Հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացում Անկարայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը այցելել է Իգդիր, հանդիպում ունեցել տեղի նահանգային իշխանության հետ: Այցը ըստ էության նախորդում է այն հնարավոր հանդիպմանը, որ Քըլըչը կունենա Հայաստանի տարածքում՝ իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ: Դրա մասին պաշտոնապես հայտնել է Հայաստանի ԱԳՆ:
Իգդիր այցի ընթացքում Քըլըչը նահանգային իշխանության հետ հանդիպմանը արել է բավականին տարօրինակ մի հայտարարություն, ասելով, որ Հայաստանը դրական է վերաբերում սահմանի բացմանը:
Ինչո՞վ է տարօրինակ այս հայտարարությունը: Չէ՞ որ Հայաստանն ինքն է ձգտում սահմանի բացման: Այդ դեպքում թվում է, որ Հայաստանի վերաբերմունքի հարց ընդհանրապես չէր էլ կարող գոյություն ունենալ: Տրամաբանությունը հուշում է, որ մի բանի հանդեպ վերաբերմունքի հարց առաջանում է այն դեպքում, երբ այդ բանը դիմացից արվող առաջարկ է կամ նախաձեռնություն, կամ տեսակետ: Տվյալ պարագայում, Հայաստանի դրական վերաբերմունքի հարց կարող էր լինել, եթե սահմանի բացման առաջարկը աներ Թուրքիան, Անկարայից գար այդ նախաձեռնությունը: Կամ, մի ուրիշ տեղից:
Բայց, չէ՞ որ իրավիճակը մատուցվում է այնպես, որ կարծես Հայաստանն է սահմանը բացելու «նախանձախնդիր» կողմը: Այդ դեպքում պարզ չէ՞ բոլորին, այդ թվում Իգդիրի տեղական իշխանությանը, որ Հայաստանի վերաբերմունքը դրական է, այլապես չէր լինի Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման նախաձեռնություն:
Ահա այդ համատեքստում, Քըլըչի հայտարարությունը տարօրինակ է:
Դա կարող է նշանակել մի բան, որ խոսքը սահմանի բացման ինչ որ շատ կոնկրետ մի ռեժիմի մասին է, որը հենց Թուրքիայի կամ որեւէ այլ կողմի առաջարկ է, որի հանդեպ Հայաստանի վերաբերմունքը՝ ըստ Քըլըչի, դրական է:
Հավանաբար առաջիկա հանդիպումից հետո կարվեն հայտարարություններ, որոնք թույլ կտան այդ հարցում ունենալ ավելի որոշակի պատկերացում:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան