VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանին Երեւանի քաղաքապետի պաշտոնից «տուն ճանապարհելով»՝ իշխանությունները, ըստ լուրերի, չեն բավարարվելու․ կուլիսներում խոսում են, որ հաջորդ քայլը քրեական գործ հարուցելն է, եթե պետք լինի, անգամ կկալանավորեն նրան։ Չնայած նա իր ելույթում «խնայեց» Փաշինյանին եւ շատ փաստեր չհրապարակեց` զուտ քրեական հետապնդումից խուսափելու համար: Բայց Մարությանն այս պահին հեղափոխական իշխանության ամենառեյտինգային պաշտոնյան է, եւ Փաշինյանին լուրեր են հասել, որ նա թիմ է հավաքում` հաջորդ ընտրություններին մասնակցելու համար, դրա համար էլ պաշտոնանկության գործընթացն արագացրին, որ մինչեւ հաջորդ ընտրությունները հասցնեն Մարությանին ամբողջությամբ դարձնել «սեւ», եւ նա առաջադրվելու շանս չունենա։ Ինչ վերաբերում է հաջորդ ընտրություններին, ապա իշխանականները վստահ են, որ դրանք չեն լինելու արտահերթ, գնալու են հերթական ընտրությունների՝ մոտ 2 տարի պաշտոնավարելու է Հրաչյա Սարգսյանը: Ի դեպ, ՔՊ-ում խոսում են, որ քաղաքապետի պաշտոնում Խաչատուր Սուքիասյանի առաջադրման թեման փակված է: Այժմ նոր թեկնածություններ են քննարկվում: Թիմում վարկածներ ունեն, որ հնարավոր է Փաշինյանի ընտրությունը կանգնի Տիգրան Ավինյանի կամ Վիկտոր Մնացականյանի վրա»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ՔՊ-ն անվստահություն հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ավագանու արտահերթ նիստում վերջինս բավականին սուր ելույթ ունեցավ՝ ըստ էության քարը քարին չդնելով ՔՊ-ից, չնայած այնտեղ, հանուն արդարության, արդեն վաղուց «քար» էլ չկա: Սակայն սկսած իշխանավորների՝ իրենց կյանքը բարելավելու մասին հիշատակումից մինչև կոռուպցիոն ռիսկեր, մինչև լայքամեռություն ու Ֆեյսբուքով պետության կառավարում, փաստացի գրեթե նորություն չկար Մարությանի խոսքերի մեջ: Այդ ամենի մասին վաղուց խոսում են բոլոր գիտակից, սթափ դատող, օբյեկտիվ մասնագետներն ու գործիչները: Նորությունն այն էր, որ այդ ամենի մասին բարձրաձայնում է մարդ, որը երկու տարուց ավելի թիմի անդամ է եղել և որը այդ նույն թիմի հատուկենտ աշխատող պաշտոնյաներից էր: Նորություն չէր նաև այն, որ ժամանակին Մարությանին գովերգողները, նրա հետ ընկերությամբ պարծեցողները, նրա արած գործերով հպարտացողներն այս օրերին վերջին հայհոյանքներն ու մեղադրանքներն են ուղղում նրան: Նորություն չէ, որովհետև այսպիսին է ՔՊ-ն, սա իրենց տեսակն է: Սակայն այս ամենի մեջ կա չափազանց ուշագրավ մի դրվագ: «Քայլողները» Մարությանին մեղադրում էին հեղափոխությանը դավաճանելու մեջ, Մարությանն էլ ասում էր՝ իրականում հեղափոխական արժեքներից դուք եք հեռացել: Այստեղ է, որ երկու կողմն էլ սխալվում են: Իրականում ոչ մի հեղափոխություն չի եղել, որ ինչ-որ մեկն էլ հեռանա դրանից. եղել է իշխանափոխություն, և Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հավատարիմ են իշխանափոխությանն ու իրենց աթոռներին: Այո, եղել են մարդիկ, ովքեր միամտորեն իսկապես հավատացել են «հեղափոխությանն» ու հեղափոխական արժեքներին, բայց նրանք վաղուց արդեն Փաշինյանի հետ չեն: Այ, սա հստակ օրինաչափություն է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երեւանի ավագանին անվստահություն էր հայտնում, մենք կապ հաստատեցինք Մարությանի կնոջ՝ ազգությամբ չեխ Իվա Մարությանի հետ։ Հարցրինք` մնալո՞ւ եք Հայաստանում, թե՞ կհեռանաք երկրից, եթե Մարությանը պաշտոնանկ արվի։ Քաղաքապետի կինն ասաց․ «Իհարկե, միանշանակ մնալու ենք Հայաստանում, մենք մշտապես՝ ամբողջ մեր կյանքում ապրելու ենք այստեղ»։ Իսկ մտավախություն չունե՞ք, որ հայտնի ձեռագրով իշխանությունները քրեական գործեր կհարուցեն Ձեր ամուսնու նկատմամբ, հետապնդումներ կսկսեն, ի՞նչ կանեք այդ դեպքում։ "Մենք շատ ամուր ընտանիք ենք եւ ամեն ինչի պատրաստ ենք, ոչ մի բանից չենք զարմանում, այնքան բան ենք տեսել մեր կյանքում, մեր տրամադրությունը շատ բարձր է, եւ մենք ազնիվ մարդիկ ենք ու գիտենք, որ վերջում արդարությունը հաղթում է։ Ես, համենայնդեպս, էդ հավատքն ունեմ, այսինքն՝ մենք ոչ մի բանից չենք վախենում"։ Իսկ սպասելի՞ էր Ձեզ համար այս պրոցեսը։ "Եթե ոչ մի բանից չենք զարմանում, ուրեմն երեւի սպասելի էր նաեւ"»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հանդիպում ունենալ: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիրներին հանդիպման ցանկությունն ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն է փոխանցել: Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Փաշինյանն առաջարկել է հանդիպել ու քննարկել Արցախի բանակցային թեման: «Այո, հերթական անգամ եղել է նման առաջարկ, ինչն ընդդիմությունը մերժել է՝ պնդելով, որ հանդիպումը հրապարակային լինի: Հրապարակային քննարկումներ լինում են, օրինակ, ԱԺ քառօրյա նիստերի օրերին կառավարություն- Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ»,- մեզ հետ զրույցում ընդգծեց նա: Տեղեկությունը նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հաստատեց: «Այո, նման առաջարկություն նաեւ մեզ է եղել, առավել ամբողջական հավելյալ հայտարարություն կտարածենք»,- նշեց նա: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին ուղղված առաջարկը մի քանի օր առաջ է եղել։ Թե ինչու են հապաղել հայտարարել այդ մասին, հարց է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 20-ին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից Սուրեն Գրիգորյանի ազատման պատճառը, նախարարության մեր աղբյուրների վկայությամբ, Կարեն Անդրեասյանի հետ անհաշտ հարաբերություններն են եղել։ Նախարար Անդրեասյանը, որն իրեն լայն լիազորություններ է շնորհել, նախարարություն ոտք դնելու օրվանից աշխատակազմի հետ խնդիրներ ունի․ նա նախարարի դերը տեսնում է բոլոր պաշտոնյաների աշխատանքին անուն դնելու մեջ եւ հայտարարել է, որ սեփական չափորոշիչներով է թիմ հավաքելու։ Նա տեղի-անտեղի քննադատում է ենթականերին, թերություններ բռնում: Եվ Գրիգորյանի նյարդերը տեղի են տվել, ու նա ազատման դիմում է գրել։ Մեր աղբյուրներն ասում են, որ նա անգործ չի մնա, քանի որ ջերմ հարաբերություններ ունի գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի հետ, որը համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը, ուստի չի բացառվում, որ շուտով աշխատանք ունենա այդ ոլորտում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդիում, ինչպես հայտնի է, ՔՊ-ն ֆիասկո կրեց եւ ոչ մի նոր բան չմտածեց, քան նոր ընտրությունների գնալն է: Պարզվում է` մարզային իշխանությունները հակված են նոր թեկնածուով մասնակցել նոր ընտրություններին, որոնք, ըստ ամենայնի, կկայանան փետրվարին։ Նոր թեկնածուով հանդես գալու ակտիվ ջատագովներից է հատկապես Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, որը Գարիկ Սարգսյանի հետ անհաշտ հարաբերությունների մեջ է։ Նա առաջարկում է «Հանրապետություն» եւ ՔՊ կուսակցությունների դաշինք ձեւավորել, որը կգլխավորի իր սանիկ Մանվել Ղազարյանը՝ «Վեդի Ալկոյի» սեփականատերը։ Վերջինս դեկտեմբերի 5-ի ընտրություններին ֆինանսավորել է իր ընկեր Արամ Սարգսյանի կուսակցությանը: Մյուս կողմից, երեկվա դրությամբ Վեդիի համայնքապետարանում խոսում էին, որ Գարիկ Սարգսյանը կնշանակվի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ մինչեւ նոր ընտրությունները, համայնքում անիշխանության վիճակ է: Նախկին համայնքների ղեկավարները, որոնց մի մասն ընդգրկված էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունում, եւ ընտրություններից հետո վերցրել են ավագանու մանդատները, անորոշության մեջ են։ Բանն այն է, որ դադարեցվել են այդ համայնքապետերի լիազորությունները, եւ որեւէ տեղեկանք, դիմում, գործարք հնարավոր չէ անել` մինչեւ կլինեն նոր ընտրություններ, եւ նոր ավագանին ներկայացուցիչներ կնշանակի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Փարաքարի համայնքապետի երդմնակալության օրն է: Սակայն համայնքում պատերազմական վիճակ է՝ միանգամից 2 անձ իրենց համարում են ընտրված համայնքապետ՝ Ապրելու երկիր կուսակցության եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։ Երեկվանից Փարաքարի երկու համայնքապետացուների կողմնակիցները մարտական պատրաստվածության են եկել։ Մեզ տեղեկություններ են հասել, որ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետացու Վոլոդյա Գրիգորյանի կողմնակիցները վաղ առավոտից լինելու են համայնքապետարանի շենքի դիմաց՝ փորձելով խոչընդոտել Դավիթ Մինասյանի մուտքը համայնքապետարանի շենք: Բանն այն է, որ ՔՊ-ն եւ Դավիթ Մինասյանը միասին ունեն 11 մանդատ եւ կարող են քվորում ապահովել՝ նիստ հրավիրել, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի 10 մանդատ եւ միայնակ չի կարող նիստ հրավիրել, հետեւաբար առաջին նիստում նշանակված երդմնակալության արարողությունը կտապալվի։ Թե ինչպես է հանգուցալուծվելու այս իրավիճակը, ոչ ոք չի պատկերացնում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին ու ելույթ ունեցավ: Այս հանգամանքը, շատ մեղմ ասած, միանշանակ չընդունվեց հանրության մեծ մասի կողմից, թեպետ հրճվանք առաջացրեց հակառուսական տրամադրություններ գեներացնողների շրջանում: «Փաստ» թերթի հետ զրույցում «Ժողովրդավարություն և անվտանգություն» իրավապաշտպան ՀԿ ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ Բայդենը փաստացի կազմակերպել էր հակառուսական ակցիա, իսկ Հայաստանը, հերթական անգամ կա՛մ չհասկանալով, կա՛մ ուղղակիորեն հասկանալով, ներքաշվեց հակառուսականության այդ ֆորումի մեջ: «Եթե սա հերթական անգամ արվել է չհասկանալով, այլ հարց է, բայց եթե արվել է միտումնավոր՝ ՌԴ-ին ինչ-որ բաներ հասկացնելու համար, մենք դրա հետևանքները դեռ շատ երկար ենք քաղելու»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հերթական հակառուսական այս քայլը անարձագանք ու անպատասխան չի մնալու: «Բայց խնդիրն այն է, որ այդ պատասխանից տուժում են խոցելի խմբերը, այն մարդիկ, ովքեր բացարձակապես մեղավոր չեն հակառուսականության այս բումի մեջ, որը Հայաստանում նորից սկսել է ակտիվանալ», -ասաց Զոհրաբյանը: Նրա համոզմամբ, այն, որ այս իշխանությունն իր արտաքին քաղաքական նախապատվություններով հակառուս է, դա որևէ մեկին, այդ թվում՝ Ռուսաստանին, ապացուցել պետք չէ: «Այն, որ այս պահին այս իշխանությունը Ռուսաստանին հաճոյանալու համար անում է ամեն ինչ, դա ևս փաստ է: Ժողովրդական խոսքով ասած՝ որ պահին այս իշխանության ատամը կտրեց, Ռուսաստանին թիրախավորելու է, ինչը ևս փաստ է: Պարզապես, ինչպես ասում են, աստղերը դասավորվել են այնպես, որ այս իշխանությունները հարմար օբյեկտ են թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի համար: Ուստի, բոլորը փորձելու են Հայաստանի այս իշխանություններից իրենց քաղաքական շահի համար առավելագույնը պոկել: Մինչդեռ դրանից տուժում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախը»,«Փաստի» հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ Հայաստանի քաղաքական շրջանակներն ու հասարակությունը զբաղված էին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացով, Հայաստանի պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որոնք կարեւոր եւ որոշիչ են Հայաստանի համար: Նախ՝ Վրաստան այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Պարսից ծոց – Սեւ ծով միջազգային տրանսպորտային երթուղու գործարկման մասին: «Ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա երկու նախագիծ՝ ավտոմոբիլային երթուղի եւ երկաթուղային երթուղի: Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ: Ճանապարհի առավել արդյունավետ աշխատանքի համար մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մեր իրանցի եւ վրաց գործընկերների հետ, ու շատ կարեւոր է, որ այստեղ լիարժեք փոխըմբռնման հասնենք: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Արբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի՝ դառնալով Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք երթուղի»,- նշել էր նա:
Երեկ էլ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարեւորել է Երեւան-Նախիջեւան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը՝ ընդգծելով, որ այն բերելու է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացմանը: Վերջինս երեկ հանդիպել էր ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին եւ նման հայտարարություն արել հենց այդ հանդիպման ժամանակ: Իր հերթին էլ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ նշել է. «Մինչեւ երկաթգծի Մեղրիի, այնուհետեւ Հորադիզ տանող հատվածների կառուցումը այժմ քննարկվում է Երասխը ադրբեջանական Սադարակին կապող երկաթուղու մի քանի հարյուր մետրի վերագործարկումը, ինչը թույլ կտա Հայաստանը երկաթգծով կապել Իրանին»: Նկատենք, որ Հորադիզից դեպի Հայաստան ձգվող մոտ հարյուր կիլոմետրանոց երկաթգծի կառուցման աշխատանքները Ադրբեջանում սկսվել են այս փետրվարին։ Բաքուն այն ծրագրում է ավարտել մինչեւ 2023թ. վերջ: Այսինքն՝ Հայաստանի, ավելի կոնկրետ՝ Հայաստանի քարտեզի շուրջ տեղի են ունենում գործընթացներ, որոնք դրսեւորվում են «Կարգին սերիալի» մոտիվներով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աժ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի միջամտությամբ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, այս հանդիպումը այդքան էլ չի մեղմացրել ԲԴԽ նախագահի եւ վարչապետի միջեւ առկա լարվածությունը, ասել է թե՝ Ջհանգիրյանի խնամու գործոնը իրավիճակը չի փոխում։ Ի՞նչ է կատարվում. այս տեղեկությունը փորձեցինք պարզել ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանից, ինչի ի պատասխան՝ նա կտրուկ արձագանքեց. «Զառանցանքները չեմ մեկնաբանում»: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ին գրել էինք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող են փնտրում։ «Բանն այն է, որ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի: Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները համատարած հրաժարվում են քննել նախկին պաշտոնյաների գործերը կամ քննած գործերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնում են: Ջհանգիրյանի իրականացրած դատական համակարգի ռեֆորմներից դժգոհ է նաեւ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Ադրեասյանը, որը «կասկածվում է» ԲԴԽ նախագահի ԺՊ-ի նկատմամբ անվստահություն ձեւավորելու մեջ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորում ՔՊ-ն կարծես նահանջում է։ Վանաձորի ավագանու ՔՊ-ական ցուցակը գլխավորած Արամ Խաչատրյանը՝ Լոռվա գործող մարզպետը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ինչը նշանակում է, որ համայնքապետի պաշտոնի հույս չունեն։ «Ասլանյան դաշինքի» նկատմամբ իշխանության խաչակրաց արշավանքը, կարելի է ասել, հակառակ էֆեկտը տվեց` ավագանի անցած ուժերը հրաժարվում են ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել։ Խոսքը հատկապես «Ապրելու երկիր» կուսակցության մասին է եւ ՀԱՍԿ-ի ցուցակով անցած Ակայի` Արկադի Փելեշյանի։ Նրանք չեն ուզում համագործակցել Վանաձորում «մենթական» ճանապարհով հարցեր լուծող իշխանության հետ։ Այսօր Վանաձորի ավագանու 33 անդամ կստանան մանդատները։ 15 մանդատ կունենա արդեն 6 օր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի դաշինքը, 9 մանդատ՝ ՔՊ-ն, 5 մանդատ՝ ՀԱՍԿ-ը՝ նախկին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, եւ 2-ական մանդատ՝ «Հայրենիք» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս դեկտեմբերի 7-ին՝ այսինքն ՏԻՄ ընտրություններից երկու օր անց «Փաստ» թերթը գրել էր, որ «Նոյեմբերյանում ևս ՔՊ-ն կվերադառնա իրեն հոգեհարազատ կարգավիճակին, այսինքն՝ կդառնա ընդդիմություն»: Մենք հավաստի տեղեկություններ ունեինք, որ ո՛չ «Ապրելու երկիր», ո՛չ էլ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների Նոյեմբերյանի տարածքային կառույցները չեն պատրաստվում համագործակցել իշխող ՔՊ-ի հետ: Եվ ահա, նախօրեին կայացած ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արսեն Աղաբաբյանը, ստանալով 12 քվե, դարձել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար: ՔՊ-ի թեկնածուն ստացել է 9 ձայն: Նշենք, որ ընտրության արդյունքներով՝ «Ապրելու երկիր» ու «Հանուն հանրապետության» կուսակցությունները ստացել էին ավագանու 6-ական, իսկ ՔՊ-ն՝ 9 մանդատ: «Փաստ» թերթի տեղեկություններով, «Ապրելու երկիր» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների տարածքային կազմակերպությունները կոալիցիոն համաձայնագիր չեն կնքել, պարզապես, չնայած ՀՀԺՊԴ կուսակցության որոշմանը, այս դեպքում առաջնային են եղել համայնքում առկա տրամադրություններն ու, ըստ այդմ, գործել են ներքին պայմանավորվածությունները»: