Հայաստանն ու Չինաստանը հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին
Լուսանկարը` primeminister.am
Երևանն ու Պեկինը երկկողմ հարաբերությունների պատմության մեջ նոր էջ են բացում։ Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպման արդյունքներով հայտարարվել է ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին, ինչն ամրագրված է համատեղ հայտարարությամբ և որակական թռիչք է նշանավորում երկու երկրների համագործակցության մեջ։
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած Հայաստանի և Չինաստանի ղեկավարների հանդիպումը շրջադարձային դարձավ հայ-չինական կապերի համար։ Նախագահ Սի Ծինփինն ընդգծել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն անվերապահորեն աջակցում է Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Բացի այդ, Պեկինը սատարում է հայկական կողմի մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որն ուղղված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, և ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին և նշել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է ներդաշնակորեն շաղկապվել Չինաստանի «Գոտի և ճանապարհ» գլոբալ նախաձեռնության հետ, որին Հայաստանն առաջիններից է պաշտոնապես միացել։ Երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են խորացնել փոխգործակցությունը ՇՀԿ շրջանակներում, որտեղ Հայաստանը ձգտում է լիիրավ անդամի կարգավիճակ ստանալ, և ընդլայնել համագործակցությունը գիտության, կրթության, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում։
Հարկ է հիշեցնել, որ մինչ այս պատմական որոշումը Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի միակ երկիրն էր, որը Չինաստանի հետ ռազմավարական հարաբերություններ չուներ։