Հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի վճիռը՝ նրան մեղավոր ճանաչելով պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Դատարանը նրան ազատազրկեց 4 տարի 4 ամիս ժամկետով: Մինչ գրավով խափանման միջոցի փոփոխությունը, Ասլանյանն արդեն 2 տարի 7 ամիս անազատության մեջ է գտնվել: Մամիկոն Ասլանյանը հայտնեց՝ բողոքարկելու են որոշումը: Վանաձորի նախկին քաղաքապետը կալանքից 10 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել անցած հուլիսին: Ասլանյանն անազատության մեջ հայտնվեց 2021-ի դեկտեմբերին տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին, նրանք ավելի վաղ ստորագրությամբ ազատ էին արձակվել։ Ասլանյանն իր դեմ հարուցված քրեական գործը բազմիցս որակել է քաղաքական։