Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հայտարարել է, որ Ռուսաստաում իր ձերբակալությունն իրականացվել է Հայաստանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա եւ պայմանավորված է վերջինիս ցանկությամբ` «ինձ ամեն գնով վերադարձնելու Հայաստան»:
Այդ մասին նա ասել է «Հրապարակ» թերթին՝ գրավոր հարցին ի պատասխան: Նա պատմել է, թե ինչ կապ ունեմ ես մաքսային վճարումներից խուսափելու պատմության հետ:
«Ես իսկապես աջակցել եմ մի խումբ անձանց, որպեսզի նրանք խուսափեն մաքսատուրք վճարելուց: Եվ այդ խումբը կազմված է Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից եւ նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, ովքեր 2018 թվականի հունիսին ինձ էին դիմել օգնության խնդրանքով` հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար: Ես, ինչպեսեւ մեր հարյուրավոր հայրենակիցները, այդ պահին հավատացել եմ փաշինյանական բանդայի ստերին եւ օգնել նրանց, բայց 6 ամիս անց գիտակցեցի, որ այդ գումարները նրանք յուրացնում են, եւ անմիջապես այդ բոլոր փաստերի մասին տեղեկացրի այդ պահին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին», - ասել է նա:
Ավագյանը նշել է, որ այդ ժամանակ ձերբակալվել 72 ժամով՝ որպես հանցակից, եւ ազատ արձակվեցի միայն իմ ներկայացրած բոլոր փաստերի ստուգումից հետո: «Քանի դեռ ԱԱԾ տնօրենն Արթուր Վանեցյանն էր, հետաքննություն էր ընթանում, որի շրջանակներում հարցաքննության էին հրավիրում Շուշանիկ Ներսիսյանին։ Վանեցյանը նրա կալանքի թույլտվությունն էր պահանջում Փաշինյանից, բայց այդպես էլ չստացավ համաձայնություն, այլ հրահանգ ստացավ՝ արգելելու Հայաստանից իմ ելքը, որպեսզի ես չհրապարակեմ այնպիսի տեղեկատվություն, որը կպատռեր փաշինյանական բանդայի անդամների դիմակները:
Իսկ երբ Վանեցյանը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, քրեական գործն արագ կարգով փոխանցվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի մաքսիմալ կասեցվի Շուշանիկ Ներսիսյանի եւ նրա կոռուպցիոն սխեմաների հետաքննությունը: ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը բազմիցս նշել է, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի իշխող ուժի համար, եւ որ ինձ Հայաստանից դուրս թողնելն անթույլատրելի է: Փաշինյանի բանդան բազմիցս ճնշումներ է գործադրել իմ բոլոր հարազատների եւ մտերիմների, ընդհուպ մինչեւ սանիկներիս եւ վարորդիս ընտանիքի նկատմամբ», - ասել է նա:
Բորիս Ավագյանը տեղեկացրել է, որ ստիպված է քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ «այն բռնատիրական ռեժիմը, որը սահմանել է Փաշինյանը Հայաստանում, միտված է նրան, որ քրեական գործեր սարքվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր համարձակություն են ունենում Փաշինյանի մասին ճշմարտությունն ասելու»:
Վերջում նա խոստացել է սկսել հրապարակումների շարք, որով կպատռի «Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»: