքը գլխավորած Արամ Հարությունյանը։ Պատմեցին, որ Պատրոն Դավիթը խցակիցներին առաջարկել է հրաժարվել բանտային հանձնուքից, եւ ինքն է ապահովում խցակիցների սնունդը՝ առողջ սննդի սկզբունքով։ Նա մարմնամարզությամբ է զբաղվում, հետեւում առողջությանը, դետոքսի օրեր է կազմակերպում, ինչպես նաեւ բանտային դոմինոյի մրցաշար է անցկացնում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության, հիմա նաեւ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը «մանթրաժ» է ընդդիմության բոյկոտից։ Ասացին, որ հանձնաժողով ստեղծելու որոշման հարցում որոշիչ են եղել Քոչարյանի՝ Փաշինյանին տված հավաստիացումները, որ հանձնաժողովով «կմաքրվեն» ազգակործան պատերազմի բեռից, որ դրան կմասնակցեն նաեւ ընդդիմադիրները, կլեգիտիմացնեն գործընթացը եւ միջազգային հանրությանն ու ներքին լսարանին կապացուցեն, որ պարտության հարցում գործող իշխանության մեղքը նվազագույն է եղել։ Սակայն ընդդիմադիրների բոյկոտից հետո այդ հանձնաժողովը, ըստ էության, լեգիտիմության խնդիր ունի, եւ անգամ իշխանական մակարդակում են ընդունում, որ դրա ուսումնասիրություններն ու զեկույցը չեն կարող ռեալ արժեք ունենալ եւ ինչ-որ դեր խաղալ։ Նաեւ դա էր պատճառը, որ Քոչարյանը կախվեց Գեղամ Նազարյանի կեսխոսքից, որ, որպես զոհվածի հայր, ինքը հարցեր ուներ տալու եւ փորձում էր թասիբի գցել, թե Քոչարյանը չի թողնում, որ մասնակցեք։ Այս փաստից գոհ չէ նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Անդրանիկ Քոչարյանը դեռ ուղիներ է փնտրում ընդդիմադիրներին համոզելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստերն այս տարի կանցկացվեն Երեւանում՝ փետրվարի 19-22-ը։ Հայաստան կժամանեն վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, էներգետիկ անվտանգության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովների, Եվրանեսթ ԽՎ Եվրախորհրդարանի պատվիրակության եւ Արեւելյան գործընկերության երկրների անդամները։ Որոշ տեղեկություններով՝ Ադրբեջանը նախնական հաստատում է տվել իր մասնակցության առթիվ, եւ հնարավոր է ադրբեջանական պատվիրակությունը ժամանի Երեւան։ Միջոցառումը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքուն Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։ Նկատենք՝ Արայիկ Հարությունյանը միակ անձը չէ ՀՀ-ից եւ Արցախից, ում նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել: Այդպիսի մարդկանց թիվն անցնում է 300-ից, եւ այս հարցի մասին պարբերաբար բարձրաձայնել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Մինչեւ հիմա, Ալիեւի հրահանգով, Հայաստանի մոտ 300 քաղաքացիների, այդ թվում՝ նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզություն։ Ի՞նչ է արել Հայաստանի դատախազությունը։ Նախ մենք չգիտենք՝ ովքեր են այդ 300-ը, եւ մարդիկ ուղղակի անակնկալ կերպով կարող են հայտնվել իրավապահների ծուղակում։ Որեւէ հիմքով չունենք Ադրբեջանի ռազմաքաղաքական գործիչների հետախուզում։ Ունենք ընդամենը մեկ հոգու հետախուզում, մենք Ադրբեջանից հետախուզում ենք ընդամենը ֆուտբոլային մեկնաբանի»,-դեռ նախորդ տարվա ապրիլին նշել էր պատգամավոր Թովմասյանը։ Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին: Նա նշեց. «Պատերազմին վերաբերող գործով հրապարակայնություն այնքանով, որքանով թույլատրելի է, հրապարկվել է մեր կողմից համապատասխան հաղորդագրությամբ: Ավելին չեմ կարող ասել: Իրենց կողմից էլ միջազգային հետախուզումների մասով, այո, արդյունավետորեն ամեն ինչ ավում է, որպեսզի դրանք ընթացք չստանան»: Սակայն այդպես էլ պարզ չդարձավ՝ մենք Ադրբեջանից ում նկատմամբ ենք հետախուզում հայտարարել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա ապրիլին, երբ Փաշինյանն այցելել էր Մեղրի ու արժանացել մեղրեցիների դիմադրությանը, դրանից հետո գործընթացներ սկսվեցին Մեղրիի այն ժամանակվա քաղաքապետ, այժմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի դեմ։ Նրա դեմ քրեական գործ հարուցելուց զատ՝ նաեւ ՊԵԿ-ի միջոցով փակեցին Զաքարյանի ընտանիքին պատկանող Մեղրիի մաքսային «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն։ Տեւական ժամանակ է՝ այնտեղ նոր տերմինալ է կառուցվում, որը, որոշ տեղեկություններով, պատկանում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։ Մխիթար Զաքարյանը մեզ ասաց, որ ապրիլից իրենց տերմինալը չի գործում՝ մոտ 1 տարի, ՊԵԿ-ը շինծու պատճառաբանությամբ զրկել է ընկերությանը լիցենզիայից։ Սուքիասյա՞նն է տերմինալ կառուցում։ Զաքարյանն ասաց․ «Կոնկրետ չգիտեմ, բայց մաքսակետի հարեւանությամբ շինարարություն գնում է»։
«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այն է՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն եւ բախում է տեղի ունեցել նրա եւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջեւ: Համառ զանգերի արդյունքում մեզ հաջողվեց կապ հաստատել Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ՝ պարզելու իրականությունը: Վերջինս նախ հրաժարվեց որեւէ կերպ արձագանքել մամուլի հրապարակումներին, ապա փաստեց. «Չի եղել նման միջադեպ, եղել է աշխատանքային չհասկացվածություն ընդամենը, որը կարճ ժամանակ անց հարթվել է: Այսքանը, շնորհակալ եմ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շուրջ 27 տարի Պաշտպանության նախարարությունում աշխատած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, համակարգը լցնում է ՊՆ կամ Ոստիկանության կադրերով: Մասնավորապես, 2021թ. ապրիլի 25-ից օգոստոսի 2-ը լինելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար՝ նա համակարգ է բերել ՀՀ Պն իր մտերիմ կադրերին, ինչը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, թե ինչու են ՊՆ կադրերին տեղափոխում Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ պաշտոնների նշանակում, իսկ համակարգում երկար տարիներ աշխատած անձանց որեւէ կերպ չեն խրախուսում: Իսկ կոնկրետ ու՞մ է Փիլոյանը Պն-ից բերել Արտակարգ իրավիճակների նախարարություն: «Ժողովուրդ» օրաթերին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Հովհաննես Աբգարյանը Փիլոյանի շնորհիվ է տեղավորվել ԱԻՆ-ում: Կադրերի վարչության պետ Արման Կարապետյանը եւս ՊՆ-ից է տեղափոխվել ԱԻՆ: Իսկ, ահա, 2021թ. մարտի 2-ից ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը եւս Փիլոյանի շնորհիվ է տեղափոխվել ԱԻՆ»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կալանքը երկարացնելու քննիչի միջնորդությունը բավարարվեց: Նա կմնա կալանքի տակ եւս մեկ ամիս: Ու պարզվում է` այս որոշումը կայացնող դատավոր Դավիթ Արղամանյանը եղել է իշխանամերձ իրավախորհրդատու, սակայն Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանի ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց: «Իրավունքի» հետ զրույցում փաստաբանը հիշեցրեց, որ այս դատավորը ժամանակին քաղաքական հայացքներով է հանդես եկել: Մասնավորապես` Փաշինյանի կոչով դատարանների մուտքերը շրջափակելու օրը նա հրապարակել էր դատարանների հասցեները, որպեսզի ակտիվիստները գնային եւ շրջափակեին: "Նա եղել է փաստաբան եւ ունեցել է քաղաքական հայացքներ, ինչի հետ կապված խնդիր չկա: Բայց երբ եկել է արդեն դատարան եւ քննում է Գ. Իսագուլյանի հայտարարությունների գործը, որն ուղղակիորեն կապված է Փաշինյանի, Մակունցի, Կարապետյանի, Քյարամյանի հետ, պարզապես պետք է ինքնաբացարկ հայտներ, ինչը չարեց"»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իջեւանի Աչաջուր համայնքի բնակիչ Սեւադա Ղուկասյանն անցյալ տարի գարնանը էշով Իջեւանից ժամանել էր Երեւան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով մեկ պտտելու համար: Ըստ Սեւադայի` կա մոռացված մի ավանդույթ. նախկինում դավաճաններին էշի վրա թարս նստեցրել են, ապա քաղաքով մեկ պտտեցրել, որպեսզի բոլորն իմանան, թե դավաճանն ով է: Իհարկե, անմեղ թվացող այս արարքն իշխանություններին, կարծես, շատ էր ցավեցրել: Սեւադան այն ժամանակ բազմաթիվ հետապնդումների ենթարկվեց, եւ դրանք մինչ օրս շարունակվում են, նրա դեմ անգամ քրեական գործ է հարուցվել: Սակայն այդ հետապնդումները նրան չեն վախեցրել, եւ նա որոշել է հերթական խենթ քայլին գնալ: Բանն այն է, որ նա կրկին ինչ-որ ակցիա է նախատեսել, սակայն թե ինչ գործողությունների է դիմելու եւ երբ է այն իրականացնելու, չցանկացավ մանրամասնել, պատճառաբանելով, թե կիմանան՝ կձախողեն: Միայն տեղեկացանք, որ Սեւադայի արկածների գլխավոր «հերոսը» կրկին էշն է լինելու, որին նա անվանակոչել է Նիկոլ: Մեր աղբյուրի փոխանցմամբ` ակցիան այս անգամ լինելու է հայ-ադրբեջանական սահմանին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նատալյա Ռոտենբերգը Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանին հարող մասում բուտիկ է բացում։ Տիգրան Արզաքանցյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խանութը կոչվելու է Fashion՝ ներկայացված են լինելու գլխարկներ․ «Բացումը նախատեսվում է 2022 թ․ մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվա առթիվ»։ Գլխարկներն արդյո՞ք հայկական արտադրության են լինելու, եւ խանութի անվան ընտրության հետ կապված որոշ հարցեր տվեցինք։ Նա նշեց, որ մինչեւ բացման օրը այլ մանրամասներ չեն ուզում հանրայնացնել։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ իր ծննդյան օրը, Նատալյա Ռոտենբերգը ստացավ Հայաստանի Հանրապետության անձնագիր»: