Որակի կառավարման համակարգեր չունեցող լաբորատորիաների լիցենզիան կկասեցվի
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում:
Ըստ այդ նախագծի, Հայաստանում նախատեսում են կասեցնել որակի կառավարման համակարգեր չունեցող լաբորատորիաների գործունեությունը, մինչև այդ համակարգերի ներդրումը: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հիշեցրեց, որ 2021թ-ին ընդունվել է օրենք՝ պարտադիր պահանջ սահմանելով բոլոր լաբորատորիաների համար՝ ապահովելու որակի համակարգեր: Վերջնաժամկետը 2025 թվականի մարտ ամիսն էր: Սակայն այս ընթացքում ի հայտ են եկել մի շարք գործոններ:
«Սահմանում ենք, որ այն լաբորատորիաները, որոնք ունեն միջազգային կամ տեղական հավաստագրում կամ հավատարմագրում, որպես բացառություն են հանդիսանալու: Իրենք արդեն միջազգային մակարդակի հավաստագրումն ու հավատարմագրումն ապահովել են և կարիք չեն ունենա լրացուցիչ նաև մեր այս որակի կառավարման համակարգը ապահովելու: Երկրորդ փոփոխությամբ սահմանում ենք, որ բոլոր այն լաբորատորիաները, որոնք չեն ունենա որակի կառավարման համակարգեր, իրենց լիցենզիան կկասեցվի այնքան ժամանակ, մինչև իրենք լրացնեն այդ բացը»,-ասաց Նանուշյանը:
Նախագծով նաև նախատեսվում է ստեղծել ռեեստր, որը հնարավորություն կտա համապարփակ տվյալներ ունենալ ՀՀ–ում գործող բոլոր լաբորատորիաների մասին: Այս պահի դրությամբ արդեն 131 լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություն դրական եզրակացություն է ստացել լիազոր մարմնի կողմից, որ ապահովել են որակի կառավարման համակարգերը: