30.09.2024
ՌԴ նախագահն անձամբ պարզաբանումներ ունի ստանալու Փաշինյանից. ՄԱՄՈՒԼ
26.12.2023
ՌԴ նախագահն անձամբ պարզաբանումներ ունի ստանալու Փաշինյանից. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ: Նիկոլ Փաշինյանն այնտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը սա լավ հնարավորություն է համարել տեւական դադարից հետո Փաշինյան-Պուտին շփման համար: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանի՝ ՌԴ այցը սպասված է հատկապես ռուսաստանյան իշխանությունների կողմից, քանի որ նրանք շատ հարցեր ունեն Փաշինյանին, ու ՌԴ նախագահն անձամբ պարզաբանումներ ունի ստանալու Փաշինյանից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ իշխանություններն այս անգամ շատ լուրջ են տրամադրված եւ Փաշինյանից պահանջելու են, որ ոչ թե հերթական կցկտուր ու լղոզված պատասխանները տա, այլ հստակ ու կոնկրետ պատասխաններ՝ ՌԴ-Հայաստան համագործակցության ու հարաբերությունների մասին, որոնք, թերեւս, գերլարված իրավիճակում են: Ուշագրավ է նաեւ, որ Հայաստանի իշխանությունները տեւական ժամանակ խուսափում էին Ռուսաստանի միջնորդությամբ կազմակերպված բոլոր հանդիպումներից, բայց հիմա, կարծես, Փաշինյանի իշխանությունը զղջացել է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ոչնչացնելու գաղափարից ու որոշել վերականգնել դրանք: Այս առումով Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցը, կարելի է ասել, պատմական է»։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու այսօրվա նիստը կարևոր է: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, 2024թ.-ի բյուջեի նախագիծն է և համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը, որոնք պետք է հաստատի Երևանի ավագանին, հակառակ դեպքում կարող է ընդհուպ մինչեւ քաղաքապետի հրաժարականի հարց բարձրանալ: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է՝ համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ավագանու անդամների թվի ձայների կեսից ավելիով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով: Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշում կայացնելու դեպքում համայնքի ղեկավարը հարցը ներկայացնում է կառավարություն` օրենքով սահմանված կարգով: «Ժողովուրդ» օրաթերթը ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցություններից տեղեկացավ, որ այս կարևոր նիստին մասնակցության մասով որոշում կայացնելու են հենց այսօր՝ ավագանու նիստի ժամանակ։ Ընդդիմադիր ֆրակցիաները նախնական մտադիր են միասնական որոշում կայացնել այս մասով, որպեսզի իրենց բոյկոտն արդյունք տա: «Հանրային ձայն»-ից էլ մեզ ասացին, որ այսօր ցույց կտան իրենց դիրքորոշումը՝ մատնանշելով, որ որևէ մեկն իրենց հետ բոյկոտի մասով քննարկում չի ունեցել: Բանն այն է, որ եթե ընդդիմադիրները ողջ կազմով չգնան, ապա քվորում չի լինի, և նիստը կտապալվի, իսկ եթե ընդդիմադիր անդամներից անգամ մեկ հոգի էլ գնա, ապա քվորում կլինի, և համայնքի բյուջեն ու զարգացման ծրագիրը կհաստատվեն: Այսպիսով, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն»-ը միասին ունեն 33 մանդատ, իսկ ընդդիմադիր 3 խմբակցությունները՝ 34, բայց, միևնույն ժամանակ, «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ՝ Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը, փաստացի չեն կարող մասնակցել նիստին, քանի որ Գալստյանը կալանավորված է, իսկ Ուրիխանյանը հետախուզման մեջ է: Ստացվում է՝ ՔՊ-ն և «Հանրապետություն»-ն այս պայմաններում մեծամասնություն են ավագանիում, ուստի եթե քվորում լինի, ապա կարող են բոլոր նախագծերը, այդ թվում՝ բյուջեն և զարգացման ծրագիրն ընդունել: Այսօրվա նիստի օրակարգում լինելու է նաեւ տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների «կարմիր գծերի» արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի:«Մայր Հայաստան»-ը հայտարարել է, որ մինչ ավագանու նիստի մեկնարկը ակցիա են իրականացնելու քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ թանկացման նախագծի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ այսօր, հնարավոր է, նիստին մասնակցի նաեւ Հայկ Մարությանը, որը թեեւ մանդատը վայր չի դրել, բայց նոր ձեւավորված ավագանու նիստի մեկնարկից ի վեր չի մասնակցել դրանց»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ հուլիսի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքը, և Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել իշխող կուսակցության համար: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, խնդրել տալ նվիրատուների ցանկը։ Եւ, ահա, տեղեկացանք, որ ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին նվիրատվություն է կատարել 996 նվիրատու, իսկ ընդհանուր գումարը կազմել է 509 մլն 085 հազար 950 դրամ` գրեթե 1 մլն 255 հազար դոլար։ Ամենամեծ քանակի գումարը, որ փոխանցել է մեկ նվիրատուն, եղել է 2 մլն 500 հազար դրամը։ Այսքան գումար փոխանցողները 72 հոգի են։ Այսպիսով, ներկայացնում ենք, թե ովքեր են առավելագույն նվիրատվություն արած անձինք։ Չիլինգարյան Վիգեն Գրիգորիի՝ ՔՊ-ին 2մլն 500 հազար դրամ փոխանցածներից մեկն է: Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել վերջինիս դեմ, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 3 տարի ժամկետով։ Դատավոր Մեսրոպ Մակյանը կիրառել էր ՀՀ Ազգային ժողովի կողմից 03.10.2013թ.-ին ընդունված «ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և Վիգեն Գրիգորիի Չիլինգարյանին ազատել նշանակված պատժից։ «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի անդրադառնալ ՔՊ-ի դրամահավաք-երեկոյի նվիրատուների ցանկին՝ պարզելու համար՝ ովքեր են շռայլ գտնվել իշխանությունների նկատմամբ»։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր լրագրողական թիմը պարզել է, որ ՀՀ սնանկության դատարանի վարույթում քննվող՝ Արմեն Հակոբյանի անունից «Գարանտսերվիս» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ գործով որոշում է կայացվել՝ ի օգուտ ընկերությանը։ Արմեն Հակոբյանը պարզաբանեց, որ ՀՀ սնանկության դատարանը մերժել է իր դիմումը և կայացրել է վտանգավոր դատական ակտ։ Նրա կարծիքով՝ հավանաբար Հրայր Հակոբյանի ընկեր Ռուբեն Հայրապետյանը, որը բոլորին հայտնի է Գազի Ռուբո մականվամբ, օգտագործել է իր կապերը նման որոշում ստանալու համար։ Նա հավելեց նաև, որ վերջերս Հրայր Հակոբյանն իր եղբոր՝ Վերսանդիկ Հակոբյանի որդիների հետ ունեցած վեճերը փորձում է լուծել այլ անձանց, այդ թվում՝ Ռուբեն Հայրապետյանի միջոցով։ Հիմնավոր կասկածներ ունենալով՝ Արմեն Հակոբյանը չցանկացավ փակագծերը բացել և նշեց միայն, որ իր ու իր եղբոր կյանքը վտանգված է, և որ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչները չեն, որ պետք է իրենց հարցերին լուծում տան։ Ի պատասխան «Գարանտսերվիս» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ մեր հարցերին՝ Արմեն Հակոբյանը ՀՀ սնանկության դատարանի որոշումը «խայտառակություն» որակեց և իր հույսը կապում է ՀՀ վերաքննիչ դատարանի հետ։ Նա միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթին մեղադրեց ընտանեկան հարցերը հանրայնացնելու և իրենց անդորրը խաթարելու համար՝ հավելելով, որ մեր աշխատանքը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում իր հորեղբոր՝ Հրայր Հակոբյանի գործելաոճից»։   «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Քանաքեռցի Տույի սպանության գործով։ Մասնավորապես, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանն արդեն երկրորդ անգամ է կալանքից ազատում և «տնային կալանք» խափանման միջոց կիրառում խմբի կազմում ապօրինի ձեռք բերած և պահած ինքնաձիգերով 3 անձի սպանություն կատարելու համար մեղադրվող Հովհաննես Սիմոնյանին։ Առաջին անգամ դատավոր Մանվել Շահվերդյանը 2023 թվականի մարտի 9-ի էր որոշում կայացրել Հովհաննես Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին։ Այն ժամանակ, տուժող կողմի և դատախազի բողոքի հիման վրա, ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել էր Մանվել Շահվերդյանի որոշումը: Վերաքննիչ դատարանը գտել էր, որ քրեական վարույթով անցնող մյուս մեղադրյալների հետ ունեցած հարաբերությունների բնույթը ողջամտորեն հիմք է տալիս նրանց նկատմամբ անօրինական ազդեցության գործադրման մեծ հավանականության մասին եզրակացություն կատարելու համար, և դրա հիման վրա էլ գտել էր, որ տնային կալանքի պայմաններում վարույթի մասնավոր մասնակիցների հետ շփման արգելքի պարտականությունը սույն դեպքում անիրագործելի է՝ հաշվի առնելով վերջինիս՝ այդ վարույթով մյուս մեղադրյալի հետ համատեղ բնակության հանգամանքը: Իրականում նման ծանրության հանցագործությունների դեպքում և նման իրավիճակում մեղադրյալի նկատմամբ տնային կալանք կիրառելու մասին դատավոր Մանվել Շահվերդյանի որոշումը շատ տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ դրանից առավել մեղմ հանցագործությունների պարագայում դատարանները, այդ թվում՝ հենց դատավոր Մանվել Շահվերդյանը, տնային կալանք չեն կիրառում, իսկ այս դեպքում բավարար չէ, որ մեկ անգամ կիրառել է, այլ նաև Վերաքննիչ դատարանի կողմից այդ որոշումը բեկանելուց 6 ամիս անց դատավոր Մանվել Շահվերդյանը կրկին Հովհաննես Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը՝ բացահայտ անտեսելով նաև Վերաքննիչ դատարանի որոշումը և դրանում նշված պատճառաբանությունները, առավել ևս՝ Վերանքնիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էին ներկայացրել Հովհաննես Սիմոնյանի պաշտպանները, և Վճռաբեկ դատարանը դա վարույթ ընդունելը մերժել էր։ Փորձեցինք հասկանալ, թե ինչում կարող է լինել դատավոր Մանվել Շահվերդյանի ակնհայտ շահագրգռվածությունը Հովհաննես Սիմոնյանին համառորեն կալանքից ազատելու հարցում, և մեզ հայտնի դարձավ, որ Հովհաննես Մանուկյանը հանդիսանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկարամյա նախագահ Տիգրան Մուկուչյանի փեսան, որը նաև նախկինում հանդիսացել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ և վարչական վերաքննիչ դատարանների նախագահը, հետևաբար լուրջ կապեր ունի նաև դատական համակարգում։ Կարծում ենք, որ դատարաններում վեթինգի մասին ամենօրյա ռեժիմով խոսող ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և այլ իրավասու մարմինները նման դեպքերով պետք է առավել հետաքրքրված լինեն՝ պարզելու համար, թե այդ ինչ թաքնված շահեր կան դատավորի կասկածելի որոշումների հետևում։ Նշենք, որ, ArmLur.am-ի տեղեկություններով, այս դեպքում ևս տուժող կողմը և դատախազը Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել այս որոշման դեմ, և հիմա հերթը Վերաքննիչ դատարանինն է»։ «Փաստ» օրաթերթը գրում է. Վերջերս ուշագրավ տվյալներ հրապարակվեցին՝ կապված Հայաստանում 2023 թվականի 3-րդ եռամսյակում միջին ամսական անվանական աշխատավարձի հետ: Հետաքրքիր է, որ տարբեր մարզերում այդ ցուցանիշը էականորեն տարբերվում է և տատանվում է 137 հազար դրամից 302 հազար դրամի սահմաններում, իսկ հանրապետության կտրվածքով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 265 հազար դրամ։ Ընդ որում, առաջատարը մայրաքաղաքը չէ, ինչպես կարելի էր ենթադրել. Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 298504 դրամ: Իսկ ահա ցուցակը գլխավորում է Սյունիքի մարզը, որտեղ նշյալ ցուցանիշը 310320 դրամ է: Ճիշտ է, բազմաթիվ գործոններ են ազդում որևէ տարածքում աշխատավարձի միջին մակարդակի վրա, բայց այս «ֆենոմենը» մասնագետները առաջին հերթին բացատրում են նրանով, որ Սյունիքի մարզում է գտնվում Հայաստանի ամենախոշոր հարկատուն, կամ, ինչպես ընդունված է ասել՝ Հայաստանի տնտեսության ողնաշարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Բանն այն է, որ ԶՊՄԿ-ում միջին անվանական աշխատավարձը 662 հազար դրամ է, ինչը գրեթե երկուսուկես անգամ գերազանցում է ընդհանուր առմամբ Հայաստանի և շուրջ չորսուկես անգամ՝ Շիրակի ու Գեղարքունիքի մարզերի ցուցանիշները։ Նշենք, որ վերջիններս համապատասխանաբար 137990 և 134488 դրամով եզրափակում են ցուցակը: Սյունիքից ու Երևանից հետո երրորդը Արարատի մարզն է՝ 200480 դրամով, ապա՝ Տավուշի մարզը՝ 194830, Կոտայքի մարզը՝ 174460, Արմավիրի մարզը՝ 166170, Վայոց ձորի մարզը՝ 164535, Լոռու մարզը՝ 147330, Արագածոտնի մարզը՝ 141410 դրամով: «Փաստ» օրաթերթը գրում է. 2019 թվականին հիմնադրված Հայ գործարարների ասոցիացիայի նպատակն էր աշխարհի հայ գործարարների միջև արդյունավետ աշխատանքային միջավայր ստեղծել: Այս մի քանի տարվա ընթացքում գաղափարի շուրջ համախմբվել են հայազգի բազմաթիվ գործարարներ, որոնք տասնյակ տարիների ընթացքում նպատակադրված աշխատանքով ամուր կապեր են հաստատել միմյանց հետ, և հիմա էլ շարունակական աշխատանք են տանում դրանց զարգացման և ամրապնդման ուղղությամբ: Հատկապես կարևոր է, որ Հայ գործարարների ասոցիացիան միավորում է ամբողջ աշխարհի հայ գործարարներին մեկ աշխատանքային միջավայրում և ներգրավում է նրանց Հայաստանի բիզնես նախագծերում ներդրումներ իրականացնելու համար: Ի դեպ, ասոցիացիայի կողմից ստեղծվել է «հայկական LinkedIn» բիզնեսի համար, որտեղ ողջ աշխարհի գործարարները կարող են գրանցվել և հաստատել բիզնես կապեր: Մեր ունեցած տեղեկություններով, ի թիվս տարաբնույթ այլ ծրագրերի, Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը պարբերաբար կազմակերպելու է բիզնես հանդիպումների շարք գործարարների, ստարտափերի հիմնադիրների և բիզնես ներկայացուցիչների հետ: Յուրաքանչյուր հինգշաբթի հանդիպումների ժամանակ կքննարկվեն բիզնես գաղափարներ, մասնակիցները կփոխանակվեն խորհուրդներով կամ կապերով: