Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է, որ պայմանավորված կիրառվող սահմանափակումներով՝ ռեստորանային ոլորտի ընկերությունների շրջանառությունը վերջին օրերին նվազել է։
Կառավարության հունվարի 27-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը հիշեցրել է հունվարի 22-ից կիրառվող սահմանափակումների մասին, համաձայն որոնց հանրային վայրեր՝ ռեստորաններ, սրճարաններ ու մշակութային օջախներ այցելելու դեպքում պետք է կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնել, կամ պատվաստման հավաստագիր։
Նրա խոսքով, վերջին օրերի տվյալներով ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը նվազել է ոչ թե 70 տոկոսով, ինչպես ասում են, այլ մոտ 20 տոկոսով։
«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը, բայց այստեղ կարևոր մաս կա, մենք չենք խոսում միայն պատվաստվածների մասին, կան մարդիկ, ովքեր պատվաստված են, բայց նաև վարակված են, թեստը տվել է դրական պատասխան, և այդ մարդիկ չեն կարող մտնել ռեստորան։ Դա էլ է կարևոր պատճառ, թե ինչու է ընկել շրջանառությունը։ Բնականաբար, որևէ գիտակից մարդ, վարակված լինելով, չպետք է մտնի ռեստորան»,- ասաց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարությունը կապի մեջ է թե սպասարկման ոլորտի, թե առողջապահության նախարարության գործընկերների հետ։
«Եվ եթե տեսնենք, որ վիճակը դուրս է գալիս նորմայի սահմաններից, ապա անպայման համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կձևակերպենք։ Բայց այս պահին մենք գտնում ենք, որ այս միջոցը՝ օմիկրոնի այսպիսի վայրագ ու ագրեսիվ տարածմանը զուգընթաց, բավական ճիշտ է»,- ասաց Քերոբյանը։