23.12.2024
Մամուլ. Տաթևը ցույց կտա՝ Ռուբեն Վարդանյանը իշխանական պրոյե՞կտն է, թե՞ ընդդիմություն
19.10.2021
Մամուլ. Տաթևը ցույց կտա՝ Ռուբեն Վարդանյանը իշխանական պրոյե՞կտն է, թե՞ ընդդիմություն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ» թերթը գրում է. «Տաթեւ համայնքում առաջատարը ՔՊ-ն է` 1280 ձայնով, որը կազմում 48.9 տոկոս, սակայն սա բավարար չէ համայնքապետ ընտրելու համար: ՔՊ-ն պետք է կոալիցիա կազմի որեւէ ուժի հետ: Անցողիկ շեմը հաղթահարել է եւս 2 ուժ՝ «Շանթ» դաշինքը եւ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի մեկենասությամբ ստեղծված «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Տաթեւից լուրեր են հասնում, որ իշխանությունները բանակցում են «Ապրելու երկիր» կուսակցության հետ եւ, ըստ ամենայնի, կոալիցիա կկազմեն նորաթուխ այս ուժի հետ։ Այնպես որ, առաջիկա օրերին Ռ. Վարդանյանը որոշիչ ստուգարք է հանձնելու` ինքն իշխանության հե՞տ է, այսինքն` հերթական իշխանական պրոյե՞կտն է, թե՞ ընդդիմություն է»: «Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում ընտրատեղամասերում քվեների հաշվարկից հետո ոչ միայն Առուշ Առուշանյանի շտաբում են շամպայն տրաքացրել, այլեւ իշխանությունն է մինչեւ լուսաբաց նշել Առուշանյանի հաղթանակը։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քավորությամբ ՔՊ-ականները խմել են Առուշի կենացը: Բանն այն է, որ նա մարզպետի սանիկն է, իհարկե, շուրջ երեք տարի է՝ նրանց միջեւ բացարձակ շփում չկա, սակայն ոչ միայն քավորական սրբությունը, այլեւ Առուշանյանի՝ բերդում գտնվելու հանգամանքն իր դերը խաղացել է, եւ անգամ մարզպետի որդին է աշխատել Առուշանյանի օգտին։ Առհասարակ, գորիսեցիների համար շատ կարեւոր է եղել «նեղ վիճակում» գտնվող մարդուն օգնելը, եւ Առուշի օգտին տրված քվեների մի պատկառելի մասը հենց բերդում գտնվելու պատճառով է եղել: Այնպես որ, իշխանությունն իր փորած փոսն է ընկել. կարծել է, թե Առուշին մեկուսացնելը կխանգարի նրա ընտրվելուն, սակայն հակառակ դերն է խաղացել: Միայն Գորիսի ընտրությունների համար «վիզ դրած» եւ Աբունցին առաջ մղած Արմեն Խաչատրյանը ներկա չի եղել քեֆ-ուրախությանը։ Ի դեպ, որոշ ՔՊ-ականներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն էլ էր կանխազգացել, որ Գորիսում չեն հաղթելու, դրա համար էլ Սյունիք էր գործուղել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Արսեն Թորոսյանին: Մարդիկ, որոնց վրա «ատամ» ունի եւ պարտությունը կկոտրի նրանց գլխին»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կիրակի օրը հանրապետության մի շարք համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն կրեց հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում, ինչպես նաեւ Սյունիքի մարզի Գորիս եւ Մեղրի խոշորացված համայնքներում: ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին Նիկոլ Փաշինյանն անձամբ չի մասնակցել՝ հույս ունենալով, որ իր մերձավոր շրջապատը կկարողանա լուծել հաղթանակի հարցերն ավտոնոմ եղանակով, ինչը ոչ միայն չստացվեց, այլ, ինչպես մեզ հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորներից մեկը խոստովանեց, միայնակ տապալվեցին: Իրականում մինչեւ հիմա ժողովուրդը Նիկոլ Փաշինյանից այն կողմ ոչ մեկին չի տեսնում ու չի հավատում. բոլորը կախված են իրենից: Որպես օրինակ՝ բանախոսը բերում է ընդամենը երկու-երեք ամիս առաջ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սյունիքում, որտեղ ՔՊ-ն բացարձակ հաղթանակ տարավ, քանի որ այնտեղ այցելել ու քարոզարշավին մասնակցել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը: Հատկապես մեծ է դժգոհությունը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կատարած աշխատանքից, որը համակարգում էր ընտրությունները Սյունիքի մարզում, ու թիմի ներսում ընկալվում է որպես խիստ գոռոզացած, բայց իրականում ոչ կոմպետենտ մարդ:  Հետաքրքիր վիճակ է նաեւ Գյումրիի հետ կապված. մեզ ասացին, որ ՔՊ թեկնածուն, ՔՊ պատգամավորներն ու կուսակցական ակտիվն այնքան թույլ են այդ քաղաքում, նրանց բացարձակ մեծամասնության անցած ճանապարհն այնքան անհասկանալի, անընկալելի է գյումրեցիների համար, որ Սամվել Բալասանյանը, չլինելով Գյումրիում ու անհայտ պատճառներով բացակայելով երկրից, իր ազգանունը կրող դաշինքով հաղթանակ տարավ իշխանությունների նկատմամբ: Իհարկե, շատերը կարծում են, որ քաղաքապետի հարցում նախապես պայմանավորվածություն կար, ու ՔՊ թեկնածուն, այնուամենայնիվ, կընտրվի Գյումրու քաղաքապետ, սակայն փաստացի կունենա Անգլիայի թագուհու կարգավիճակ: ՔՊ կուսակցության մեր աղբյուրները փոխանցում են, որ, այնուամենայնիվ, այս պարտությունները լավ էին. Նիկոլ Փաշինյանը տեսավ, թե իր մոտ մտնող ու մեծ-մեծ խոսողներն իրականում ինչի են ընդունակ` չբացառելով, որ վարչապետն իրականում թողեց այս պրոցեսներն ընթանան, որպեսի մեկ անգամ ևս սանձի ու տեղը դնի իր թիմակիցներին, որոնք սկսել են իրենց պահել լուրջ դեմքերի նման` չունենալով նման դեմք, այսինքն՝ համապատասխան կրթություն, փորձ ու գիտելիք»: «Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի ընտրություններում պարտվելուց հետո Գյումրու ՔՊ-ի շտաբում վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել։ Սկսել են միմյանց մեղադրել պարտության համար, հարձակվել են իրար վրա, անգամ հայհոյանքներ ու ծեծկռտուք է եղել: Վիճել են հատկապես ՔՊ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանն ու նախկին մարզպետ, այժմ ԱԻ փոխնախարար Կարեն Սարուխանյանը: Մեր աղբյուրը պատմեց, որ վեճը սկիզբ է առել ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի խոսքից, որը մեղադրել է գյումրեցի ՔՊ-ականներին, թե «Նիկոլ Փաշինյանի նկարը դոշերիդ խփած՝ ման եք գալիս, բայց ոչ մի բան չարեցիք, որ հաղթեք»։ Ապա Կարեն Սարուխանյանն է մեղադրել մարզպետ Հովհաննես Հարությունյանին` վատ, ոչ թիմային աշխատանքի համար, վերջինս համարժեք արձագանքել է` նրան մեղադրելով տակից խաղեր տալու մեջ: Ընթացքում սեռական հայհոյանքներ ու քաշքշուկ է սկսվել: Փորձել է իր խոսքն ասել Նազելի Բաղդասարյանը, եւ նրան էլ են սաստել, թե` քո մեղքն էլ փոքր չէ պարտության մեջ․ ազգուտակիդ մտցրիր ցուցակ, որի մեծ մասին մարդիկ չէին ճանաչում։ Հետո Ֆեյսբուքում «լայվ է մտնում» Սուրո Թորոսյան անունով ինչ-որ մի մոլի նիկոլական, որի էջում գրված է, թե ինքը Թալինի ՋՕԸ-ում է աշխատում, եւ ուղիղ եթերում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում Գյումրու ընտրություններում պարտված ՔՊ-ականների հասցեին, այդ թվում՝ Նազելի Բաղդասարյանի, Արսեն Թորոսյանի եւ այլոց։ Մի քանի ժամ անց, սակայն, այս օգտատիրոջ «լայվն» արդեն հեռացված էր Ֆեյսբուքից»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին ընտրություններ տեղի կունենան Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ դեկտեմբերի 5-ին՝ միանգամից 36 համայնքում, այդ թվում՝ Աշտարակում, Վաղարշապատում, Գավառում, Սևանում, Վանաձորում, Հրազդանում, Նոյեմբերյանում և այլն: ՏԻՄ-երը «զավթելու» մարմաջի շրջանակներում իշխանությունները տևական ժամանակ նախապատրաստվում են այդ ընտրություններին, տեղերում ստեղծել են համապատասխան շտաբներ, աշխատում են տեղական ակտիվիստների ու «տասովչիկների» հետ: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 17-ի ընտրությունները, հատկապես Գորիսում ու Գյումրիում դրանց արդյունքները մեծապես խափանել են նրանց պլանները ու սառը ցնցուղի էֆեկտ ունեցել: Երեկ ողջ օրը մենք տարբեր համայնքներից տեղեկություններ էինք ստանում, որ ՔՊ-ի տեղական շտաբները պարզապես քարուքանդ են լինում: Բանն այն է, որ դեպրեսիվ ու ապատիկ տրամադրություններ են թե՛ շատ ՔՊ-ականների, թե՛, առավել ևս, նշյալ ակտիվիստների ու «ձայն կպցնողների» շրջանում, ինչի արդյունքում նրանք սկսել են լքել ՔՊ-ի «նավը»: Խոսքը հատկապես նրանց է վերաբերում, որոնք «լավ» են եղել թե՛ նախկինների հետ, թե՛ ներկաների հետ, ու վստահ լինելով, որ իշխող ուժն առանց մեծ ջանքերի հաղթելու է ՏԻՄ ընտրություններում, տեղավորվել էին Փաշինյանի «դրոշի ներքո»: Սակայն կիրակի օրվա ընտրություններից հետո առավել առարկայական են հասկացել, որ այդ «նավը» սուզվում է բոլոր ասպեկտներով, ուստի արագորեն փորձում են դիրքավորվել՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանության մեջ»: «Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այն տեղեկություններին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ՀՀ պետբյուջեի համար մուտքեր ապահովելու և Փաշինյանի դեմ հասունացող բունտը ավելի չսրելու նպատակով բավականին կասկածելի ներարկումներ են իրականացնում։ Այս թեմայի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը չի սահմանափակվել միայն պաշտոնական հանդիպումներով. եղել է նաև ոչ պաշտոնական, կամ, այսպես ասած, կուլիսային հանդիպումների մի ամբողջ շղթա։ Թերթի մոսկովյան աղբյուրի տեղեկություններով, Փաշինյանը Մոսկվայում մասնավորաբար հանդիպել է մոսկվայաբնակ հայ գործարար շրջանակների որոշ ներկայացուցիչների հետ և փորձել է նրանց ամեն կերպ համոզել, որ այս փուլում ակտիվանան, քանի որ շատ կարևոր անցումային շրջան է, և Հայաստանը լուրջ ներդրումների և հավելյալ ֆինանսական հոսքերի կարիք ունի։ Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանն առանձնապես մեծ հաջողության չի հասել, որովհետև նրա նկատմամբ վստահություն չկա, սակայն մի քանիսի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, և առաջիկայում վերջիններս իրենց «էմիսարներին» կգործուղեն Երևան՝ տեղում իրավիճակն ավելի պարզ հասկանալու նպատակով»: «Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչների՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Տիգրան Չոբանյանին, Իսրայել Հակոբկոխյանին, Վահագն Չախալյանին, հրավիրել են Քննչական կոմիտե։ Նրանք անցնում են հունվարի 28-ին միտինգ անելու պատճառով հարուցված քրեական գործով, որը նախապես հարուցվել էր պետական շենք-շինությունները զավթելու հոդվածով։ Հիշեցնենք, որ խոսքը նոյեմբերի 9-ի փաստաթղթի դեմ բողոքի ակցիաների մասին է: Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում ասաց, թե տեղեկություն ունեն, որ քննչական մարմինը մտադիր է փոխել քրեական հոդվածն ու նոր մեղադրանք առաջադրել իրենց` «իշխանությունը զավթելու» հոդվածով։ Որպեսզի պատկերացնեք այս մեղադրանքի աբսուրդը, մի փաստ միայն. գործով, որպես ապացույց, ներկայացվել է մի ոստիկանի ցուցմունք, որը նշել է, որ միտինգում կոչ անողներից մեկի ձայնը նմանեցրել է Արագած Ախոյանի ձայնին»: «Իրավունք» թերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձեւավորելու ուղղությամբ ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանում որեւէ գործընթաց դեռեւս չկա: Սակայն, ինչպես նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, նույնիսկ չձեւավորված պայմաններում այն մոտեցումները, որոնք ներկայացված են եղել, եւ որոնք դրված են լինելու այդ հանձնաժողովի հիմքում, որեւէ ձեւով ընդունելի չեն` սկսած հանձնաժողովի անդամների համամասնությունից: «Եթե հանձնաժողովը ձեւավորվի անվտանգության հարցերի հանձնաժողովի հիմքով, ապա իշխանությունն ունենալու է 7 ներկայացուցիչ, իսկ ընդդիմությունը` 4: Բնականաբար, այդ համամասնությամբ չի կարելի համարել, որ հնարավոր է արդյունավետ աշխատել: Այս ձեւով այդ հանձնաժողովը որեւէ օբյեկտիվություն ապահովել չի կարող: Էլ չեմ խոսում այն մասին, որ փորձագետի անվան տակ փորձում են ներգրավել անձանց, որոնք ոչ թե փորձագետ են, եթե նույնիսկ ունեն ռազմական բնույթի գիտելիքներ, այլ իրականում քաղաքական դեմքեր են, ովքեր ընտրություններից առաջ այս կամ այն ձեւով շփման մեջ են եղել իշխանության հետ»: «Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկություններով` այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունում լուրջ կրճատումներ են սպասվում: Ավելին` արդեն իսկ որոշ գնդապետներ սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ` առաջիկայում նախարարությունում կվերացվի, որպես այդպիսին` քաղծառայությունը: Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ «Իրավունքը» գրել էր, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը միանալու է Պաշտպանության նախարարությանը, եւ հենց սա էլ առիթ կդառնա, որ «քաղծառայություն» հասկացողությունը դուրս գա, եւ ՊՆ-ում մնան բացառապես զինվորական կոչում ունեցողները: Ընդ որում` այդ փոփոխության հետեւանքով` մի շարք բարձրաստիճան զինվորականների կոչումներ հնարավոր է իջեցվի: Օրինակ` սպան դառնա ենթասպա, գնդապետը` փոխգնդապետ»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը նախարարության կարեւորագույն կադրերին նշանակում է Գեղարքունիքի մարզպետարանից եկածներին: Նախկին մարզպետը մարզպետարանի գրեթե ողջ կազմին` ընկեր, ծանոթ, հարազատներ, պաշտոնների է նշանակում ՏԿ նախարարությունում: Նա իրեն տեղակալ է նշանակել Նարեկ Մանուկյանին, որը Սանոսյանի հետ աշխատել է մարզպետարանում ու իր մտերիմ ընկերներից է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ մարզպետարանից պատրաստվում են նախարարության համար աշխատակազմի ղեկավար-քարտուղար բերել: Նախարարությունում սպասումների մեջ են, քանի որ Սանոսյանի բերած գրեթե բոլոր կադրերը անփորձ են ու անտեղյակ ոլորտից, իսկ նշված պաշտոնը շատ կարեւոր է բոլոր գերատեսչությունների համար: Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ Սանոսյանն իր մտերիմ շրջապատում ասել է, որ նախարարությունում կադրային փոփոխությունները առաջիկայում շարունակելու է, քանի որ չի վստահում գործողներին: Մի խոսքով, Սանոսյանը առաջիկայում պատրաստվում է իր ղեկավարած գերատեսչությունը «մաքրել» թիմակից նախկիններից ու բերել իր համար հավատարիմներին»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքից։ Ինչպես հայտնի է, 2021թ. հունիսի 2-ին Երեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանություն էր տեղի ունեցել: Սպանվել էր Քյավառցի Ռաֆո մականունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովաննես Վարդանյանը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Մարդոյանը դեպքից հետո իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է տվել՝ հայտնելով, որ ենթադրում է՝ դեպքը կապված է 6 տարի առաջ իր դեմ իրականացված մահափորձի հետ: Դատարանը հետախուզում է հայտարարել մի անձի նկատմամբ, որը 6 տարի առաջ դատարանի կողմից արդարացված է եղել Մարդոյանի դեմ մահափորձի գործով եւ հիմա գտնվում է արտերկրում: Սակայն Ռաֆայել Մարդոյանը իրավապահներին անգամ անուն չի տվել, իրավապահներին չի օգնել ենթադրյալ հանցագործին գտնելու հարցում»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին, շատ առումներով մնում է մշուշապատ: Խոսքը մասնավորաբար ծախսված գումարների մասին է: Ժամանակին «Փաստ» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարություն՝ խնդրելով պատասխանել, թե պետբյուջեից որքան գումար է տրամադրվել նշյալ միջոցառման համար: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել էին, որ պետական բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել։ Միևնույն ժամանակ հավելել էին, որ «ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը «Դոմինո փրոդաքշնը» ներգրավել է մասնավոր հովանավորներից»: Մենք սեպտեմբերի 24-ին գրավոր հարցում ենք ուղարկել նաև Հանրապետության հրապարակում կայացած միջոցառման կազմակերպիչ «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ՝ խնդրելով պատասխանել, թե որքան գումար է ծախսվել, որտեղից են ֆինանսական աղբյուրները, ինչպես նաև տրամադրել ծախսերի ամբողջական բացվածքը: Օրենքով սահմանված ժամկետներում «Դոմինո փրոդաքշնից» այդպես էլ որևէ պատասխան չենք ստացել: Հետաքրքիր է՝ ի՞նչ է թաքցնում այս կազմակերպությունը, որ խուսափում է պատասխանել նշյալ հարցերին: Չէ՞ որ հենց թափանցիկության բացակայությունն է հանգեցնում կասկածների: Կարո՞ղ ենք մտածել, որ այնպիսի աղբյուրներից է եղել ֆինանսավորումը, որ հրապարակելը ձեռնտու չէ «Դոմինո փրոդաքշնին», գուցե թե՝ նաև կառավարությանը»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ցավոք սրտի, սովորական են դառնում լուրերն այն մասին, որ օրական մի քանի տասնյակ մարդ է մահանում մեր երկրում Covid-19-ի պատճառով: Պետությունը «ձեռուոտ ընկած» փորձում է ամեն բան անել, որպեսզի մարդիկ պատվաստվեն, սակայն պատվաստումների տեմպերը չի կարելի բավարար համարել: Նման պայմաններում նշմարվում են նաեւ այն ռիսկերը, որոնց կարող է բախվել մեր երկիրը, եթե չկարողանա բավարարել պատվաստվածների անհրաժեշտ ու բավարար տոկոս: Խոսքը ոչ միայն ամենակարևորի` մարդկային կյանքեր փրկելու մասին է, այլ շատ հնարավոր է, որ շուտով Հայաստանի համար խստացվեն վիզային ռեժիմները մի շարք երկրների ու միությունների համար: Կա վտանգ, որ Հայաստանը կվերածվի, այսպես կոչված, «Կովիդ գետտոյի», ինչը դուրս կմղի մեր երկիրը քաղաքակիրթ աշխարհից: Մեզ տեղեկություններ են հասնում առ այն, որ կառավարությունից հանձնարարական է իջել հարկային մարմիններին` մշակել օրենսդրական նախաձեռնություն, որոնք իրենցից կենթադրեն հարկային արտոնությունների սահմանում այն ընկերությունների համար, ովքեր կունենան աշխատակիցների պատվաստման բարձր տոկոսներ. բացի հարկային արտոնություններից, ենթադրվելու է այլ տիպի աջակցություններ ևս, օրինակ` պետական բյուջեից ֆինանսավորվող լրատվամիջոցներով գովազդ եւ այլն: Ինչ վերաբերում է այն հարցին՝ պատվաստվել, թե ոչ, արդեն ակնհայտ է, որ մահերը կանխելը, երկիրը բնականոն ընթացքի բերելը կախված է լինելու միայն ու միայն նրանից՝ կպատվաստվեն մեր հայրենակիցները հնարավորինս արագ, թե ոչ»: