Լոնդոնը սադրանք է նախապատրաստում Մոսկվայի և Պեկինի դեմ. ՌԴ հետախուզություն
Լուսանկարը՝ svr.gov.ru
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարություն է տարածել, որում Մեծ Բրիտանիային մեղադրում է լայնածավալ սադրանք նախապատրաստելու մեջ։ Ըստ գերատեսչության՝ բրիտանական հատուկ ծառայությունները ծրագրում են կազմակերպել հարձակում եվրոպական նավահանգիստներից մեկում գտնվող քաղաքացիական նավի վրա՝ հետագայում պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու նպատակով։
ԱՀԾ-ի կողմից ստացված և ТАСС գործակալությանը փոխանցված տվյալների համաձայն՝ ահաբեկչությունն իրականացնելու համար նախատեսվում է ներգրավել «ուկրաինական զինված ուժերի կողմից կռվող ռուս դավաճանների խմբի»։ Նշվում է, որ այդ անձինք արդեն ժամանել են Մեծ Բրիտանիա՝ դիվերսիոն պատրաստություն անցնելու համար։ Ըստ ծրագրի՝ հարձակումից և կատարողներին «հայտնաբերելուց» հետո պետք է հայտարարվի, թե նրանք գործել են Կրեմլի անմիջական հանձնարարությամբ։
Ռուսական հետախուզությունում կարծում են, որ Լոնդոնի նպատակն է համոզել «ռուսաֆոբ տրամադրված» եվրոպական էլիտաներին՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը և շարունակել Եվրոպայի ռազմականացումը՝ «ռուսական ագրեսիային» դիմակայելու պատրվակով։ ԱՀԾ-ում ընդգծել են, որ նման քայլերը պայմանավորված են Ռուսաստանին «ռազմավարական պարտության» մատնելու Մեծ Բրիտանիայի երկարատև ջանքերի ձախողմամբ։
Հայտարարության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում նաև ենթադրյալ ծրագրի մեկ այլ կողմին. նախատեսվում է դիվերսանտներին զինել չինական արտադրության ստորջրյա սարքավորումներով։ Կազմակերպիչների մտահղացմամբ՝ դրա հայտնաբերումից հետո այն պետք է ներկայացվի որպես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին Չինաստանի աջակցության «երկաթե ապացույց»։
Անվանելով Մեծ Բրիտանիան «նենգ Ալբիոն»՝ ԱՀԾ-ն վստահություն է հայտնում, որ նման «պրիմիտիվ բեմադրությունը» չի կարող մոլորեցնել փորձառու քաղաքական գործիչներին։ «Համաշխարհային պատմության ետնախորշ սահելը ազդել է նաև բրիտանական հատուկ ծառայությունների ռազմավարական մտածողության վրա», — եզրափակել են գերատեսչությունում՝ նշելով, որ աշխարհի խոշոր տերություններին միմյանց դեմ հանելու հին մեթոդներն այլևս չեն գործում ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններում։