Ղազախստանում իրավիճակը կարող է տեղափոխվել Միջին Ասիայի այլ երկրներ. պատգամավոր
Ղազախստանում տեղի ունեցածը լուրջ սպառնալիք է ողջ Միջին Ասիայի համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Ղազախստանում իրավիճակը մի քանի հարթություն ունի, մի կողմից՝ իրենց դժգոհությունն ու բողոքն արտահայտող խաղաղ քաղաքացիների ակցիաներն են, մյուս կողմից՝ արմատական խմբերի ակտիվացումը, որոնց միջոցով ապակայունանում է իրավիճակը հանրապետությունում։ Արմատականների մասնակցության փաստը, ինչը հաստատվում է մարդկանց գլխատման դեպքերով, նշանակում է, որ այդ խմբերը կարող են «սնվել դրսից»։ Իսկ դա իր հերթին կհանգեցնի նրան, որ Ղազախստանում նման իրավիճակը կարող է երկար ժամանակ ձգվել։
Աբրահամյանը չի բացառում, որ Ղազախստանի միջոցով փորձ է արվում ապակայունացնել իրավիճակը Միջին Ասիայի բոլոր սահմանամերձ երկրներում: Նա վստահ է, որ լուրջ սպառնալիք կա, որ իրավիճակը մոտ ապագայում կարող է տեղափոխվել տարածաշրջանի այլ երկրներ։
Աբրահամյանը մատնանշել է այն հանգամանքը, որ նման իրավիճակ է նկատվում տարածաշրջանի ամենակայուն երկրներից մեկում, եւ որ, չնայած Միջին Ասիայում իր ազդեցությունն ակտիվացնելու եւ ուժեղացնելու Թուրքիայի ձգտմանը, Անկարան բավականին ուշ է արձագանքել իրավիճակին: «Հիմնականում թուրք-ադրբեջանական քարոզչությունն աշխատել է Ղազախստանի դեմ, դա կարող է նշանակել, որ տարածաշրջանը, հնարավոր է, ուժերի լուրջ վերաբաշխում է ակնկալում», - հայտարարել է նա:
ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը ակտիվացրել է արտաքին խաղացողներին ստեղծված իրավիճակի կապակցությամբ, կարծում է Աբրահամյանը: «Դա ակնհայտորեն անհանգստացրել է Արևմուտքին, բայց հատկապես Թուրքիային, որը լուրջ ախորժակներ ուներ Ղազախստանն իր ազդեցության դաշտ մտցնելու առումով», - կարծում է պատգամավորը: Այս առումով Ղազախստանում իրավիճակը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում՝ Եվրասիական գործընթացների և պանթուրքական գաղափարների առաջացմանը խոչընդոտելու համատեքստում։