Կրեմլը՝ Պուտին-Թրամփ հնարավոր հեռախոսազրույցի և «Tomahawk»-ների մասին
Լուսանկարը` TASS
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան։ Զրույցը կկայանա, հենց դրանք ձեռք բերվեն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ինչպես գրում է «Ведомости» թերթը, Կրեմլի ներկայացուցիչը հաստատել է, որ, դատելով հաղորդագրություններից, Թրամփը հայտարարել է Պուտինի հետ Ուկրաինային «Tomahawk» տիպի մեծ հեռահարության թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը քննարկելու հնարավորության մասին։
«Նման հեռախոսազրույցը բավականին օպերատիվ կազմակերպելու համար բոլոր հնարավորությունները գոյություն ունեն», – ընդգծել է Պեսկովը։
Հոկտեմբերի 6-ին Թրամփը հայտարարել էր, որ «որոշակի առումով» որոշում է կայացրել «Tomahawk»-ների մատակարարման վերաբերյալ, սակայն վերջնական պատասխանից առաջ ցանկանում է իմանալ, թե ինչի համար են դրանք օգտագործվելու, և այդ կապակցությամբ մի քանի հարց կտա։ ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ Ուկրաինային այդ հրթիռներն ուղարկելով՝ «էսկալացիա չի փնտրում»։
Վերջին երկու օրվա ընթացքում Թրամփը երկու հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կողմերը քննարկել են հակաօդային պաշտպանության համակարգերի ուժեղացումը և Կիևին «Tomahawk»-ներ մատակարարելու հնարավորությունը։ Fox News-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ Թրամփը դեռ որոշում չի կայացրել Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։
Պեսկովն ասել էր, որ Կիևին մեծ հեռահարության հրթիռների մատակարարումը էսկալացիայի լուրջ փուլ է։ Նա նաև հիշեցրել էր, որ «Tomahawk»-ներն ունակ են միջուկային լիցք կրելու։