13.02.2025
Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացի Իրական Հայաստան
prev Նախորդ նորություն

783 հազարից 5 հազարն են հայտարարագիր լրացրել. խայտա

Լուսանկարը՝ news.am
Լուսանկարը՝ news.am

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«2024 թվականից մեկնարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։ Այս համակարգի շրջանակում հայտարարագիր է լրացրել 5 հազար 766 ֆիզիկական անձ, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։


Հարցին, թե քանի անձ է մինչեւ այժմ ներկայացրել համընդհանուր հայտարարագիր, ՀՀ ՊԵԿ-ից պատասխանել են. «ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկություններով՝ 10.02.2025 թվականի դրությամբ 2023 թվականի հաշվետու տարվա համար 59 հազար 052 ֆիզիկական անձ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա համար 5 հազար 766 ֆիզիկական անձ ներկայացրել է եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկ՝ հայտարարագիր։ Հարկ է նշել, որ այս ցուցանիշները դինամիկ աճող են»,- ասված էր ՊԵԿ-ի պատասխանում։ Նկատենք, որ ներդրված համընդհանուր հայտարարագրումն այնքան մեծ աղմուկ բարձրացրեց քաղաքացիների շրջանում, որ ոչ միայն քաղաքացիական ճնշման արդյունքում, այլ նաեւ համակարգում առկա հերթերի եւ համակարգի բացերի պատճառով իշխանությունները հայտարարագրման վերջնաժամկետը երկարեցրին մայիսի 1-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։


Հարցին, թե որն է եղել հայտարարագրեր ներկայացնելու ժամկետների երկարաձգման պատճառը, ՊԵԿ-ը պարզաբանել է, որ հայտարարագրերի ներկայացման ժամկետի երկարաձգման հարցը նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին բավարար ժամանակ տրամադրելու համար է արվել։ Այնինչ ահազանգերը, որ անձնագրայիններում անգամ ասեղ գցելու տեղ չկա, չեն դադարում։ Սա այն դեպքում, երբ ներդրվել են միլիոններ՝ անձնագրայիններում հերթագրման համակարգեր ներդնելու համար, բայց խնդիրը, միեւնույնն է, չի կարգավորվում։ Նշենք նաեւ, որ այժմ հերթագրման ամենամոտ ժամկետը հունիս ամսին է։ Հարկ է նշել, որ տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ։ Ստացվում է՝ մոտ 783 հազար քաղաքացի պետք է հայտարարագիր ներկայացնի, սակայն 1.5 ամսում անգամ 5 տոկոսը հայտարարագիր չի ներկայացրել։ Ասել է թե՝ ՀՀ քաղաքացիները բոյկոտում են հայտարարագրի որոշման դեմ»:


«Հրապարակ» թերթը գրում է.


«Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին։ Հիմքում սահմանադրական այն նորմն է, որ արտակարգ դրության ժամանակ չեն կարող ընտրություններ անցկացվել։ ԱՀ խորհրդարանի լիազորություններն ավարտվում են 2025 թ․ մայիսին։ Հակառակ դեպքում կա՛մ պետք է նոր ընտրություններ անցկացնեին, կա՛մ՝ ԱԺ-ն լուծարվեր, ինչը, ի դեպ, Ալիեւի պահանջն է։


ՀՀ իշխանությունն էլ է կողմ դրան՝ համարելով, որ ԱՀ պետական ինստիտուտները սպառնալիք են ՀՀ անվտանգությանը։ Իհարկե, սա չի նշանակում, որ ԱՀ խորհրդարանն ակտիվ աշխատելու է, բայց իրավական հիմքերը պահելով՝ քաղաքական խնդիր են լուծում, որ Արցախի հարցը չփակվի, եւ աշխարհաքաղաքական նպաստավոր զարգացումների դեպքում կարող են իրենց մանդատները գործի դնել»:


«Հրապարակ» թերթը գրում է.


«Եվրաքվեի նախագիծն առաջին ընթերցում անցավ 63 կողմ, 7 դեմ ձայնով։ Այն վերջինն էր քվեարկության դրված նախագծերի շարքում: Պատգամավորները քվեարկեցին մոտ 2 տասնյակ նախագծեր, բայց երբ հերթը հասավ սրան, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ թիմակիցներից շատերի համար անսպասելի, 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Մեզ ասացին, որ Ալեն Սիմոնյանը, որը դահլիճում չէր, Կոնջորյանին sms է ուղարկել, որ ընդմիջում վերցնի: 20 րոպե անց ԱԺ նախագահը վերադարձավ, եւ քվեարկեցին։


Այս ընդմիջումը երեկ ՔՊ-ում խոսակցությունների առիթ էր դարձել, ոմանք տարակուսած էին՝ ինչո՞ւ ի սկզբանե ԱԺ նախագահը դահլիճում չէր՝ օտարերկրյա պատվիրակություն չէր հյուրընկալել, ԱԺ կայքում էլ որեւէ հանդիպման մասին տեղեկատվություն չհայտնվեց: Նրանք ասում էին, որ Սիմոնյանը ԱԺ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում` հավանաբար, դուրս էր եկել ընդմիջման, բայց ցանկացել էր մասնակցել` ընդդեմ Ռուսաստանի նախագծի քվեարկությանը։


Նիստից հետո մենք հարց ուղղեցինք Սիմոնյանին՝ ինչո՞ւ դահլիճում չէիք։ Ասաց, որ հանդիպման էր, թե ում հետ եւ որտեղ` չմանրամասնեց»։

Լուսանկարը՝ 168.am
Հաջորդ նորություն next