Աղմուկ՝ «չասուլիսի» շուրջ. ո՞վ է կազմել Փաշինյանի ասուլիսին հրավիրված ԶԼՄ-ների ցանկը
Ինչպես հայտնի է՝ վաղը Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրել, հատուկ շեշտելով, որ դրան մասնակցելու են նաև լրագրողներ:
Եթե նման հայտարարություն արվեր այլ երկրում, ապա այն զարմանք կառաջացներ, բայց ոչ Հայաստանում, որտեղ երկրի ղեկավարը, որը Գյումրիից քայլելով եկավ իշխանության, սին խոստումներ տալով, թե բաց է լինելու հանրության համար, վերջին շրջանում միայն իր յուրային Հանրային հեռուստաընկերությանն է, այսպես ասած, առցանց ասուլիս ու հարցազրույց տալիս՝ նախապես գրված հարցերով ու անգիր արած պատասխաններով: Հետո էլ ամբողջ իշխանական բուրգը սկսում է այդ անհեթեթ հայտարարությունների համար արդարանալ... բայց դա այլ պատմություն է:
Պարզվեց, սակայն, որ մամուլի ասուլիս ասվածն այս անգամ էլ ոչ բոլոր լրատվամիջոցների համար է և դրան էլ մասնակցելու են ընտրովի: Խոսքն այն մասին չէ, թե միայն իշխանությանը սպասարկող լրատվամիջոցներն են հրավիրված, հրավիրվել են նաև ընդդիմադիր ԶԼՄ-ներ, որոնց լրագրողները վաղը ներկա կգտնվեն ասուլիսին: Կամ կբոյկոտեն, ինչպես նախկինում արդեն եղել է՝ դա պարզ կդառնա վաղը: Սակայն շատ լրատվամիջոցներ չեն հրավիրվել ու միտումնավոր՝ առավոտից Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը համառորեն չի պատասխանում այն լրատվամիջոցների ներկայացուցիչների զանգերին, որոնք ընդամենը ցանկանում են տեղեկանալ, թե ի՞նչ սկզբունքով է կատարվել ընտրությունը: Ի վերջո, բոլորս ենք հասկանում որ Փաշինյանի ասուլիսին մասնակցելը ու անգամ ամենասուր հարց տալը, ցավոք, չի նշանակում, թե կհաջողվի խուսափել նրա մանիպուլյացիաների զոհը դառնալուց: Եվ, առավել ևս, պետք է բացառել, որ Փաշինյանը, այդ մեծն պոպուլիստն ու մանիպուլյատորը, ուղիղ պատասխաններ կտա ցավոտ ու սուր հարցերին, այլ ոչ թե կխուսանավի, կմանիպուլացնի, կմեղադրի, կբարդի պատասխանատվությունը մեկի, էն մյուսի ու մնացածի վրա, այդպիսով սրբագրելով իրեն ու իր իշխանությանը (իր ընտրազանգվածի աչքերում):
Բայց ինչո՞վ է պայմանավորված նման ընտրովի սկզբունքը: VERELQ-ի Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ մասնակից լրագրողների ցանկը կազմել է անձամբ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը և հենց նա է հրահանգել վարչությանն այսօր զանգերին չպատասխանել, որպեսզի ԶԼՄ-ներին նյութ գրելու թեմա չտա: Աննա Հակոբյանը քաջ գիտակցում է, որ չհրավիրված լրատվամիջոցներին դա դժվար հետ պահի գրելուց, բայց նա նաև հասկանում է, որ հետո նույն այդ լրատվամիջոցները միևնույնն է աշխատելու են Կառավարության հետ, որքան էլ այսօր նման տհաճ իրավիճակ է ձևավորվել:
Մեզ ասացին նաև, որ Աննա Հակոբյանը ցանկը կազմելիս առաջնորդվել է ոչ միայն նրանով, թե որոնք են Նիկոլ Փաշինյանին թիրախավորած ԶԼՄ-ները, այլ նաև իր անձի նկատմամբ այդ ԶԼՄ-ների դիրքորոշմամբ...