VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Երևանը պատրաստվում է հերթական ընտրությունների, տեսանելի է անգամ անզեն աչքով. իշխող ուժը արդեն բաց տեքստով «զոհասեղանին» է դրել իր թեկնածուին, իսկ ընդդիմադիր ճամբարներից շրջանառվում են բազմաթիվ անուններ։ Չի բացառվում, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս կմիանա պայքարին` որևէ ֆորմատով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, սկզբնական փուլում բավականին բուռն և հետաքրքիր է եղել ՔՊ-ում ապագա քաղաքապետացուի առաջադրման քննարկումը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, թեկնածուների բազմաթիվ հայտեր են եղել, ինտենսիվ քննարկումներ են ծավալվել։ Ի վերջո, որոշվել է հարցում պատվիրել, որի արդյունքներն, ըստ էության, կողմնորոշիչ են եղել Փաշինյանի ու իր թիմի համար։ Մեր ունեցած տեղեկություններով, նաև այդ է պատճառը, որ մոտ երկու շաբաթ առաջ կայացած ՔՊ հեռավար նիստում Տիգրան Ավինյանի թեկնածության քննարկումն առավել հարթ է անցել, ի տարբերություն նախագահի թեկնածուի առաջադրման»:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեզ պատմեցին, որ նախօրեին տհաճ միջադեպ է գրանցվել «Էրեբունի» ԲԿ-ում` ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի մասնակցությամբ: Խաչատրյանն այցելել է հիվանդանոց, եւ հենց նախամուտքում նրան հանդիպած կինը, ճանաչելով իշխանական պատգամավորին, լուտանքներ է տեղացել նրա հասցեին` նրան «ժեխ», «կապիտուլյանտ» անվանելով: Տիկնոջը ծափահարություններով «քաջալերել» են հիվանդանոցի այցելուները: Պատգամավորը, անակնկալի եկած, վազքով ներս է մտել` առանց երկխոսության մեջ մտնելու տիկնոջ հետ: Մեզ չհաջողվեց Խաչատրյանի հետ զրուցել: Սակայն պարզեցինք, որ միջադեպի գլխավոր հերոսուհին Արիանա Հովսեփյանն է, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրը. «Այո, եղել է նման բան, սակայն ոչ թե հիվանդանոցում, այլ` հիվանդանոցի բակում: Ես դուրս էի գալիս հիվանդանոցից: Նստեցի մեքենաս, որ պիտի արդեն դուրս գայի հիվանդանոցի բակից, տեսա Արմենին, սիրուն մոտեցա, պատուհանը բացեցի ու գոռացի` այ ժեխ: Պտտվեց իմ կողմը, դե, երեւի ճանաչեց ինձ, կողքին էլ մի հատ չաղլիկ մարդ կար, ու այդ մարդու հետ մտավ ներս: Բակում հավաքվածները սկսեցին ծափ տալ, ասեցին` քո ցավը տանենք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը նախատեսել էր փետրվարի 20-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք կազմակերպել։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արգելել է վերը նշված հավաքն անցկացնել: Ըստ մեր տեղեկությունների, արգելքի պատճառը եղել է այն, որ Արայիկ Հարությունյանը վախեցել է, որ հավաքը կվերածվի իր հրաժարականի պահանջով շարժման: Մեր տեղեկություններով, նախօրեին նույնիսկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի հանրահավաքը կազմակերպվի հասարակական կազմակերպությունների մակարդակով, ու քաղաքական որեւէ ուժ չմիջամտի հանրահավաքի կամակերպմանն ու անցկացմանը, եւ քաղաքական ելույթներ չպետք է լինեին: Սակայն, ըստ ամենայնի, Արայիկ Հարությունյանին նույնիսկ դա չի հանգստացրել, եւ արցախյան ազատագրական շարժման տարեդարձի հիշատակին նվիրված հանրահավաքը վերջինս անձամբ արգելել է: Երեկ երեկոյան հանձնաժողովը նիստ է արել, հարցը բուռն քննարկվել է, սակայն մնացել է առկախված, դեռեւս վերջնական որոշում չի կայացվել։ Հավաքն արգելելու պաշտոնական պատճառաբանությունը կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճն է, սակայն փետրվարի 10-ից հետո թվերն անգամ նվազել են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Արցախի խորհրդարանը դիրքորոշում պետք է հայտնի` պատկան հանձնաժողովում քննարկվելու է Արցախի օկուպացված տարածքների մասին օրենքի նախագիծը։ Տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են այն տապալելու համար՝ մտավախություն ունենալով, որ Ադրբեջանը դա վատ կընդունի եւ կգնա հերթական սադրանքին։ Սակայն մեր արցախյան աղբյուրները վստահեցնում են, որ հետ չեն կանգնելու գործընթացից, եւ խորհրդարանն ընդունելու է նախագիծը։ Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառվել, որով արգելք են սահմանում այն միջազգային կազմակերպությունների համար, որոնք օկուպացված տարածքներում` առանց հայկական կողմի թույլտվության, կփորձեն ներդրումային ծրագրեր իրականացնել: Նախագծում նշվում է, որ նման ընկերությունները հետագայում խնդիրներ կունենան փոխհատուցում պահանջելիս։ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մեջ նշված են Քաշաթաղի, Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները եւ Գետաշենը: Թե ինչպես է գործնականում կիրառվելու այս օրենքը, դեռեւս պարզ չէ, խորհրդարանը նախատեսում է այն ընդունել այս ամիս։ Նախագիծն այլ կարգավորումներ էլ է առաջարկում։ Եթե հանձնաժողովը հաստատի, ապա այն կմտնի փետրվարի 16-ի նիստի օրակարգ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետք է լրջորեն վերանայվի այդ պրակտիկան, երբ դեսպանների եւ հյուպատոսների պաշտոնին նշանակվում են կադրային դիվանագետ չհանդիսացող անձինք, եւ ես կարծում եմ, որ իսկապես դա կարեւոր է, որովհետեւ այդ կարգի նշանակումները նաեւ խոչընդոտում են Հայաստանի դիվանագիտական կորպուսի բնականոն զարգացմանը եւ, իհարկե, որոշակի խնդիրներ են առաջացնում Հայաստանի միջազգային հարաբերություններում»։ 2018 թվականի մայիսի 9-ին Ստեփանակերտում այս խոսքերն արտաբերած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա անում է նույնը` իր թիմի ոչ պրոֆեսիոնալ կադրերին նշանակելով դեսպաններ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել, որ իրեն նշանակեն Մերձբալթյան երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Նիկոլ Փաշինյանը որոշել է չմերժել Իգիթյանին, որի հետեւանքով հերթական անգամ Հայաստանն անլուրջ գործընկերոջ կերպարով է հանդես եկել միջազգային ասպարեզում: Բանն այն է, որ 2021 թվականի մարտի 15-ին դիվանագետ Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվել էր Մերձբալթյան երեք երկրներում դեսպան, սակայն մենք տեղեկացանք, որ դեռ մեկ տարի էլ չանցած՝ միայն հունիս ամսին իր հավատարմագրերը հանձնած դեսպանին Հայաստանը որոշել է հետ կանչել: Իսկ ինչո՞ւ. որովհետեւ քաղաքական իշխանությունը նախկին պատգամավորին «գործի տեղավորելու» խնդիր ունի։ Դեսպանի պաշտոնում նրան պետք Է փոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: «Ժողովուրդ» օրաթերթն այս ուշագրավ իրավիճակի առնչությամբ մեկնաբանության համար դիմեց ՀՀ ԱԳՆ, որտեղից մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց մեր տեղեկությունը՝ հայտարարելով՝ «ՀՀ դեսպանների նշանակման եւ հետկանչի մասին ԱԳՆ-ն պատշաճ կերպով ու ժամկետներում հանրությանը տեղյակ է պահում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրվա իշխանությունները ձևավորել են 44-օրյա պատերազմն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով, որը երեկ սկսեց իր աշխատանքները: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները չեն պատրաստվում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ այն համարելով իշխանության կողմից կազմակերպված հերթական շոուն։ Երեկ էլ ընդդիմադիրները հայտարարեցին, որ «քանի երկիրը աղետի հասցրած ուժը իշխանության է, օբյեկտիվ քննության և ճշմարտության բացահայտման ուղղությամբ որևէ առաջընթաց չի լինի»: Նշելով, որ «օբյեկտիվ հետաքննություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն վստահված է ընդդիմությանը, այլ ոչ թե իշխող քաղաքական ուժին, որը մեղավոր է հենց այս պատերազմը սանձազերծելու մեջ», ընդդիմադիրները լքեցին դահլիճը։ Երեկ իշխանական պատգամավորների կողմից հայտարարվեց, թե Նիկոլ Փաշինյանը նույնպես կկանչվի հանձնաժողով՝ «վարչապետի ներկայությունը պարտադիր է լինելու»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, քննիչ հանձնաժողով կանչվողների ցուցակը նախապես քննարկվել ու համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելին, մեր ունեցած տեղեկությամբ, նա հստակ ցուցումներ է տվել և հանձնարարել առանց իր գիտության «ինքնագործունեությամբ չզբաղվել»։ Թերթի տեղեկություններով, նա կարգադրել է նաև հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու թեմայով վարկաբեկիչ արշավ կազմակերպել ընդդիմադիր խմբակցությունների դեմ, միևնույն ժամանակ հատուկ թիրախավորել թեմայի հետ կապված առավել ակտիվ պատգամավորներին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատական համակարգը շունչը պահած սպասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի որոշմանը: Հիշեցնենք, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ-ի կողմից 102 կողմ ձայնով ընտրված ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը մինչեւ մարտի 4-ը ժամանակ ունի դատավորների դիմումին պատասխան տալու համար: Իհարկե, արտահերթ ընդհանուր ժողով չհրավիրել չի կարող, քանի որ բոլոր պահանջվող չափանիշներն ապահովված են, պարզապես Թադեւոսյանը կարծես թե, որքան հնարավոր է, ժամանակ է ձգում: Դատական համակարգում այն կարծիքին են, որ նա այլընտրանք չունի եւ պետք է ժողովը հրավիրի՝ «կուլ չգնալով» քաղաքական իշխանությանը, եւ 93 դատավորի հուսախաբ չի անի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ստեփանակերտի օդանավակայանի կարգավիճակն այս պահին նույնն է, չի փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, որ օրերս «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ինչն էլ փորձագիտական շրջանակներին մտահոգվելու տեղիք էր տվել, թե գուցե ինչ-որ բան է փոխվում օդակայանի կարգավիճակի հետ կապված: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Արցախի գլխավոր օդանավակայանն առաջիկայում կարող է վերագործակվել ռուսական կողմի հետ համագործակցությամբ ու անմիջական միջամտությամբ։ Մեզ հետ զրույցում նախարար Բաբայանը նշեց, որ վերոնշյալ ազատման մեջ քաղաքական որեւէ տարր չկա: Ինչ վերաբերում է օդակայանի վերաբացմանը կամ ռուսական կողմի հետ համագործակցելուն, ապա արգործնախարարը նշեց. «Իհարկե բոլորս էլ ուզում ենք, շահագրգռված ենք, որ վերագործարկվի, բայց դրա համար ժամանակ է երեւի պետք: Ինչ վերաբերում է ռուսների հետ համագործակցելուն, ապա տեսնենք էլի, կփորձենք ամեն բան անել, որ այն վերագործարկվի»: Տեղեկության մասով ԱՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածնքերի նախարարությունից, ինչի ենթակայության տակ է գտնվում օդանավակայանը, մեզ փոխանցեցին հետեւյալը. «Օդանավակայանի վերաբացումը բանակցությունների փուլում է, իսկ ռուս խաղաղապահների հետ համագործակցություն միանշանակ կա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում անկազմակերպ եւ անկառավարելի վիճակ է: ՊՈԱԿ-ում տիրող իրավիճակը «Ժողովուրդ» օրաթերթին են ներկայացրել պարկի ճակատագրով հետաքրքրվող մի շարք քաղաքացիներ: Նրանց խոսքերով՝ ՊՈԱԿ-ի ԺՊ Արման Աբելյանն (նա այս պաշտոնին նշանակվել է 2021-ի մարտին) ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին: Բացի այս, պարկի պահպանությունն ըստ պատշաճի չի իրականացվում, ձկնորսն ինչ ուզում, անում է, արագ արձագանքման համար ստեղծված ինչ-որ խմբեր կան, որոնք ոչինչ չեն անում որսագողությունը կանխելու համար: Կարճ ասած, ՊՈԱԿ-ի տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արման Աբելյանը, ըստ մեզ դիմած քաղաքացիների, անգործության է մատնված: Բացի այս, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ՊՈԱԿ-ը հասցրել է ֆինանսական պարտքեր կուտակել ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետեւանքով: Իսկ ո՞ր արժանիքի համար է Աբելյանը նշանակվել ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արման Աբելյանը շրջակա միավայրի նախկին նախարար, Պետական վերահսկողական ծառայության ներկայիս ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ուսանողական ընկերն է, որի կարիերայի համար Պետրոսյանն անում է ամեն հնարավորը: Ինչո՞ւ է ձախողում կառավարումը. «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեց Արման Աբելյանից, որն ասաց. «Մենք համակուրսեցիներ չենք, ուսանողական ընկերներ ենք: Մենք շատ լավ աշխատում ենք, համեմատած նախորդ տարիների հետ, տպավորիչ արդյունքներ ենք գրանցել արգելքի հետ կապված: Իսկ ՊՈԱԿ-ի պարտքերը կուտակվել են վերջին 30 տարիների ընթացքում, բայց մենք սկսել ենք կամաց-կամաց մարել»: Ահա այսպես «նախկիններն են մեղավոր» ձեւակերպմամբ փորձեց արդարանալ ժամանակավոր տնօրենը, որի գործունեությանն առավել մնարամասն կանդրադառնանք առաջիկայում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նախորդ տարեվերջին ՀՀ-ում արևմտյան ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ներից մեկը մոտ 3,5 մլն դոլարի հասնող նոր գրանտային փաթեթ է ստացել՝ ՀՀ-ում նախակրթարաններին և դպրոցական ցածր դասարաններին «աջակցություն ցուցաբերելու նպատակով»։ Մեր տեղեկություններով, այդ գումարով հրատարակված ձեռնարկները բացառապես զերծ են լինելու հայրենասիրական դաստիարակության քարոզից, հիմնական շեշտը դրված է լինելու գլոբալիզացիայի և համաշխարհային արդի գաղափարների վերաբերյալ տարբեր պատմությունների վրա։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, տվյալ ծրագրի հետ կապված ոչ բացահայտ, բայց ակտիվ լոբբինգ է իրականացվում պետական գերատեսչությունների կողմից. ավելին, մեզ փոխանցեցին, որ ծրագրի վերահսկողությամբ զբաղվելու է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Հենց սրանով է պայմանավորված, որ այս տարեսկզբին արդեն իսկ անցկացվել են հանդիպումներ, որոնց ժամանակ բացատրվել են աշխատանքի, մասնավորաբար «թրեյնինգների» անցկացման ընթացակարգն ու ընդհանուր շեշտադրումները։ Ստացվում է, որ հերթական անհասկանալի տրանշն է ստացվել՝ պետության ներսում սեփական օրակարգը թելադրելու և նոր քարոզչական գործընթաց իրականացնելու նպատակով»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի նորահայտ երգչուհի Rosa Linn-ը (Ռոզա Կոստանդյան)։ Հանրային հեռուստաընկերության ընտրությունը կանգ է առել նրա վրա, սակայն մասնակցի անունն ու երգը կհրապարակեն մեկ ամսից։ Rosa Linn-ը Վանաձորում է ապրում։ Իր դեբյուտային երգը համագործակցություն է հայտնի Kiira-ի հետ։ Նա «Նվակ» երաժշտական նախագծի առաջին արտիստներից է։«Նվակը» ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի եւ ամերիկահայ պրոդյուսեր Ալեքս Սալիբյանի նախագիծն է, որի շրջանակներում երգեցողության դասընթացներ են անցկացվել «Թումո» ստեղծարար կենտրոնում։ Հիշեցնենք, որ «Եվրատեսիլը» տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում՝ մայիսի 10-ին, 12-ին ու 14-ին։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում»։