23.12.2024
Մամուլ. Իշխանությունը համակերպվել է Հայկ Մարությանի հետ
05.10.2021
Մամուլ. Իշխանությունը համակերպվել է Հայկ Մարությանի հետ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները ներքին քննարկումներում հասկացել են, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումն այս պահին կարող է իրենց դեմ շուռ գալ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ, կարծես թե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզվել է, որ իր իշխանությանը չի հաջողվելու Երեւանի ավագանու ընտրություններում բացարձակ մեծամասնություն ապահովել: Իշխանությունները Երեւանի տարբեր վարչական շրջաններում փորձել են տրամադրվածությունը պարզել իշխանության հանդեպ, ու պարզվել է, որ հնարավոր է՝ անգամ պարտվեն: Հիմա դադարեցրել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին «գահընկեց» անելու պրոցեսը ու փորձում են գոնե հայաստանյան այլ քաղաքներում իրավիճակն իրենց հսկողության տակ առնել: Կենտրոնացել են մարզերի, փոքր քաղաքների վրա, այնտեղ են փորձելու հեղափոխություն իրականացնել: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ իշխանությունը համոզվել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանից «ազատվելն» էլ օր օրի անհնարին է դառնում, ու, կարծես թե, համակերպվում են իրավիճակի հետ: Այս պահին իշխանությունը կարծում է, որ պետք է պատրաստվել Երեւանի ավագանու հերթական ընտրություններին, որը պետք է կայանա 2023 թվականի սեպտեմբերին: Մարությանն էլ իր շրջապատում հայտարարել է, որ ինքը ընտրված քաղաքապետ է ու չի պատրաստվում հեռանալ»: «Հրապարակ» թերթը գրում է. «Զենքի վաճառքի աղմկոտ գործի շրջանակներում արդեն 4 անձ կալանավորված է. պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը եւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Մեր տեղեկություններով, այս գործի պատճառով լուրջ ընդհարում են ունեցել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Կարապետյանը դեմ է եղել նման համաշխարհային աղմուկ բարձրացնելուն եւ ՊՆ ներկա ու նախկին բարձրաստիճաններին կալանավորելուն: Գործի շրջանակներում շոշափվում են նաեւ ԱԱԾ մաքսանենգության, հետախուզության աշխատակիցների անուններ: Հարցը դրված է եղել` կա՛մ-կա՛մ: Կա՛մ ԱԱԾ-ականները պետք է պատժվեին նման բացթողումների համար, որին հնարավոր է նաեւ մասնակից են եղել, կա՛մ՝ ՊՆ պաշտոնյաները, Աբազյանն ավելի ուժեղ է գտնվել»: «Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը երեկ հրավիրած ասուլիսում քողարկված ուղերձ հղեց առ այն, որ խորհրդարանական հայտնի ծեծկռտուքը, որը նախորդ նստաշրջանում տեղի ունեցավ իր ղեկավարած դաշինքի եւ ՔՊ-ական «ուսապարկերի» միջեւ, իր սրտով չէ: «Խորհրդարանը ռինգի դաշտ չէ, պետք է հասկանալ, որ խորհրդարանը մի վայր է, որտեղ դու որոշակի կանոններով ես աշխատում»,- երեկ ասաց նա` ի պատասխան հարցին, թե իրեն գոհացնո՞ւմ է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական գործունեությունը: «Սրանք մարտեր չեն առանց կանոնների, սա վերջապես խորհրդարան է, եւ մեր կողմնակիցներին պետք է կարողանանք բացատրել, որ որոշակի շրջանակներ կան, որոնցից ֆրակցիան չի կարողանալու դուրս գալ»։ Ավելին` մենք տեղեկացանք, որ հայտնի ծեծկռտուքից հետո Քոչարյանը թիմակիցների հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ մեղմ հանդիմանել է նրանց` ասելով, որ բռունցքների չի կարելի անցնել՝ կա՛մ չպիտի մտնեինք խորհրդարան եւ փողոցում այդ ոճով շարունակեինք պայքարը, իսկ եթե խորհրդարանում ենք, պետք է պահել ժանրի կանոնները։ Հիշեցնենք, որ մինչ խորհրդարան անցնելը քոչարյանականներն ասում էին, որ խորհրդարան են գնում իշխանությունների կյանքը դժոխք դարձնելու, նրանց օրուարեւ չտալու վճռականությամբ։ Բայց 30 հոգին 70-ին` գոնե ֆիզիկապես, չի կարող հաղթել, ուստի շեշտը պետք է դնեն մտքի, խոսքի, գիտելիքների եւ օրենսդրական հմտությունների վրա»: «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատվիրակությունը` Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, պաշտոնական առաջին այցն է կատարել Ռուսաստան: Հանդիպումներ են ունեցել Սերգեյ Լավրովի հետ, հանդիպելու են Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Հյուրընկալվելու են նաեւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին` Գարեգին Բ-ի եղբորը: Մենք գրել էինք, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ` միայն իշխանական պատգամավորներն են ընդգրկվել պատվիրակության կազմում: ԱԺ նախագահի խոսնակն ասել էր, թե սա մասնավոր հրավեր է ԱԺ նախագահին, եւ նա է որոշել, թե ում հետ մեկնի․ ընդդիմությունից որոշել է մարդ չտանել: Սակայն երեկ հանդիպման լուսանկարներում տեսանք նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին։ Պարզվեց՝ պատվիրակության կազմում է նաեւ Իշխան Զաքարյանը։ Թե ինչպես են ընդդիմադիր պատգամավորները հայտնվել Մոսկվայում, եւ ինչու նրանց անունները չէին ընդգրկվել պատվիրակության կազմի հրամանում, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց․ «Խնդիրն այն է, որ այս եւ այլ այցերի վերաբերյալ առաջարկվել է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին՝ ներկայացնել պատվիրակության կազմում ընդգրկվելու անդամների թեկնածություն: Դաշինքների կողմից մշտապես ներկայացվել են այն պատգամավորները, որոնց ելքը երկրից իրավապահ մարմինների կողմից սահմանափակված է, եւ հրաժարվել են նրանց փոխարինել այլ պատգամավորներով: Հրավեր եղել է «Հայաստան» դաշինքի անդամներին, նրանք, սակայն, հրաժարվել են միանալ ԱԺ պատվիրակությանը։ Հրավերն ընդունել է «Պատիվ ունեմ» դաշինքը, եւ նրանք ներկայացված են պատվիրակության կազմում»։ «Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երեկ Աբովյանում անցկացրել է Աբովյանի տարածաշրջանի ՔՊ-ականների, համակիրների, ակտիվիստների ու, այսպես կոչված, «ձայն բերողների» բավականին ընդլայնված հավաք: Ի թիվս այլ հարցերի, իշխանական ուժի ներկայացուցիչներն ու մարզի «մերձիշխանականները» քննարկել են առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին ՔՊԿ-ի մասնակցության հարցը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Աբովյանում ՔՊԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է, այսինքն՝ քաղաքապետի թեկնածու է լինելու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը, որը համարվում է Ռոմանոս Պետրոսյանի «մարդը»: Փաստացի ՇՄ նախարարն իր հավատարիմ կադրերից մեկին «գործուղում» է Աբովյան՝ մարզում իր ամբողջական ազդեցությունը վերջնականապես ամրապնդելու նպատակով: Սա, ըստ էության, նշանակում է, որ Աբովյանում լուրջ «ճակատամարտ» է սպասվում»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կարծես թե իշխանությունները որոշել են բացահայտել իրենց կողմից շատ սիրված նախկինների կոռումպացված լինելու փաստերը ու դրանց տալ հանրային խիստ արձագանք: Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ իշխանական ներկայացուցիչների սեղանին դրված են աղմկահարույց գործեր, որոնցից մեկը վերաբերում է Գյումրու գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, ապա ԲՀԿ ական Սամվել Բալասանյանին: Թե ինչ ենթադրյալ չարաշահումների կամ հնարավոր կոռուպցիոն գործարքների մասին է խոսքը, իրավապահ մարմինների մեր աղբյուրները չմանրամասնեցին: Բավականին ուշագրավ են Բալասանյանների վերաբերյալ հնարավոր քրեական գործերի շուրջ Գյուրիից եկող տեղեկությունները. Շատերը կարծում են, որ թիրախում հնարավոր է լինի Բալասանյանի ավագ որդին` Միսակը, որն իր շրջապատի մի քանի դեմքերի հետ տարիներ շարունակ բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, ընդհուպ մինչեւ ապօրինի եղանակով մարդկանց անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքել եւ քաղաքական նպատակներով օգտագործել, մի մասն էլ կարծում են, որ «ԳԱԼԱ» ՀԸ կողմից արված բացահայտումն է թեման, ինչը վերաբերում է մի քանի հարյուր հազար դոլարի արեւային պանելներ գնելու գործին: Ըստ լրջագույնս փաստարկված լրագրողական այդ հետաքննության՝ Բալասանյանի ավագ որդու շրջապատի անձանց կողմից գրանցված «ֆեյք» ընկերությունների միջոցով առանձնապես խոշոր գումարների գործարքների պայմանագրեր են կնքել քաղաքապետարանի հետ: Պարզաբանումներ ստանալու համար մենք փորձեցինք կապվել Սամվել Բալասանյանի ու նրա որդու հետ, սակայն մեզ դա չհաջողվեց, իսկ ավելի ուշ քաղաքապետարանից փոխանցեցին, որ Սամվել Բալասանյանը տեւական ժամանակ է՝ հանրապետությունում չէ, իսկ թե ուր է, կամ ինչով է պայմանավորված նրա բացակայությունը, արդյոք վախենում է իրավապահների հնարավոր այցերից, պարզել չհաջողվեց: Ի դեպ, Գյումրիում համառորեն լուրեր են շրջանառվում առ այն, որ Բալասանյանները վաղուց են պլանավորել իրենց «փախուստը» ու փողերը հանել են Չինաստան, ԱՄՆ ու ՌԴ, իսկ թե որքանով են այս լուրերը ճշմարտացի, պետք է պատասխանեն իրավապահ մարմինները»: «Հրապարակ» թերթը գրում է. «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Այդ ազատման «քավորը» պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն է․ համալսարանը ենթարկվում է ՊՆ-ին։ Մեզ պատմեցին, որ նախարարի վերջին այցն ակադեմիա խաղաղ չի անցել` կոնֆլիկտ է առաջացել նրա եւ աշխատակազմի միջեւ, քանի որ նախարարն ինչ-ինչ անհնարին պահանջներ է ներկայացրել ինստիտուտի աշխատակազմին: Նրան հիշեցրել են, որ ինքը համակարգի երկարամյա ծառայող է եւ համալսարանի խնդիրների մասին պետք է որ լավ իմանար։ Նախարարին դուր չի եկել, որ իրեն ընդդիմացել են, այցը կիսատ է թողել` հեռացել, իսկ շաբաթներ անց որոշել է, որ պետք է վրեժ լուծի ինստիտուտի տնօրենից»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը լրագրողական հետաքննություն է իրականացրել եւ պարզել, թե մինչ իրավապահներին դիմելը Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված, նրա ընտանիքի հետ մտերիմ Արշավիր Սարգսյանը ինչ պատմություն է «սարքել» Հովսեփյանների գլխին, որին խառնված է եղել անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Արդյունքում, պարզեցինք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված Արշավիր Սարգսյանը խաբել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին: Բագրատյանին պատկանող «ԲԻԷՍԲԻ» ընկերության, ինչպես նաեւ Աղվան Հովսեփանի որդու՝ Միսակ Հովսեփյանի միջեւ գումարային պարտք ու պահանջի հարց է առաջացել: Բանն այն է, որ 2017 թվականի մայիսի 17-ին Արշավիր Սարգսյանին եւ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող «Սուրբ աղբյուր» ՍՊԸ-ն դիմում է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Աժ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին պատկանող «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ին իրեն վճարի 20 միլիոն դրամ մատակարարված ապրանքների գումարը: Ի դեպ, գումարի վճարման պահանջով անձամբ դատարան է դիմում Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը, քանի որ պարզել է, որ պատգամավոր Բագրատյանի ընկերությունը իր պայմանագրային պարտավորությունները չի կատարել՝ պարտքեր կուտակելով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ավելի ուշ Աղվան Հովսեփյանի որդին բացահայտել է իրականությունը: Բանն այն է, որ Սերգեյ Բագրատյանի ընկերությունը Հովսեփյանների ընտանիքին ցույց է տվել հավաստի փաստաթուղթ՝ վճարման կտրոնը, որ ինքը գումարը վճարել է, եւ նույնը պնդել է նաեւ դատարանում։ Ստացվում է, որ գումարը վճարվել է, բայց այն չի հասել Աղվան Հովսեփյանի որդուն, ավելին՝ նրանից գաղտնի է պահվել: Հովսեփյանների ընտանիքը, հասկանալով, որ հայտնվել է անհարմար դրության մեջ, ստիպված է լինում չներկայանալ դատարան, ու գործը մնում է առանց քննության: Ի՞նչ է ստացվում. Սերգեյ Բագրատյանն իր պարտավորությունը կատարել է, պարտքերը մարել է, սական նախկին դատախազի որդուն գումար չի հասել: Եթե իրավաբանորեն ձեւակերպենք, ստացվում է՝ Հովսեփյանների գործընկեր Արշավիր Սարգսյանը հափշտակություն է արել, ինչը իրավապահները քննության առարկա պետք է դարձնեն: Հավելենք, որ երեկ, դատարանի որոշմամբ, Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանքը չի փոխվել, նա կմնա կալանքի տակ»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Հովհաննես Հովհաննիսյանին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո բավականին լարված ու թեժ մթնոլորտ է տիրում մայր բուհում։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մեծամասնությունը լուրջ դժգոհություններ ունի և կարծում է, որ պարզապես անթույլատրելի է այս աստիճան բացահայտ քաղաքական գործընթացներ իրականացնել։  «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ԵՊՀ-ում ոչ միայն ՔՊ-ացման, այլև «սորոսականացման» գործընթաց է սկսվել։ Համալսարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունների կողմից մայր ԲՈՒՀ-ի «գրավման» գործընթացը, որն սկսվել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո, այժմ եզրափակիչ փուլին է հասել։ Մենք տեղեկություններ ունենք, որ, ըստ էության, ներկայումս նախատեսվում է ԵՊՀ-ում իշխանական «բլոկ» ձևավորել՝ այնտեղ ներառելով որոշ ՔՊ-ականների ու արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի «քաղհասարակության» ներկայացուցիչների, որոնք փաստացի դառնալու են իշխող վարչախմբի հլու կամակատարը ԵՊՀ-ում և իրականացնելու են իշխանության կամքը։ Սրան զուգահեռ՝ իշխանությունը նպատակ ունի ազատվել նաև համալսարանի՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից ու աշխատակիցներից»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին «Փաստ» թերթը մի քանի ահազանգ է ստացել Լոռու մարզի բնակիչներից՝ կապված կորոն ա վ ի րու ս ա յին հի վան դու թ յ ա ն (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության հետ: Մասնավորաբար, քաղաքացիները մեզ հետ զրույցում նշում էին, որ մինչև հոկտեմբերի 1-ը «Լոռիմեդ» բժշկական կենտրոնում հանձնել են ՊՇՌ տեստ, ստացել են համապատասխան վկայագիրը, սակայն Արմեդ համակարգը QR կոդը չի ճանաչել: Մարդիկ զանգահարել են առողջապահության նախարարության թեժ գիծ, և այնտեղից ասել են, որ «Լոռիմեդ» բժշկական կենտրոնը COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության լիցենզիա չունի: Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ Վանաձորի մի շարք կազմակերպությունների աշխատակիցներ կազմակերպված ձևով հենց այստեղ են հանձնում ՊՇՌ տեստ: Մեզ դիմած քաղաքացիները նաև ասում էին, որ ՊՇՌ հետազոտության համար այս ԲԿ-ին դիմողները շատ են նաև այն պատճառով, որ տեստի արժեքը մյուս կլինիկաների համեմատ էժան է՝ 6000 դրամ: Մենք զանգահարեցինք «Լոռիմեդ» բժշկական կենտրոն, որի տնօրեն Կարեն Ադամյանը «Փաստի» հետ զրույցում ասաց՝ համակարգը QR կոդն իսկապես չի ճանաչել: «Բայց մի հետաքրքիր բան կա. ես այս պահին մուտքագրում եմ կոդը և այն, կարծես թե, ճանաչում է, կարդում: Իսկ առողջապահության նախարարության հետ մենք որոշակի բան ունենք պարզելու, միասին անպայման կպարզենք»,-նշեց Ադամյանը: Մեր ճշտող հարցին՝ փաստորեն լիցենզիայի հետ կապված խնդիրներ իրոք կա՞ն, ԲԿ-ի տնօրենը հավելեց՝ «երկուշաբթիերեքշաբթի օրը դա կպարզվի»: Համաձայնեք՝ իրավիճակն իսկապես տարօրինակ է: Իսկ կա՞ երաշխիք, որ այլ մարզերում այլ ԲԿ-ներ ևս պարզապես «թուղթ» չեն տալիս մարդկանց»: