25.11.2024
Կարգալույծ են հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը և Տ. Պետրոս քահանա Բաղրամյանը
prev Նախորդ նորություն

Հայաստանն Ադրբեջանից ակնկալում է գրավոր արձագանք իր առաջարկներին. Արմեն Գրիգորյան

Հայաստանը սահմանազատման հարցով Բաքվին փոխանցած իր առաջարկների վերաբերյալ գրավոր արձագանք դեռ չի ստացել: Այդ մասին Կառավարության հունվարի 20-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


«Գրավոր արձագանք Բաքվից դեռ չենք ստացել», - հայտարարեց Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ արձագանք են ստացել Բաքվից սահմանազատման հարցով Հայաստանի առաջարկների վերաբերյալ: «Մենք այդ առաջարկությունները գրավոր ենք ներկայացրել, ակնկալում ենք նաև գրավոր արձագանք»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ առաջարկները բխում են զորքերի հայելային հետքաշման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայեցակարգային մոտեցումից:


«Զորքերի հետ քաշման հիմքում դրվում է Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը: Այդ քարտեզով զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում»,- ասաց ԱԽ քարտուղարը:


Հատկանշական է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արձագանքելով սահմանագծման և սահմանազատման գործընթացի հետ կապված Հայաստանի Հանրապետության առաջարկներին, հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները՝ սահմանազատումը սկսելու հարցում:


Այդ հայտարարությանը Արմենպրեսի հարցման ի պատասխան արձագանքել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, որ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա, քանի որ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Խոսքը, ինչպես նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը, պայմանավորվածությունների մասին է:


Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հունվարի 19-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին, ինչպես նաև միջնորդավորված Ադրբեջանին։


Մինչ այդ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր հայտնել սահմանազատման վերաբերյալ պաշտոնական Երևանի առաջկների մասին: Լավրովը նաև հայտնել էր, որ Ռուսաստանը ուզում է արագ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը, որը, դիվանագետի խոսքով, չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին կամ կարգավորման գործընթացին, դա զուտ երկկողմ հարց է։