24.11.2024
Մամուլ. Խաչատուր Սուքիասյանը Երևանի քաղաքապետ թեման փա՞կ է
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հայկոյի թեման թիմում արդեն փակ է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության երեկվա փակ հանդիպունից։ Մենք տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ վարչապետը ներկայացրել է նախորդ շաբաթ Բրյուսել կատարած իր այցից մանրամասներ: Խմբակցությանն ասել է, թե ինչ հանդիպումներ է այնտեղ ունեցել, ինչ է խոսել, ու ինչ պետք է սպասել: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը այդ այցն արդյունավետ է համարում, քանի որ կարողացել են կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որի վառ ապացույցը դրանից հետո հայ ռազմագերիների վերադարձն է եղել: Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումն էր տեղի ունեցել: Երեկվա փակ հանդիպմանը հիմնականում խոսել է Փաշինյանը, իսկ ՔՊ-ական մի քանի պատգամավորներ հարցեր են ուղղել վարչապետին հանդիպումից հետո սպասվող ակնկալիքների մասին: Ի դեպ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «գահընկեցությանը», ըստ մեր աղբյուրների, որեւէ անդրադարձ չի եղել, քանի որ, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, «Հայկոյի թեման» թիմում արդեն «փակ է»: Կա նոր քաղաքապետ, որի հետ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին Նաիրի խոշորացված համայնքում առաջադրվել էր նաեւ Եղվարդի 22 տարվա համայնքապետ Նորայր Սարգսյանը։ Նա առաջադրվել էր շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանի զոքանչի՝ Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ցուցակով։ ՔՊ-ն եւս այստեղ ուներ թեկնածու։ Քվեարկության մասնակիցների 43,81%-ն իր ձայնը տվել էր Նորայր Սարգսյանին, 28,63 %-ը՝ ՔՊ-ին, «Հանրապետությունը»10,21 % էր ստացել, «Իմ հզոր համայնքը»՝ 7,67 %, ՀՅԴ-ն՝ 4,52 %։ Չնայած իշխանությունն ամեն ինչ անում էր, որ կրկնվեր Գյումրու սցենարը, սակայն Նորայր Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ՀՅԴ-ի ու «Հզոր համայնքի» աջակցությամբ 8-րդ անգամ ընտրվել է համայնքի ղեկավար։ Սիմիդյանի զոքանչն էլ, փաստորեն, մերժեց ՔՊ-ին կամ չկարողացավ օգնել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետի ուժեղ թեկնածուի փնտրտուքի մեջ է, ինչի պատճառով էլ գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դեկտեմբերի 12-24-ը որոշել է արձակուրդ մեկնել՝ շառից-փորձանքից հեռու մնալ։ Սակայն պարզվում է՝ «տակից» նաեւ «ատամ է ցույց տալիս» իշխանություններին։ Դեկտեմբերի 20-ին մարզպետի տեղապահ փոխմարզպետ Կարո Ավանեսյանը չեղարկել է մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի վերաբերյալ ավելի վաղ կայացրած «խիստ նկատողության» մասին որոշումը։ Բանն այն է, որ Գանդալյանը համարվում է Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի «մարդը», որը չի թաքցնում իր քաղաքական հայացքները։ Կապանի ավագանու ընտրություններից առաջ Սուրեն Պապիկյանի եւ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի ցուցումով՝ մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի որոշմամբ՝ Գանդալյանի նկատմամբ ծառայողական քննություն էր սկսվել։ Փորձել են նրան վախեցնել, գուցե նաեւ՝ հնարավորության դեպքում ազատել աշխատանքից։ Քննության արդյունքում խիստ նկատողություն է հայտարարվել՝ աշխատանքից ուշանալու համար, սակայն նրա փաստաբանը բողոքարկել է որոշումը, եւ դեկտեմբերի 20-ին այն չեղարկվել է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Նոյեմբերյան խոշորացված համայնքում կայանալու է նորընտիր համայնքապետի՝ Արսեն Աղաբաբյանի երդմնակալության արարողությունը։ Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը (29,54 տոկոս)՝ Աղաբաբյանի գլխավորությամբ, կոալիցիա է կազմել «Հանուն հանրապետության» կուսակցության հետ (26,66 տոկոս)՝ Մհեր Աղամյանի գլխավորությամբ, եւ ընտրել Կոթիի երկարամյա համայնքապետ Աղաբաբյանին։ Իսկ 43,76 տոկոս ձայն ստացած ՔՊ-ն՝ Կարեն Աբազյանի գլխավորությամբ, ստիպված է դառնալ ընդդիմություն։ Սակայն ՔՊ-ն ոչ մի կերպ չի հաշտվում պարտության հետ, եւ, մեր տեղեկություններով, որոշել են հարամել երդմնակալությունը՝ իրենց կողմնակիցներին բերելով համայնքապետարան ու բախումներ հրահրելով, ինչպես Փարաքարում։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ պարտության հետ չհաշտվող Աբազյանը նախկինների՝ ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ է, եւ հենց մարզի ՀՀԿ-ականներն են այսօր պայքարում ՔՊ-ին ընդդիմություն դարձած համայնքային նոր իշխանությունների դեմ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն Արցախի իրավապահների ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ անցած տարվա կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո մինչեւ նոյեմբերի 25-ը Արցախի 3 էլեկտրաբաշխիչ կայաններն «անհետացել» են։ Խոսքը Բերձորի, Աղավնոյի եւ Դադիվանքի տարածքում գտնվող կայանների մասին է։ Նա կարծում է, որ սրանով են պայմանավորված Արցախում վերջին շրջանի հովհարային անջատումները։ Նա օրերս այցելել է գլխավոր դատախազություն, հետաքրքրվել՝ արդյոք զբաղվո՞ւմ են այդ մասշտաբային թալանով։ Նրան պատասխանել են, որ այդ փաստով չկա հայտարարություն, եւ իրենք չեն կարող գործ հարուցել ու զբաղվել։ «Հիմա ես հայտարարում եմ այդ մասին եւ հրավիրում դատախազության ուշադրությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Գալստյանը։ Նրա խոսքով՝ ըստ օդում կախված լուրերի, այդ կայանները տեղափոխվել են Հայաստան, ապա՝ Վրաստան։ «Մինչդեռ դրանցից գոնե մեկը կարող էին Ստեփանակերտ տեղափոխել, որ նման խնդիր արցախցին այսօր չունենար։ Երբ մեր խմբակցությունն ասում է, որ թալանով են զբաղված, հենց սրա մասին է ասվում։ Փոխանակ պատկան մարմինները մտածեին՝ ժամանակին տասնյակ միլիոնների հասնող պատմամշակութային ժառանգությունը հանեին Շուշիից եւ այլ վայրերից, այլ գործով են զբաղվել»,- եզրակացնում է պատգամավորը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր՝ աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին: Այս հարցը ՍԴ-ում վիճարկվում էր ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների բողոքի հիման։ Օրենքը սահմանում էր, որ գործատուն արդեն օրենքի ուժով կարող է ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող չպատվաստված աշխատակցին ազատել աշխատանքից։ Նկատենք՝ Հայաստանն առանց այն էլ այս պահին պատվաստման շատ ցածր ցուցանիշ ունի. ամբողջությամբ պատվաստվել է միայն երկրի բնակչության 14 տոկոսը։ Եվ այս տոկոսն էլ, փաստորեն, ապահովվել է հենց այս հակասահմանադրական որոշման շնորհիվ։ Իսկ ո՞վ պետք է հիմա վերադարձնի քաղաքացիների գումարները։ Այս հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանից։ Նա նշեց. «Այդ հարցի պատասխանն ավելի հստակ կարելի է տալ Սահմանադրական դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո: Այն, որ պետությունն ամեն ինչ անելու է, որ պատասխանատվությունից խուսափի, դա փաստ է: Դեկտեմբերի 14-ին կատարած հարցմանս, թե պետությունը քաղաքացիների վնասը հատուցելու է արդյոք, երբ պարզվի, որ տուժել են պատվաստանյութերից, պատասխանել են, որ պատվաստումները կատարվում են կամավոր: Մեր թիմը փորձելու է նաեւ իրավական ճանապարհը գտնել քաղաքացիների վնասի հատուցման իրավունքները պաշտպանելու համար»: Այսպիսով, կարեւոր հարցի պատասխանը դեռ պարզ չէ. ե՞րբ են փոխհատուցվելու ՀՀ քաղաքացիներից հակասահմանադրական ճանապարհով գանձված գումարները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունը դեռեւս չի ամփոփել, թե կորոնավիրուսից իրականում քանի մարդ է մահացել։ Այս մասին «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ «Նոր տարուց հետո նոր կներկայացնենք, այս պահին դեռ ամփոփում ենք»,- ասաց նա։ Նշենք, որ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս դեկտեմբերի 2-ին էր հանձնարարություն տվել նախարարին, իսկ հարցը դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր բարձրաձայնել։ Վարչապետ Փաշինյանը, ի դեպ, հղում է անում հենց այն թվերին ու վիճակագրությանը, որոնք պատգամավոր Թովմասյանն էր ներկայացնում: Հիշեցնենք, որ ծառայողական քննության ավարտից հետո, վարչապետի հանձնարարությամբ, հարցը նաեւ Գլխավոր դատախազությունում կքննվի: Թե ինչով է զբաղված Ավանեսյանի մատնանշած աշխատանքային խումբը, թերեւս միայն իրենք կիմանան։ Հստակ է, որ դրա կատարած աշխատանքի արդյունքն արդեն ամիսներ շարունակ որեւէ մեկի տեսանելի չէ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ նորաստեղծ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի միջեւ միջգերատեսչական բախումը նոր թափ է ստանում: Բանն այն է, որ անգամ դատախազներն են ներքին խոսակցությունների ժամանակ կարծիք հայտնել, թե նախաքննական մարմինը քաղաքական իշխանությանը հաճոյանալու համար քրեական գործերն այնպիսի վիճակում է ուղարկում դատարաններ, որ հետագայում որպես մեղադրողներ իրենք են դատարաններում կանգնում փաստի առջեւ, ուստի ցանկացած հնչեղ գործով, եթե տեսնեն մի բան այն չէ, քրեական գործը ետ են ուղարկելու: Մեր ստացած տեղեկությունը երբ համադրեցինք իրականության հետ, ամեն ինչ առավել հստակ դարձավ: Երեկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործը հսկող դատախազը գործը հետ ուղարկեց Հակակոռուպցիոն կոմիտե: Նույն իրավիճակն է եղել նաեւ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի կաշառքի գործով, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրի մասով հարուցված քրեական գործով: Սակայն արձանագրենք` գործող պաշտոնյաների, մասնավորապես՝ Հայկ Սարգսյանի հայտարարագրի մասով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեի թեթեւ ձեռքով կարճվեց, իսկ նախկին չինովնիկների մասով քրեական գործերի համար ամեն ինչ անում են, որ դատական վախճան ապահովեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 88 մլրդ147 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 9.7 տոկոսով ավելացել է, այսինքն՝ մեր երկրում ավտոմեքենաների առեւտուրն ակտիվացել է: Ոչ միայն առեւտուրն է ակտիվացել, այլեւ ավտոմեքենաների գներն են բարձրացել: Աշխարհում ավտոմեքենա արտադրող ընկերությունները Քովիդի պատճառով խնդրի առաջ են կանգնել եւ չեն արտադրել, այդ պատճառով տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաները, այն էլ՝ բարձր գներով: Օրինակ՝ մեր հայրենակիցների մեծ մասը եթե ավտոմեքենա ներկրում էին ԱՄՆ-ից, ապա միայն վնասվածը, իսկ ԱՄՆ քաղաքացին միայն սրահից է ձեռք բերում նոր արտադրվածը: Բայց հիմա իրավիճակ է փոխվել. ԱՄՆ քաղաքացուն սրահներում ասում են, որ նոր մեքենայի համար պետք է մի քանի ամիս սպասի: Եւ որպեսզի չսպասի այդքան, նա ստիպված իր վթարված մեքենան է նորոգում ու օգտագործում: Հիշեցնենք, որ 2020 թվականին, երբ Հայաստանում Քովիդի պատճառով որոշ սահմանափակումներ էին կիրառվում, այդ ժամանակ ավտոմեքենաների գները 50 տոկոսով նվազել էին. մարդիկ գումար չունեին եւ ստիպված էինց իրենց, օրինակ, 10 000 դոլարանոց ավտոմեքենան 4000 դոլարով վաճառել: