Սահմանադրական դատարանի՝ ՊՇՌ հետազոտությունների իրականացման ծախսը քաղաքացու վրա թողնելու նախարար Անահիտ Ավանեսյանի որոշումը հակասահամանդրական ճանաչելն և դրա շուրջ քննարկումներն աբսուրդ են: Նման կարծիք է հայտնել սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը, որն աշխատում է Դրեզդենի խոշոր փաստաբանական ընկերություններից մեկում, դասավանդում Հագենի համալսարանում:
«Եթե «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» նախադասության միջից «իր հաշվին»-ը ջնջես, կնշանակի, թե ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է «ուրիշի հաշվի՞ն»։ Սա ի՞նչ աբսուրդ որոշում է», - տարակուսում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՍԴ որոշումն ամենևին չի նշանակում, թե մեկ ուրիշը (պետությունը) պիտի վճարի հետազոտության համար։
«Ավելին՝ ՍԴ-ն պետությանը չի էլ պարտավորեցրել նորից կարգավորել այդ հարցը։ Ոչ ԱԺ-ն, ոչ առողջապահության նախարարը պարտավոր չեն հիմա որևէ բան ավելացնել կամ պակասեցնել իրենց որոշումներում։ Ամեն ինչ կարող է հենց էսպես էլ մնալ՝ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը»։ Դե ասեք, թե ով պիտի վճարի աշխատողի հետազոտության համար։
ՊՇՌ հետազոտություն իրականացնելու պարտականությունը շարունակում է մնալ։ Որ հիմա աշխատողը գնա ՊՇՌ հետազոտության, հետազոտությունն անողը պահանջելու է իր մատուցած ծառայության գինը։ Ո՞վ պիտի վճարի, եթե ոչ էլի աշխատողը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը։
Ի՞նչ է որոշել Սահմանդրական դատարանը
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է իրենց հաշվին պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն:
Ըստ որոշման՝ «ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին՝ նկատի առնելով, որ ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի լիազորություններից:
ՍԴ որոշումը ուժի մեջ է մտել հրապարակման պահից։
Առողջապահության նախարարության դիրքորոշումը
ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի աշխատողի՝ իր հաշվին թեստավորվելու պահանջը հակասահմանադրական ճանաչելու որոշմանը, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՍԴ-ն հակասահմանդրական է ճանաչել Առողջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների միայն «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» ձևակերպումը:
«Սակայն պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, և աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում:
Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում»,-հայտնել են նախարարությունից: