Էրդողանը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ խաղաղությունն արդեն եկել է
Էրդողանը համաձայն չէ Փաշինյանի հետ: «Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը կգտնի այն խաղաղությունը, որին այդքան երկար է ձգտում էր», - այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Փաստորեն, նա համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ խաղաղությունն արդեն եկել է: Չէ՞ որ Հայաստանի վարչապետը հենց այդ է ասում արդեն գրեթե մի ամիս՝ օգոստոսի 8-ից ի վեր:
Կարող եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը խոսում էր հայ-ադրբեջանական խաղաղության մասին, իսկ Էրդողանը՝ Հարավային Կովկասի՝ ամբողջությամբ: Սակայն, չկա Հարավային Կովկասի առանձին վերցրած հատվածային խաղաղություն: Կովկասը կամ խաղաղ է ամբողջությամբ, կամ՝ խաղաղություն չկա եւ ոչ մի հատվածային առումով:
Սա իհարկե լավ են պատկերացնում բոլոր նրանք, ովքեր ներգրավված են Կովկասի շուրջ քաղաքական պրոցեսներում: Եվ այդ իմաստով, Էրդողանը հայտարարում է, որ Հարավային Կովկասում չկա խաղաղություն, այն դեռ պետք է գա: Սա հերթական անգամ վկայում է, որ Թուրքիան բավարարված չէ Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագրում նախանշված շրջանակից:
Չինաստանում Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպմանն Էրդողանն ըստ ամենայնի Հարավային Կովկասի մասով փորձել է թերեւս շոշափել այդ հանգամանքը, հասկանալու համար, թե ինչպիսին է Թրամպ-Պուտին պայմանավորվածությունների շրջանակը եւ դրա հարաբերակցությունն օգոստոսի 8-ի շրջանակայինի հետ:
Քաղաքագետ Հակոբ Բադալյան