24.11.2024
Բաքուն և Անկարան բաց չեն թողնի ՀՀ ներխուժելու հնարավորությունը․ Քրիստինե Վարդանյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանը դրական է գնահատել սանկտպետերբուրգյան իր այցը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ-ում տարեվերջյան ամփոփիչ հանդիպում է ունեցել վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մոտ երկու ժամ է տեւել ու բարիդրացիական մթնոլորտում է անցել: Իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ խոսել են կուսակցական հարցերից, ամփոփել են տարին ու քննարկել են նաեւ եկող տարվա իրենց անելիքները: Հանդիպման օրակարգի առաջնային հարցերից եղել է նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ երկար դադարից հետո ՌԴ վերջին այցը, որտեղ նա մի շարք քննարկումների է մասնակցել: Փաշինյանը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել սանկտպետերբուրգյան իր այցը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավտոկայանատեղիների «Ա» և «Բ» գոտում 1 օր կայանման և կայանման համար սահմանված գումարը չվճարելու համար քաղաքացիները հունվարի 1-ից պարտավոր կլինեն վճարել 5000 դրամ։
Եթե, օրինակ, մեքենան մի քանի օր կանգնեցնեք կարմիր գծերով ավտոկայանատեղիում և չվճարեք համապատասխան գումարը, ապա ամեն օրվա համար անհրաժեշտ կլինի վճարել 5000 դրամ։ Հունվարի 1-ից Երևանում կարմիր գծերի կայանատեղիների համար նախատեսված են նոր դրույքաչափեր. «Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 300 դրամ, մեկ օրվա համար` 2 000 դրամ, մեկ շաբաթվա համար` 5 000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18 000 դրամ, իսկ մեկ տարվա համար` 160 000 դրամ: «Բ» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 200 դրամ, մեկ օրվա համար՝ 1000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար` 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24 000 դրամ:


Նախկինում ավտոկայանատեղիներ վճարը, 160 հազար կամ 24 հազար դրամի փոխարեն, ամբողջ Երևանի համար 12 հազար դրամ էր տարեկան։ Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ «Ա» գոտին համարվում է Փոքր կենտրոնը, իսկ Փոքր կենտրոնից դուրս հարակից կամ հարող շրջանները, որտեղ կան կարմիր գծեր, համարվում է «Բ» գոտի, սական, օրինակ, Փոքր կենտրոն համարվող Տիգրան Մեծ պողոտայի վերջնահատվածը կարող է նաև համարվել «Բ» գոտի»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը դասախոսական և դոցենտական կարիերայից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովի կողմից «պատահաբար» ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր: Իսկ ի՞նչ ունեցվածք ունի դասախոս-դատավորը: Արթուր Վաղարշյանը հայտարարագրել է 8 անշարժ գույք՝ 6 հողամաս, 1 անհատական բնակելի տուն Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում եւ 1 բնակարան բազմաբնակարան շենքում՝ քաղաք Երևանում։ Տվյալ տարվա ընթացքում՝ 2022 թվականին, օտարել է մեկ անշարժ գույք՝ հողամաս. 26 հազար դրամով վաճառել է Հակոբ Ազարյանին։ Վաղարշյանի՝ տվյալ տարվա վերջում առկա տրանսպորտային միջոցները 2-ն են՝ 2007 թվականի LEXUS և 1993 թվականի արտադրության OPEL մակնիշների՝ համապատասխանաբար գնված 2013 և 2002 թվականներին։ Ինչ վերաբերում է դատավորի ֆինանսական վիճակին, ապա նրա բանկային ավանդները կազմել են 2 մլն դրամ և 13 հազար դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն դրամ և 700 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ։


Նշենք՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 426 հազար դրամ, որից 15 մլն 416 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Սահմանադրական դատարանից, 4 մլն 290 հազար դրամ էլ աշխատանքի վարձատրություն է ստացել Երևանի պետական համալսարանից։ Վաղարշյանը գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցում, հեղինակային վարձատրություն է ստացել 1 մլն 047 հազար դրամ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 891 հազար դրամ։ Արթուր Վաղարշյանի անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում 5-ն են՝ ԵՊՀ պրոֆեսոր, Իրավագիտության ֆակուլտետի խորհրդի անդամ, Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, ՀՀ իրավաբանների միության անդամ, Երկրապահ կամավորների միության անդամ։


Հիշեցնենք, որ 2022 թվականին Արթուր Վաղարշյանի որդին ձերբակալվել էր Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել: Այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում, որը դոփում է տեղում և որևէ լուծում չի ստանում: Գուցե քրեական գործի ձգձգումը կապված է այն բանի հետ, որ ՍԴ անդամի որդուն էլ են փորձում մաքրել տհաճ պատմությունից: Տեսնենք՝ ինչով կավարտվի պատմությունը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ քննությամբ պարզվել է՝ երեխաների մայրը նմանօրինակ տեսանյութերը պատրաստել, ուղարկել է իր ամուսնու հետ Նուբարաշենի բանտի նույն խցում կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի։ Իսկ ինչո՞ւ է նա նկարել ու կոնկրետ ուղարկել այդ տղամարդուն. նմանօրինակ տեսանյութերի դիմաց երեխայի մորը խոստացել են սոցիալական աջակցություն։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս դեպքով Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել, հատկապես՝ սեռական բռնություն իրականացրած հոր՝ Մանվել Մադաթյանի խցում:


Իսկ ի՞նչ է հայտնաբերվել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ եւս եղել է հեռախոս՝ գործի համար արժեքավոր նյութերով: Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է. նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին մայրը կալանավորվել է եւ գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով (անչափահասին առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը):


Մեղադրանք է առաջադրվել նաեւ 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը), 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից, եւ որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով)»: