24.11.2024
Նիկոլ Փաշինյանը նորից վարակվել է կորոնավիրուսով
prev Նախորդ նորություն

Սկանդալ ԱԺ-ում. Ռուբեն Հակոբյանը Նարեկ Բաբայանին «կնոջ օժիտ» է անվանել

Ազգային ժողովի կրթության, մշակույթի, երիտասարդության, սփյուռքի եւ սպորտի հարցերի հանձնաժողովում արդեն երրորդ օրն է, ինչ չեն կարողանում քննարկել ընդդիմության կողմից ներկայացված Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թեկնածուին: «Հայաստան» դաշինքն այդ պաշտոնում առաջադրել Է ընդդիմադիր Ռուբեն Հակոբյանին։


Թեկնածության քննարկումները սկսվել են երկուշաբթի, սակայն հանձնաժողովի նիստերն ընդհատվել են սկանդալների պատճառով։ Այսօրվա քննարկումը բացառություն չդարձավ։ Սահմանված կարգի համաձայն՝ Հակոբյանն այսօրվա քննարկման շրջանակներում պետք է հանդես գար եզրափակիչ խոսքով։


Նա նշեց, որ ոլորտի մասնագետ է, պաշտպանել է քաղաքական լրագրության թեմայով ատենախոսություն և մտադիր է եղել ներկայացնել ոլորտի վերաբերյալ իր մասնագիտական մոտեցումները: Սակայն այդ թեմայով Հարցեր անգամ չեն հնչել, քննարկումները հասցվել են զրպարտության, վիրավորանքի և անհիմն մեղադրանքների մակարդակի։


Հակոբյանը նշել է, որ հանձնաժողովի նախորդ նիստում ՔՊ անդամ Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ չի հարգում իրեն եւ վիրավորանքներ է օգտագործել իր հասցեին: «Ես կարծում եմ, որ պետության համար դանդաղ գործողության ռումբ են նրանք, ովքեր չունենալով որևէ քաղաքական անցյալ, պառլամենտում են որպես «իրենց կնոջ օժիտ»», - ասել է նա: Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը նախկին փոխխոսնակ, այժմ պատգամավոր Լենա Նազարյանի ամուսինն է։


Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ընդհատել է Հակոբյանի ելույթը՝ հայտարարելով, որ հանձնաժողովի բնականոն աշխատանքի համար թեկնածուի ելույթն ավարտված է համարում:


Հակոբյանի դիտարկմանը, թե Գաբրիելյանը խախտում է «ԱԺ կանոնակարգի մասին» սահմանադրական օրենքը, Գաբրիելյանը խորհուրդ տվեց այդ հարցերը լուծել դատարանում եւ հայտարարեց քվեարկության մեկնարկի մասին: Հակոբյանը պահանջել է դադարեցնել գործընթացը և նույնիսկ հայտարարել է, որ հետ է կանչում է իր թեկնածությունը, բայց Գաբրիելյանը շարունակել է անտեսել թեկնածուի հայտարարությունը:


Հակոբյանը հայտարարել է, որ հետ կանչված թեկնածության պայմաններում հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն քվեարկել։ Նա նշեց, որ ելույթն ընդհատել պետք էր այն ժամանակ, երբ Նարեկ Բաբայանն իր հասցեին վիրավորանքներ էր հնչեցնում։ Գաբրիելյանը հակադարձել է. «Եթե ձեր կյանքի նպատակը բոլոր ուժերով...»: «Իմ կյանքի նպատակը քո նման խուլիգաններին վերադաստիարակելն է»: «Խուլիգանը քո ծնողն է, ով այսքան տարիների ընթացքում չի կարողացել քեզ սովորեցնել...»:


Պատգամավորների «երկխոսությունն» անցավ փողոցային հայհոյանքների, Գաբրիելյանը բարձրացավ տեղից՝ մտադրվելով անցնել ձեռնամարտի։ Այնուհետև նստեց իր տեղը և շարունակեց վեճը, Հակոբյանը հետ չմնաց, ընդ որում երկուսն էլ ցույց տվեցին փողոցային հայհոյանքների բառապաշարի ողջ հարստությունը։ Նիստի ավարտին պատգամավորները շարունակել են վիճաբանությունը:


Հանկարծ դահլիճում հայտնվեց ՔՊ անդամ և պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ ասաց. «Արծվիկ ջան, սա ի՞նչ կինո է: Մեզ նման բաներ պետք չեն։ Հեռացրեք այս պերսոնաժին այս շենքից»:


Գաբրիելյանը խորհուրդ է տվել չառաջադրել թեկնածուի, որը կարող է խայտառակել դաշինքը, նա վստահեցրել է, որ դաշնակցականները նույնպես անընդունելի են համարել Հակոբյանի վարքագիծը: Մինասյանը պահանջել է իրեն կոռեկտ պահել և պիտակները չկպցնել, նա հիշեցրել է, որ նախօրեին Նարեկ Բաբայանը ևս հեռու էր կոռեկտությունից։