VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս՝ 2022-ի տարեմուտին ու 2023-ը մեկնարկելուն պես տարբեր նախարարություններ է այցելում, ինչի ժամանակ ոլորտի պատասխանատուներն ամփոփում են կատարած աշխատանքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, Փաշինյանի այցին ընդառաջ, նախարարություններում անգամ օդն է կանգ առնում: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար պատկան մարմիները նախարարություններում ստուգումների համալիր գորոծողություններ են իրականացնում: Ամեն ինչ մանրակրկտորեն է իրականացվում, կառավարական շենքեր անգամ վարժեցված շներ են տանում՝ պայթուցիկ նյութեր որոնելու համար: Շներով, սակայն, չեն բավարարվում, ու գործի են դնում նաեւ մետաղաորսիչ հատուկ սարքեր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ Փաշինյանի՝ նախարարություններ այցերի օրերին կառավարական շենքերի հարակից շենք-շինությունների տանիքներին դիպուկահարներ էլ են նկատել:
Փաստորեն, Փաշինյանի՝ «իքս» նախարարություն այցը ոչ միայն տվյալ նախարարության, այլ այդ շենքում տեղակայված մի քանի նախարարությունների աշխատանքն է կաթվածահար անում, քանի որ ուժային կառույցները մի ամբողջ օրը լարված մթոնոլորտ են ստեղծում, ինչ-որ բաներ սկսում փնտրել, որսալ, խոչընդոտում գերատեսչությունների բնականոն աշխատանքը: Կառավարության թիվ մեկ շենքից, ենթադրենք, կառավարության երրորդ մասնաշենք հասնելու համար, որոնց հեռավորությունն ընդամենը մի քանի մետր է, Փաշինյանն ուժայիններին ոտքի է հանում, նախարարության աշխատակիցների համար լարվածության մթնոլորտ ստեղծում, ինչ է թե ցույց տա, որ ինքն անարգել ուր ասես, կարող է գնալ: Անգամ շատ աշխատակիցների սենյակներում անծանոթ ուժայիններ են գնում, նստում, մինչեւ վարչապետի կարճատեւ հանդիպումն ավարտվի: Հ.Գ. Երեկ զգուշավոր իրավիճակ էր տիրում նաեւ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ: Որոշում էր կայացվել լրագրողներին մեկ տեղում հավաքել եւ բոլորին միանգամից ուղեկցել ասուլիսի վայր, մինչ այդ էլ կառավարության անցակետում բոլոր լրագրողներից վերցրել էին անձը հաստատող փաստաթղթերը, որոնք վերադարձվեցին միայն ասուլիսի ավարտից եւ շենքից դուրս գալուց հետո: Սա արարք է, որն արգելված է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով. «Արգելվում է անձնագիրը վերցնելը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ՝ կեսօրից, ՀՀ պետական գրեթե ողջ համակարգը կանգ էր առել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարձրաստիճան պաշտոնյաները, համակարգիչների առջեւ նստած, հետեւում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին. աշխատանքը կասեցված էր: Հատկապես ուժային կառույցները թուղթ ու գրիչով են հետեւել ասուլիսին, որպեսզի անհրաժեշտության դեպքում վարչապետի մտքից իդեաներ որսան ու ընթացք տան ինչ-ինչ բարձրաձայնումների: Ինչպես հայտնի է, երկու տարուց ավելի Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս չէր հրավիրում: Ինչպես ինքը՝ վարչապետը խոստովանեց, 2020թ.-ի պատերազմից հետո քաղաքականապես լարված վիճակ էր, եւ լրատվամիջոցների մեջ էլ քաղաքականացվածության մակարդակը բարձր էր, դրա համար ինքը խուսափել է հանդիպել իր երբեմնի գործընկերներին: Այդ առումով երեկվա ասուլիսը սպասված էր: Փաշինյանը, ինչպես նկատվեց, երկար էր պատրաստվել հարցերին. աշխատում էր հունից դուրս չգալ, ձայնը չբարձրացնել: Հասցրեց, սակայն, մի քանի լուրջ բացթողումներ անել. երբ հարցը դուրը չէր գալիս, ասում էր՝ տեղյակ չեմ: Օրինակ՝ այն մասին, որ «Ժողովուրդ» օրաթերթը արդեն շուրջ 160 համարներում ստերի շարք է հրապարակել՝ Փաշինյանի կողմից հայտարարված, տեղյակ չէր, տեղյակ չէր նաեւ իր թիմակիցների՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին, տեղյակ չէր, որ իր թիկնազորի պետը հարվածել էր օպերատորին, գործն ինչ եղավ, եւ այսպես շարունակ… Ընդհանուր առմամբ, անկարող ղեկավարի տպավորություն թողեց նա երեկվա ասուլիսում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած իր ասուլիսի ժամանակ հայտարարեց. «2022թ.-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական վերջին սադրանքի եւ 2020թ.-ի 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող անձանց վայրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են»: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանություն խնդրեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանին, որը պարբերաբար բարձրաձայնում է այս հարցը: Թովմասյանը հայտնեց. «Ցավում եմ, որ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարեւոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է: Իրականում 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռեւս 2022 թվականի հունվար ամսից: Դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ: Այս հարցը բազմիցս քննարկել եմ նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իմ գործընկերների հետ, ինչպես նաեւ տասնյակ ահազանգեր եմ ուղարկել աշխարհի տարբեր կառույցների եւ կենտրոնների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով: Առ այսօր որեւէ դրական տեղաշարժ չկա: Լավ կլիներ, որ ասուլիսին պատրաստվելուց առաջ համապատասխան տեղեկությունները ճշտեր երկրի թիվ մեկ պաշտոնյան. անլուրջ է այս ամենը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2022թ.-ի փետրվարի 23-ի կառավարության նիստում հայտարարեց, որ Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտին կհասցվի 2022թ.-ի տարեվերջին։ Սանոսյանը երեք անգամ վստահեցրեց մինչեւ տարեվերջ շինարարության ավարտի մասին։ «Ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում. եթե այլ հանգամանքներ ի հայտ չգան մեզ հիմա ոչ հայտնի, ամեն ինչ նորմալ կընթանա, կավարտվի»,- հայտնեց Սանոսյանը։ ՏԿԵ նախարարությունից, ի պատասխան CivilNet-ի հարցման, հայտնել են, որ կառուցման աշխատանքները ավարտական փուլում են, ջրամբարը պատրաստ է 91,4%-ով։ Աշխատանքների իրականացման վերջնաժամկետը, սակայն, երկարաձգվել է, եւ նախատեսվում է ավարտել 2023թ.-ի ընթացքում՝ առանց հստակ ժամկետի։ Ժամկետների խախտումը ՏԿԵՆ-ը պատճառաբանում է շինարարության ընթացքում առաջացած խոչընդոտներով, կորոնավիրուսով, ռազմական դրությամբ եւ այլ հանգամանքներով։ ՏԿԵ նախարար Սանոսյանը Հանրային հեռուստատեսության «Լուրեր» հաղորդման հունվարի 3-ի ռեպորտաժում հայտնել է, որ ջրամբարը կգործարկվի 2023թ.-ի երկրորդ կիսամյակում։ Փաստացի սա Վեդու ջրամբարի՝ մոտ տասնամյակ տեւած կառուցման արդեն երրորդ վերջնաժամկետն է. նախ այն պետք է ավարտվեր 2021թ.-ի մարտին, ապա պայմանագրի ժամկետը երկարաձգելուց հետո՝ 2022թ.-ի դեկտեմբերին, հիմա էլ ասում են, թե կավարտեն 2023թ.-ի ընթացքում։ Ստացվում է՝ ինչպես իր ղեկավարի դեպքում է, Գնել Սանոսյանը եւս կարողանում է այնպիսի հայտարարություններ անել, որոնք իրականություն չեն դառնում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի քրեական վարույթով հարցաքննված, ուղեկցող շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի ցուցմունքը: Այն շատ ուշագրավ է. երբ քննիչը Սահակյանից հետաքրքրվել է, թե ինչ հիմնավորմամբ է նշել, որ արագության պահպանման համար իր պատասխանատվությունը տարածվում է շարասյան տրանսպորտային միջոցների եւ դրանցում գտնվող անձանց անվտանգության վրա, պատասխանել է. «Այդ հիմնավորումները մեր աշխատանքային ծառայողական գործառույթներն են եւ դրանք կարգավորող իրավական ակտերը: Այդպիսի ուղեկցումների բնույթն էլ հենց կայանում է նրանում, որ պետք է ապահովվի շարասյան տրանսպորտային միջոցների եւ դրանում գտնվող անձանց անվտանգությունը»։ Այսինքն՝ ավտոշարասյան արագությունը որոշվում է՝ վարչապետի անվտանգությունից ելնելով: Իսկ թե ինչ վտանգ կար Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում, որ պետք էր գերարագ շրջանցել՝ այդ թվում հղի կնոջը սպանելով, քննությունն այդպես էլ չի պարզել: Ողջ ցուցմունքից տպավորություն է, որ կարեւորը վարչապետին արագ տեղ հասցնելն է եղել, իսկ թե ով կհայտնվեր մեքենայի տակ, էական չէր: Հիմա կարեւորի մասին. ի՞նչ իրավական ակտի մասին է խոսքը: Հետաքրքիր է՝ գործը քննող ՀԿԳ քննիչ Ա. Ադամյանը ինչու հարց չի ուղղում, թե կոնկրետ որ իրավական ակտն է թույլ տալիս մարդկանց ոտնատակ անելով արագ սլանալ: Հավելենք, որ նման իրավական ակտ գոյություն չունի, եւ այդ մասին տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է նաեւ Սոնա Մնացականյանի գործով պաշտպան Րաֆֆի Ասլանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ՝ ընդհանուր ներդրումները զգալի պակասել են՝ 2021 թվականի 9 ամիսներին իրականացված 156 մլրդ 396 մլն դրամից դառնալով 75 մլրդ 533 մլն դրամ: Նախորդ տարվա 9 ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Միացյալ Թագավորության արտահանած կապիտալը կազմել է 2 մլրդ 405 մլն դրամ։ Օրինակ՝ Չինաստանը 54.1 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից, փոխարենը Վրաստանն է ավելացրել ուղղակի ներդրումների ծավալները: Գերմանիան զգալի նվազեցրել է ուղղակի ծավալները. եթե 2020 թվականի 9 ամիսներին դրանք կազմել էին 43 մլրդ 25 մլն դրամ, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումները 6 մլրդ 602 մլն դրամ են եղել: Նիդերլանդները 20 մլրդ 246 մլն դրամի չափով իր կապիտալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին հանել է Հայաստանից: Տեղեկացնենք, որ ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել էին. Ռուսաստանի Դաշնությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին 7 մլրդ 727 մլն դրամի չափով կապիտալը դուրս էր հանել Հայաստանից, իսկ նախորդ տարվա 9 ամիսներին կատարել է 59 մլրդ 864 մլն դրամի չափով ներդրում։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով ընդգծել է, որ մեր երկրում ներդրումների համար ստեղծվել են դրական պայմաններ, որովհետեւ Հայաստանում հաստատված է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, եւ շուտով ներդրումների բում է լինելու: Ինչպես տեսնում եք, հակառակ պատկերն է. ներդրողները փախչում են Հայաստանից: